
Ալավերդցիները պասիվ են
Ալավերդիում քաղաքապետի ընտրություններն ընթացան ընտրողների աննախադեպ պասիվ մասնակցությամբ:
Թիվ 31/05 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Տաթևիկ Մելիքյանը հայտնեց, որ տեղամասի 1452 ընտրողներից ժամը 17-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 391 ընտրող: Ըստ Տաթևիկ Մելիքյանի` սա միջին ցուցանիշ է:
Թիվ 31/9 տեղամասի հանձնաժողովի նախագահ Արթուր Խառատյանի տեղեկացմամբ` ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել էր 280 ընտրող` տեղամասի 1313 ընտրողներից. «Նախորդ ընտրությունների համեմատ ընտրողների մասնակցությունը պակաս է երևի մի 30- 50 տոկոսով: Նախորդ ընտրություններին նույնպես հանձնաժողովի անդամ եմ եղել, այս ժամերին 450-500 ընտրողներ ենք ունեցել տեղամասում»,- ասաց Արթուր Խառատյանը:
Թիվ 31/10 տեղամասում 1410 ընտրողից ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել էր 218 -ը. «Սա աննախադեպ ցուցանիշ է. նախորդ տարիներին այսպիսի բան չի եղել: Նախկին ընտրություններին այս ժամերին մինչև 700 ընտրողներ են մասնակցել: Քաղաքում բոլորն էլ գիտեն, որ այսօր քաղաքապետի ընտրություններ են, բայց ընտրողների մասնակցությունը վատ է»,- ասաց 31/10 տեղամասային հանձնաժողովի նախագահ Սեդա Շախկյանը:
Ժամը 17-ի դրությամբ ընտրողների ցածր ցուցանիշ էր արձանագրվել նաև թիվ 31/11, 31/12, 31/13, 31/2 ընտրատեղամասերում և տեղամասային մյուս հանձնաժողովներում:
Համաձայն թիվ 31 ընտրատածքային հանձնաժողովից ժամը 14:00-ին ստացված տեղեկատվության, ընտրատարածքի Ալավերդու 15 տեղամասերի 16 520 ընտրողներից ընտրություններին մասնակցել էր 2019-ը, իսկ ժամը 17:00-ի դրությամբ` 3086 ընտրող:
Ընտրությունների օրը «Հետքը» հանդիպեց քաղաքապետի թեկնածուներ Կամո Բաբայանին և Արտավազդ Վարոսյանին: Թեկնածու Կամո Բաբայանն ասաց, որ վաղ առավոտյան ինքն իրեն ընտրել և մեկնել է Հաղպատ գյուղ ` Սայաթ-Նովայի օրվա տոնակատարությանը մասնակցելու նպատակով: Հաղպատում էլ` տոնակատարության ժամանակ նա «Հետքին» ասաց, որ Ալավերդիում ընթացող քաղաքապետի ընտրություններից ակնկալում է ազատ և դեմոկրատական ընտրություն:
Ըստ Կամո Բաբայանի` ցանկացած թեկնածու իր շանսերը գերագնահատում է. «Իմ կողմից ակտիվ քարոզարշավ չտանելը պայմանավորված է մի քանի խնդիրներով ` կապված իմ ընտանիքի հետ: Նախընտրական շտաբ ունեի, բայց համարյա թե չեմ գնացել շտաբ: Քանի որ քարոզարշավ ես չկարողացա տանել, չօգտագործվեց նաև իմ նախընտրական շտաբը»,- ասաց Կամո Բաբայանը:
Կամո Բաբայանը ընտրությունների 15 տեղամասերից ոչ մեկում չուներ վստահված անձինք:
Այսուհանդերձ, լրագրողներին քաղաքապետի ընտրության իր ակնկալիքների մասին Կամո Բաբայանն ասաց. «Սա մրցակցություն է, որտեղ պետք է մեկը հաղթի: Շատ ուժեղ մրցակից է ինձ բաժին հասել»: Թեկնածուն հրաժարվեց քաղաքապետ ընտրվելու դեպքում իր կողմից նախատեսված առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին խոսել. «Ես այդ հարցին կպատասխանեմ ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետ, եկեք սպասենք: Հիմա միջոցառում է: Ես չէի կարող բաց թողնել սա, Հաղպատն իմ ծննդավայրն է, ես որպես հաղպատեցի մարդ պարտավոր էի լինել այստեղ»,- ասաց Կամո Բաբայանը:
Քաղաքապետի թեկնածու Արտավազդ Վարոսյանին հանդիպեցինք Ալավերդու քաղաքապետարանի շենքի առաջին հարկում տեղավորված իր շտաբում: Թեկնածուն անհանգիստ և լարված աշխատանքային վիճակում էր. «Եվ նախընտրական քարոզչության օրերին և այսօր` ընտրության օրը, աշխատանքային լավ տրամադրության մեջ եմ: Հետևում եմ ընտրական գործընթացին: Սպասելիքներս լավ են: Սպասում եմ ընտրության արդյունքների ամփոփմանը»,- ասաց Արտավազդ Վարոսյանը:
Ընտրողների պասիվության հետ կապված` Արտավազդ Վարոսյանը տվեց իր մեկնաբանությունները. «Ընտրողների պասիվությունը իմ կարծիքով մի քանի բացատրություններ ունի, երևի սուր մրցակցության բացակայությունն է, որի պայմաններում բնակչությունը այդքան էլ ակտիվ չի լինում ընտրություններին: Եվ երկրորդը. այսօր նաև եկեղեցական տոն է տարածաշրջանում, էլի միջոցառումներ կան, միգուցե պասիվությանը նպաստել է նաև այն, որ բնակչության մի մասը երեք օր անընդմեջ ազատ է եղել, գնացել են հարևան գյուղերի իրենց հողամասերում աշխատելու»:
Թեկնածուն նաև ասաց, որ ընտրությունները հիմնականում փորձել է թողնել ընտրողների ինքնագիտակցության և քաղաքացիական պարտքի գիտակցության վրա:
Լրացուցիչ ջանքեր իր շտաբի կողմից չեն գործադրվել, չեն փորձել արհեստականորեն նպաստել ընտրողների թվի ավելացմանը. «Մեզ ավելի շատ հետաքրքրել է, որ այս կարգի ընտրությունների ընթացքում քաղաքացիների գիտակցությունը փոխվի և մարդիկ ընտրությունների գնան ոչ թե պարտադրանքով, այլ քաղաքացիական պարտքի զգացումով»,- ասաց նա:
Արտավազդ Վարոսյանը նախընտրական քարոզչության շրջանում մամուլի կողմից իր անձի նկատմամբ որևէ հակաքարոզչություն չի նկատել, սակայն լրատվամիջոցների կողմից նկատել է պասիվ վերաբերմունք իր քարոզչության նկատմամբ. «Լրատվամիջոցները նախընտրական քարոզչության ժամանակ այդքան էլ լավ չէին լուսաբանում նախընտրական գործընթացը»,- ասաց թեկնածուն:
Արտավազդ Վարոսյանի կարծիքով, լրատվամիջոցները նախընտրական շրջանում ակտիվ են լինում, երբ թեկնածուների նկատմամբ որոշակի կոմպրոմատ են ունենում, սենսացիոն լուրեր հաղորդելու համար, իսկ, եթե նման հանգամանք չկա, հետաքրքրասիրությունը մարում է նաև լրատվամիջոցների մոտ:
Այս հարցում թեկնածուն ի նկատի ուներ ինտերնետային բոլոր lրատվամիջոցներին. «Ես ընդհանրապես Googgle-ով պոիսկ եմ տալիս` տեսնելու, թե Ալավերդու քաղաքապետի արտահերթ ընտրությունների մասին լուր կա՞, թե՞ չկա: Իհարկե, նյութեր կան, բայց ընդհանուր առմամբ պասիվ է. «Ալավերդու տեղական հեռուստաընկերությունն էլ էդքան ակտիվ չի լուսաբանել նախընտրական գործընթացները, շատ անգամ նախընտրական քարոզչության ժամանակ, որի ժամանակահատվածը այդքան էլ երկար չէր, ընդամենը 10 օր, կարող ենք փաստել, որ երևի 3-4 անգամ «Լուրերի» ընթացքում անդրադարձած լինեն քարոզչական մեր հանդիպումներին: Ես կարծում եմ, որ համայնքում ավելի կարևոր միջոցառում, քան համայնքի ղեկավարի ընտրությունն է, չկա: Բայց փաստը նա է, որ հենց տեղական հեռուստաընկերությունը ևս պասսիվ է եղել էդ հանդիպումները լուսաբանելու ընթացքում»,- ասաց Պ. Վարոսյանը:
Վերջինս տեղյակ էր, որ ինքը կարող էր իր կողմից վճարովի հաղորդումներ պատրաստել իր քարոզարշավի համար. «Բայց կարծում էր, որ անկախ դրանից, թե հեռուստաընկերություններից ինչ չափով է վճարովի ծառայություններից օգտվում, պետք է տեղական հեռուստաընկերության լուրերով համառոտ ներկայացվեր նրա քարոզչությունը, որպեսզի բնակչությունը տեղեկանա, որ քաղաքում նման գործընթաց է գնում»,- ասաց Արտավազդ Վարոսյանը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել