Ստեփան Սաֆարյանը պետք է հերքի իր կարծի՞քը
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ««Ռադիո Հայ»-ն ընդդեմ Ստեփան Սաֆարյանի» գործով դատաքննությունը: Դատարանն իր վճիռը կհրապարակի փետրվարի 15-ին:
Հիշեցնենք, որ «Ռադիո Հայ»-ը դատարանից հայցում է ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանին պարտադրել հերքել այն տեղեկատվությունը, որ «Ռադիո Հայ» ռադիոկայանը, պատրաստելով և հուլիսի 30-ին և 31-ին եթեր հեռարձակելով «Հայկական անդրադարձ» ծրագիրը, կատարել է Սերժ Սարգսյանից և/կամ նախագահականից իջեցված պատվեր:
Ստեփան Սաֆարյանը «Հրապարակ» օրաթերթում մի հոդված էր հրապարակել, որտեղ մասնավորապես գրել էր.
««Ռադիո Հայի» այս հաղորդման մասին մեր կարծիքին ու պահանջներին ընթերցողն արդեն տեղյակ է նրա խմբագրակազմին «Ժառանգության» հղած երկու բաց նամակներից: Դրանցից առաջինով ակնկալել էինք Սերժ Սարգսյանի ներողությունը ՀՀԿ փոխնախագահի ստախոսության եւ նախագահականից իջեցված այս պատվերով երկսերիանոց ռադիոհամերգի համար, որի ոչ բոլոր տրագիկոմեդիկ մասերն ենք ներկայացրել հասարակությանը»:
Այսօր դատարանում Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ հոդվածում արտահայտած մտքերը ոչ թե փաստի վրա հիմնված տեղեկատվություն են, այլ արտահայտում են իր կարծիքը, եւ նշեց, որ ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով ամրագրված է իր կարծիքն արտահայտելու իրավունքը:
«Ռադիո Հայ»-ի շահերը ներկայացնող Անդրիսա Ղուկասյանն էլ ասաց, թե Ստեփան Սաֆարյանի հրապարակայնորեն արտահայտած կարծիքը վնասում է ռադիոկայանի գործարար համբավը, եւ որպես ասածի հավաստում` նշեց այն, որ միջազգային կազմակերպությունները համագործակցում են «Ռադիո Հայ»-ի հետ` որպես չեզոք լրատվամիջոցի:
Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ «Ռադիո Հայ»-ը մշտապես չեզոք է եղել եւ որեւէ քաղաքական ուժի չի հարել: Իսկ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ ինքը մնում է իր կարծիքին, եւ որ այդ կարծիքը ձեւավորվել է ռադիոկայանի գործելակերպի արդյունքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել