Ահմեդ Դավութօղլու. «Թուրքիան փոխել է արձանագրությունների նկատմամբ իր վերաբերմունքը»
Պատճառը, ըստ Դավութօղլուի, այն է, որ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը «օկուպացված է»
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուն հունվարի 29-ին ելույթ է ունեցել Լոնդոնի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտում «Նոր համաշխարհային աշխարհաքաղաքականություն. ինչ է ներդնում Թուրքիան համաշխարհային խաղաղության և անվտանգության ոլորտներում որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ» թեմայով:
Դավութօղլուի ելույթից հետո նրան շատ կարևոր հարց է ուղղել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի ներկայացուցիչ Տաթևիկ Գրիգորյանը:
Ըստ Դավութօղլուի` Թուրքիան աշխատում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարևանների հետ` ստեղծելով նոր քաղաքականություն Հարավային Կովկասում «զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսով: Նա նշել է, որ Հարավային Կովկասում կան սառը պատերազմներ, որոնց ուղղությամբ ակտիվ աշխատանքներ վարելու կարիք կա, և այդ դերը իր վրա է վերցնում Թուրքիան: Որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ` Թուրքիան իր վրա է վերցնում բոլոր հարևանների, այդ թվում նաև Հունաստանի և Հայաստանի հետ հարաբերությունները լավացնելու խնդիրը: Կոնկրետ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ նախարարը հայտարարել է, որ վերջին տարիների ընթացքում կատարվել են լուրջ աշխատանքներ, և արդյունքում ստորագրվել են հայ-թուրքական արձանագրությունները:
ԵՀՄՖ-ի ներկայացուցիչի կողմից հնչել է հետևյալ հարցը. «Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններում չկար որևէ նախապայման, չնայած Հայաստանը կարող էր և իրավունք ուներ որպես նախապայման առաջ քաշել 1915թ.-ի տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Հայաստանը դա չարեց: Հակառակ դրան` Թուրքիան ոչ միայն սկսեց ձգձգել արձանագրությունների վավերացումը, այլև ինքը դրեց նախապայման, որը նույնիսկ վերաբերվում էր երրորդ երկրին` Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի խնդիրների հետ կապված: Ավելին, պատճառ բռնելով Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որը միայն հաստատում էր արձանագրությունների վավերացման օրինականությունը, Թուրքիան սկսեց կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը, չնայած ՍԴ-ի որոշումը չի կարող իրականում արգելք հանսդիսանալ գործընթացը շարունակելու համար»:
Հարց. «Արդյոք Թուրքիան փոխե՞լ է իր դիրքորոշումը, թե՞ անկեղծ չի եղել հենց սկզբից»:
Դավութօղլուն պատասխանել է, որ Թուրքիայի համար կարևոր է Հարավային Կովկասում անվտանգության ապահովումը և քաղաքական երկխոսության վարումը բոլոր երեք պետությունների հետ: Այդ նպատակով Թուրքիան ստորագրել է արձանագրությունները` ներկայացնելով Թուրքիայի պառլամենտի հաստատմանը: Ստորագրումից հետո Դավութօղլուն արել է ամեն ինչ արձանագրությունները Թուրքիայի խորհրդարան ներկայացնելու և վավերացնլու ուղղությամբ` չնայած բոլորովին պարտավոր չէր: Այսօր Թուրքիային մեղադրում են արձանագրությունների հաստատումը միտումնավոր ձգձգելու մեջ: Իրականում Թուրքիան ցանկություն ունի հարաբերություններ հաստատելու և աշխարհասփյուռ հայերի ու թուրքերի միջև և Հայաստանի հետ: «Սակայն մենք մերժում ենք Հայոց ցեղասպանության գաղափարը»,- հայտարարել է Դավութօղլուն` նշելով, որ «մեծաքանակ թուրքեր են զոհվել այդ ցեղասպանության տարիներին և բազմաթիվ թուրքեր են գաղթել Բալկաններից»:
Նա հատկապես նշել է, որ «հայերը և թուրքերը դարեր շարունակ ապրել են կողք կողքի, և ոչ ոք չի կարող հաստատել, որ մինչև 20-րդ դարի սկիզբը ունեցել են խնդիրներ: Հակառակ այլ ազգերի կողմից հակասեմիտական դրսևորումների` թուրքերը հակահայկական հայացքներ երբեք չեն ունեցել և հակահայկական քայլեր չեն արել: Ցանկալի է, որ հայերն ու թուրքերը կիսեն ոչ միայն ընդհանուր երգերը, ինչպես անում են այսօր, այլև ընդհանուր ցավը»: Ինչ վերաբերվում է նախապայմաններին, Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան ցանկանում է հարցի ֆունդամենտալ լուծում, որպեսզի անվտանգություն հաստատվի ողջ տարածաշրջանում` ներառյալ նաև Ադրբեջան- Լեռնային Ղարաբաղ հակամարտությունը: «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է, և ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը համաձայն չեն ներկա իրավիճակի պահպանմանը, ու սա է պատճառը, որ Թուրքիան փոխել է արձանագրությունների վերաբերյալ իր վերաբերմունքը: Չնայած դրան, արձանագրությունները կարող են ստորագրվել, եթե իրականացվի վերոհիշյալ խնդրի լուծումը: Այդ ուղղությամբ Թուրքիան չի կորցնում իր հույսը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել