Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Ներսես Նազարյանի. դատաքննությունը նշանակված է վաղը
Վաղը, ժամը 16.00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, կշարունակվի «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության:
Զարուհի Փոստանջյանն իր տարածած հաղորդագրության մեջ հիշեցնում է, որ պատգամավորը բողոքել է 2009 թ. հոկտեմբերի 22-ին, 29-ին և նոյեմբերի 12-ին Երևանում անցկացված` «Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, մադրիդյան սկզբունքների և ՀՀ-ում տիրող բռնապետական ռեժիմի» բողոքի խաղաղ գործողությունների ընթացքում մասնակիցների հանդեպ ոստիկանական ոտնձգությունների վերաբերյալ: Ոստիկանների վերոնշյալ գործողությունները պարունակում էին ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց մասին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից հաղորդումններ էին տրվել հանցագործությունների մասին, սակայն դրանք պատշաճ ընթացք չէին ստացել` օրինազանց ոստիկանների գործողությունների վերաբերյալ քրեական գործեր չէին հարուցվել:
Հիշեցնենք նաև, որ նախորդ դատական նիստին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը չէր ներկայացել` իր կողմից ուղարկված պաշտոնեական գրությամբ դատարանին խնդրելով դատական նիստը հետաձգել` անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր համապատասխան ստորաբաժանումներից ստանալու համար… :
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել