Մեղադրանք քրեակատարողական հիմնարկի աշխատակցին` պաշտոնեական անփութության համար
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից պաշտոնեական անփութության համար հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Ինչպես հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքը, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի 3-րդ կարգի մասնագետ Գառնիկ Մովսիսյանը 2009 թ. նոյեմբերի 1-ին նույն հիմնարկի պետի հրամանով նշանակվել է հերթապահության նոյեմբերի 1-ի առավոտյան ժամը 9-ից մինչեւ նոյեմբերի 2-ի առավոտյան ժամը 9 ընկած ժամանակահատվածում` ստանձնելով ներքին պահակակետի պահպանության եւ հսկողության պարտականությունները:
Նոյեմբերի 1-ին` ժամը 14:00-ի եւ 23:00-ի սահմաններում, Գ. Մովսիսյանը համապատասխան ծառայությունների կողմից խցերում առաջացած շինարարական թերությունները վերացնելու համար հերթափոխի խմբի պատասխանատու հերթապահին դիմելու փոխարեն դատապարտյալ Ա. Եղոյանին տրամադրել է արգելված իրեր` մուրճ, հարթաշուրթ-աքցան` իր պահպանությանն ու հսկողությանը հանձնված 002 խցում նորոգման աշխատանքներ կատարելու համար: Այսկերպ Գ. Մովսիսյանը խախտել է «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1543-Ն որոշման պահանջները:
Դատապարտյալ Ա. Եղոյանը, օգտվելով հսկողության բացակայությունից եւ օգտագործելով իր տրամադրության տակ եղած մուրճը եւ հարթաշուրթ-աքցանը, տեղահան է արել խցի պատուհանի պատի քարերը, կտրել է խցի արտաքին պատի մետաղացանցը եւ ազատազրկման վայրից դիմել փախուստի: Սակայն նույն օրը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Գ. Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Եղոյանի` ՔԿՀ-ից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացրել է ոստիկանության` Էրեբունու քննչական բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել