«Չի կարելի մարդկանց հոգիները գնդակահարել»
«Իրականությունն այսօր թելադրում է, որ պետք է շատ լուրջ մոտենալ երաժշտությանը: Պետք է լուրջ փոփոխություններ անել, չթողնել` ամեն տեսակի տեսահոլովակ նկարահանվի, որովհետև հանրությունը «sos» է կանչում, ասում է` ինձ փրկեք` անգամ չհասկանալով դա»,- նշեց երգահան Էդգար Գյանջումյանը:
Այսօր «Հայելի» ակումբում ժամանակակից երաժշտության մասին կարծիքներ էին արտահայտում երգահան Էդգար Գյանջումյանը և «Էմփիռեյ» խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը: «Ամեն ինչն էլ իրականության արտացոլում է: Ժամանակակից երաժշտությունը ստեղծվում է մեծ ներդրումների միջոցով, այսինքն` ժամանակակից երաժշտությունն ունենում է պատվիրատուներ, որոնք լինում են փող ունեցող մարդիկ: Երաժշտական մակարդակն էլ արտացոլում է պատվիրատուների ինտելեկտը: Այսօրվա մեր երաժշտությունը ուղիղ համեմատական է փող դնողների մակարդակին»,- ասաց Սարգիս Մանուկյանը:
Նրա կարծիքով` այսօր էլ Հայաստանում լավ բաներ ստեղծվում են երաժշտության բնագավառում, և պիտի թողես, որ լավը առաջ գա, իսկ մյուսները գնան իրենց տեղը:
Էդգար Գյանջումյանի խոսքերով` հիմա էլ ինքը շատ է ստեղծագործում, բայց նաև շուկան շատ է լցված: «Հիմա վտանգավոր անհոգություն առաջացնող երաժշտությունն է, որը մարդուն այնպիսի տրամադրության մեջ է դնում, թե կյանքը քեֆ-ուրախություն, և չի ստիպում, որ նա նայի իր ներսը, կապ հաստատի Բարձրյալի հետ»: Այժմ Էդգար Գյանջումյանի երգերն ավելի քիչ են հնչում, քան նախկինում: Ինքը ևս հեռուստաէկրանին քիչ է երևում` «իր դիմագծերը քիչ հիշեցնելու համար»:
«Իսկ այօրվա պատվիրատուն ստեղծում է այնպիսի երաժշտություն, որը մարդուն զրկում է մտածելու ունակությունից: Երբ ես ասում եմ` հեռուստատեսությունը վատ երաժշտություն է առաջարկում, նկատի չունեմ, որ մեզանից փող են ուզել մեր տեսահոլովակները ցույց տալու համար: Տեսահոլովակներ նկարահանելու հիմնական նպատակը լինում է այն, որ այնպիսի երգ ստեղծենք, որ հետո կնունքներին պետք գա: Մեր խումբը չի կարող կնունքի ու հարսանիքի երգ ստեղծել, ու արդարացված չի լինում տեսահոլովակներ նկարահանելը»,- ասաց «Էմփիռեյ» խմբի մենակատարը:
Նրա կարծիքով` դեմագոգիա է, երբ ասում են, որ այս կամ այն երաժշտությունը պահանջված է. «Դուք ե՞րբ փորձեցիք ուրիշ երաժշտություն առաջարկել, որ տեսնեք` դրա պահանջարկը կա՞, թե՞ ոչ»: Իսկ Էդգար Գյանջումյանը նշեց. «Մարդկանց հոգիները լուսավորել. այս է իմ արվեստի գլխավոր նպատակը: Չի կարելի մարդկանց հոգիները գնդակահարել»:
«Արգելելը սխալ է: Այն հաստատությունները, որոնք երաժշտություն են սփռում, պետք է տան ոչ միայն էժանագինը, այլև լավ երաժշտություն: Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով»,- նշեց Սարգիս Մանուկյանը: Նրա կարծիքով` եթե մի հեռուստաընկերության եթերում սևն ու սպիտակը շատ են, ապա չի նշանակում, որ դա մշակութային ալիք է: Այսօր, ըստ բանախոսի, լավ համերգներ հեռարձակում են «ԱԼՄ» և «Շանթ» հեռուստաընկերությունները:
Սարգիս Մանուկյանի խոսքերով` ինքը շփվում է ձայնագրողների հետ, և «նրանք ինսուլտի են հասնում մինչև մի բան են ձայնագրում, արդեն տեխնոլոգիաներն էլ չեն օգնում «ֆալշը դզելուն»: Մարդիկ տանջվում են ոչ թե ձայնագրելու վրա, այլ դրանց երգածը մաքրագրելու»:
«Հայաստանում երգիչների մի ցուցակ կա, ովքեր բոլոր համերգներին պարտադիր ներկա են: Փառք աստծու, մենք այդ ցուցակում չկանք»,- նշեց «Էմփիռեյ»-ի մենակատարի: Ըստ նրա` ընկալելու ունակություն ունեցող մարդը միշտ էլ կընկալի լավ երաժշտությունը:
Անդրադառնալով Հայաստանի օրհներգին` Սարգիս Մանուկյանն ասաց. «Ինձ համար միևնույն է, թե Հայաստանի հիմնը ինչ կլինի, կարևորը` Հայաստանը լավ լինի: Ոչ գժվում եմ մեր հիմնի համար, ոչ էլ զզվում եմ: Փոխելը ինքնանպատակ է, ավելորդ բազարի բուն է: Ինչքան քիչ մրցույթներ Հայաստանում լինեն, այնքան ավելի լավ: Մրցույթները իրար միս ուտելու առիթ են»: Էդգար Գյանջումյանն էլ կարծում է, որ նոր հիմն չգտնելու դեպքում թող նույնը մնա:
Անդրադառնալով «Էմփիռեյ» խմբի ստեղծագործական կյանքին` մենակատարը նշեց, որ 2 նոր երգ ունեն: Մեկը անգլերեն ու հայերեն է և նվիրված է Վիկ Դարչինյանին: Իսկ երկրորդ երգի տեսահոլովակի նկարահանումներն ավարտվել են և այժմ
Հոլանդիայում մոնտաժման աշխատանքներն են ընթանում:
Էդգար Գյանջումյանի խոսքերով` համերգ անելը բավականին դժվար բան է, և ավելի քիչ գումար ծախսելու համար կարելի է նկարահանել համերգ-տեսահոլովակներ: Մինչև գարուն կթողարկվի Էդգար Գյանջումյանի նոր սկավառակը, որի տուփում կլինի 2 սկավառակ` մեկը գործիքային կատարումների, իսկ մյուսը` երգերի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել