Ալավերդու ձեռներեցները սպասում են ՊԵԿ-ի պատասխանին
Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հունվարի 29-ին պարզաբանումներ էր ներկայացրել «Հետք»-ի մի շարք հրապարակումների առթիվ` «Փոքր ձեռնարկատերերը` հարկայինի նշանառության տակ», «Նորիկ Այվազյանը անզիջում հարկահավաքություն է իրականացնում» և «Գրանդ Քենդիի» առաքման բաժնի պետը սխալ տեղեկություն է հաղորդել», սակայն ըստ էության չէր անդրադարձել այդ հոդվածներում բարձրացված խնդիրներին:
Մասնավորապես, պարզաբանման մեջ տեղ չի գտել Ալավերդու խանութներին «Գրանդ Քենդիին» և Սամվել Ալեքսանյանի ընկերությանը պատկանող` Վանաձորից ապրանք մատակարարող մեքենաների վարորդների կողմից փոքր ձեռնարկատերերին հաշիվ-ապրանքագրեր չտրամադրելու հարցի պատասխանը, որին սպասում էին Ալավերդու փոքր ձեռնարկատերերը: Հիշեցնենք, որ ապրանքագրեր չտրամադրելու պատճառով Ալավերդիում փոքր խանութների տերերն իրենց եկամուտներից շարունակում են 2 տոկոս հարկի փոխարեն վճարել 11 տոկոս, իսկ «Հայպետշին» շուկայի, Ս./Սարահարթ, Կախոյան, Փիրուզյան, Շահումյան և Ալավերդու մյուս թաղամասերի փողոցներում պտուղ- բանջարեղենի առևտրով զբաղվող 50-ից ավելի փոքր ձեռնարկատերեր, ովքեր իրենց գնումների ընթացքում հանրապետության մյուս շուկաների առևտրականներից ապրանքագրեր չեն ստանում, այդ պատճառով 11 տոկոս հարկային պարտավորությամբ խուսափում են մտնել հարկային դաշտ: Նրանք նույնպես Թումանյանի ՏՀՏ-ի կողմից մշտապես ենթարկվում են ճնշումների, ինչպես 2009 թ. դեկտեմբերի վերջին օրերին ենթարկվել են վերը նշված հոդվածներում հիշատակված քաղաքացիները: Ցավոք, ՊԵԿ-ի` «Հետք»-ին տրված պարզաբանման մեջ այն տպավորությունն է ստեղծվում, թե «Փոքր ձեռնարկատերերը` հարկայինի նշանառության տակ» հոդվածում մատնանշված միայն այդ 5 քաղաքացիներն են հարկային տեսուչների բազմաթիվ նախազգուշացումներից հետո ընդվզում հարկային դաշտ մտնելու պահանջի դեմ: Փոքր ձեռնարկատերերը պահանջում են նախ կարգավորել հաշիվ-ապրանքագրերի տրամադրման խնդիրը, ապա իրենցից պահանջել մտնել հարկային դաշտ: Ինչ վերաբերում է Թումանյանի ՏՀՏ-ի կողմից 7 փոքր ձեռնարկատերերի դեմ վարչական դատարան ուղարկված հայցերին ու նրանց հակընդդեմ հայցերին, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս կապակցությամբ ՊԵԿ-ի` «Հետք»-ին տրված պարզաբանումներն այնքան էլ արժանահավատ չեն: «Հունվարի 26-ի դրությամբ հոդվածում հիշատակված 7 քաղաքացիներից 6-ը հրաժարվել են հակընդդեմ հայցից և պարտավորվել են սահմանված կարգով հաշվառման կանգնել հարկային մարմններում»,- փաստում է պարզաբանումը: Իրականում վերոնշյալ քաղաքացիներից ոչ մեկը չի պարտավորվել սահմանված կարգով մտնել հարկային դաշտ: Նրանք հունվարի 30-ին մեզ հետ զրուցելիս պնդում էին, որ հարկային դաշտ կմտնեն միայն ապրանքագրերի հետ կապված հարկման 11 տոկոսի խնդիրը լուծելուց հետո: Իսկ ձեռներեցների շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը հունվարի 30-ին մեզ տեղեկացրեց, որ հունվարի 29-ի դրությամբ հակընդդեմ հայցից հրաժարվել են ոչ թե 6, այլ 4 քաղաքացիներ` Նորիկ Թարվերդյանը, Սուրեն Աղայանը, Նունե Ղազարյանը և Ժիրայր Գալստյանը: Մյուս 3 քաղաքացիները, չնայած հարկայինի գործադրած մեծ ջանքերին, չեն հրաժարվել իրենց հակընդդեմ հայցերից»: Փաստաբանը նաև հայտնեց. «Ինչպես ինձ տեղեկացրել է Թումանյանի ՏՀՏ-ի վերահսկողության և գանձումների բաժնի պետ Գոհար Երիցյանը, Թումանյանի ՏՀՏ-ն իրենց ղեկավարության` Պետեկամուտների կոմիտեի հետ համաձայնության է եկել, որ այս առևտրականները, որպես ֆիզիկական անձ, 2 տոկոս հարկ են վճարելու: Նրանք շուկայի 4 առևտրականների հետ այդպես են պայմանավորվել: Գրավոր պայմանավորվածություն չկա, պայմանավորվածությունը բանավոր է»: Թե ինչպես է իրավաբանորեն հիմնավորվում հարկային մարմնում չգրանցված, ՀԴՄ չտեղադրած, ընդամենը որպես ֆիզիկական անձ շահույթի 2 տոկոս հարկ վճարելու` Գոհար Երիցյանի տված խոստումը, Ալեքսանդր Ծատինյանն ասաց. «Գոհար Երիցյաննինձ ասել է, որ դա Կառավարությունով ա կարգավորվել, իրենց ղեկավարության հետ են դա պայմանավորվել: Ֆիզիկական անձը որոշակի ժամանակ, եթե շահույթ է ստանում, կարող է առանց հարկային մարմնում գրանցվելու, իր շահույթի 2 տոկոսը որպես հարկ վճարել: Այդ որոշմանն անձամբ գրավոր չեմ ծանոթացել»,- ասաց փաստաբան Ծաստինյանը: Հակընդդեմ հայցը ետ վերցրած 4 առևտրականները հավատացել են Գոհար Երիցյանին. «Մենք մեր հակընդդեմ հայցը վարչական դատարանից ետ ենք վերցրել Թումանյանի ՏՀՏ-ի խնդրանքով, որի համար մեզ հետ զրուցել է Թումանյանի ՏՀՏ-ի վերահսկողության և գանձումների բաժնի պետ Գոհար Երիցյանը: Շուկայում ասացին` Գոհարը կանչում է, մենք էլ գնացինք իր մոտ: Գոհարը մեզ ասաց. «Խնդրում ենք, որպեսզի ամեն ինչ նորմալ լինի եւ Ձեզ համար, եւ մեզ համար, գնացեք Ձեր հակընդդեմ հայցերը վարչական դատարանից ետ վերցրեք, բերեք, որ հրաժարվում եք դատարան տալուց»,- պատմեցին առևտրականներ Նորիկ Թարվերդյանն ու Սուրիկ Աղայանը: Թե այս դեպքում իրենք ինչ են շահելու, Նորիկն ասաց. «Շահելու ենք այն, որ մեր տուգանքի գումարները պիտի զրոյանան, ասենք` 2008 թ. մեզանից ապօրինի հարկված 33 հազար դրամ եկամտահարկի գումար ունենք, որի չեկերը մեզ մոտ կան, տուգանքից էդ գումարը մինուս կանեն: Հիմա Գոհարը մեզ ասում է` դուք հակընդդեմ հայցով դատարանին մի բողոքեք, հայցը ետ վերցրեք, մենք էլ չբողոքեցինք: Հետո Գոհարը մեզ ասում է, թե մեզ տուգանել են ու ակտ են գրել, որ հետո էդ 33 հազար դրամը օրինականացնեն»,- ասացին Սուրիկն ու Նորիկը: Իսկ մեր հարցմանը Գոհար Երիցյանը պատասխանեց. «Մանրածախ առևտուրը ՀԴՄ-ի պարտադիր կիրառման ոլորտ է, և քաղաքի մանր առևտրով զբաղվողները պետք է տեղադրեն այն: Եթե գնորդներին ապրանքագիր չի տրվում, նրանք պարտավոր են գալ և հարկային մարմնին գրավոր տեղեկացնել ապրանքագիր չտվողի անուն ազգանունը և հասցեն, որի համար օրենքը վերջիններիս համար նախատեսում է 500 հազար դրամ տուգանք: Այս մասին մենք տեղեկացրել ենք քաղաքի առևտրականներին: Նրանք մեզ պատասխանում են. «Հո մենք ծախողներ չենք»: Պարզվում է` օրենքի այս կետն էլ հասարակ ժողովրդի մենթալիտետին չի համընկնում: Պեկ-ը պարզաբանումներ է տվել նաև Ալավերդու քաղաքապետին պատկանող «Կատա խանութների տուն» ՍՊԸ-ի` ստվերային դաշտում գտնվելու և հարկեր չվճարելու մասին: Այս կապակցությամբ հայտնվում է, որ «Կատա առևտրի տուն» ՍՊԸ-ն 2009 թ. 2-րդ կիսամյակի ընթացքում Պետբյուջե վճարել է1,3 մլն դրամ հարկ` առևտրի սրահում ունենալով 8 ՀԴՄ-ներ»»: Թե ինչու պետբյուջե վճարված հարկի գումարի հետ պարզաբանման մեջ չի հիշատակված «Կատա»-ի 2009 թ. համախառն եկամուտը, մանավանդ որ քաղաքապետն ամեն տարի միայն իր ղեկավարած համայնքի բյուջեից 50 մլն դրամից ավելի գնումներ է կատարում «Կատա»-ից, հարկայինից մեզ պատասխանեցին. «Գուցե քաղաքապետը այդ գումարների գնումները կատարում է նաև իր այլ խանութից»: Մենք պարզեցինք, որ այդ խանութը «Կատա»-ի շենքում տեղավորված խանութներից մեկն է, նույն խանութի վաճառող, անհատ ձեռներեց գրանցված Սուսաննա Տիտանյանի անունով:
Մեկնաբանել