Դատարանը «չի կողմնորոշվում». դե՞մ գնալ պետական մարմնին, թե՞ ոչ
Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչ Նշան Ստեփանյանը մեկ տարուց ավելի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում պայքարում է իր իրավունքների համար, բայց քանի որ հակառակ կողմում պետական մարմին է, գործն այդպես էլ վերջնակետին չի հասնում: Դատաքննության ժամկետները դուրս են եկել նույնիսկ ողջամտության սահմաններից եւ հայտնի էլ չէ, թե երբ այն կավարտվի:
Նշանը դեռեւս 2010 թ. հունիսի 24-ին հայց է ներկայացրել դատարան՝ պնդելով, որ «Ակնալիճ» ՋՕԸ-ի տնօրինության տակ գտնվող ջրատարի վնասված լինելու պատճառով 2010 թ. ապրիլի վերջերին ջուրը դուրս է եկել ափերից եւ ողողել իր տնամերձ հողամասում գտնվող ջերմոցային տնտեսությունը: Նշանի ասելով՝ ինքը վնաս է կրել այն պատճառով, որ իր հողամասին հարակից ջրատարը «Ակնալիճ» ՋՕԸ-ն չի վերանորոգել, երկար տարիներ չի մաքրել, այն լցված է եղել աղբով, ջրի հետ բերված հողով եւ ավազով: Նշված ժամանակահատվածում ջուրը ամբողջությամբ վնասել է լոլիկի 2600 հատ սածիլ, վարունգի՝ 300, իսկ պղպեղի 1000 հատ սածիլ:
Երբ ջերմոցային տնտեսությունը հայտնվել է ջրի տակ, Նշան Ստեփանյանը դիմել է Արմավիրի մարզպետարան եւ Մեծամորի գյուղապետարան: Նամակով դիմել է նաեւ ՀՀ նախագահին, իսկ հեռուստաընկերություններից մեկը հենց այդ օրը նկարահանել է իրավիճակը: Արդյունքում ձեւավորվել է հանձնաժողով, ուսումնասիրություններից հետո կազմվել է ակտ, որով հիմնավորվել է, որ «Նշան Ստեփանյանի հողամասին հարող տարածքում ջրատարի քանդված լինելու եւ «Ակնալիճ» ՋՕԸ-ի կողմից մաքրված եւ վերանորոգված չլինելու պատճառով ջրահոսք է տեղի ունեցել Նշան Ստեփանյանին պատկանող 1000քմ հողատարածք՝ վնասելով այնտեղ առկա բանջարաբոստանային կուլտուրաներին»:
Ակտը ստորագրել են հանձնաժողովի բոլոր անդամները, բացի «Ակնալիճ» ՋՕԸ-ի տնօրեն Սիմոն Աբգարյանից: Վերջինս ծանուցվել է հանձնաժողովի գործունեության մասին, սակայն առանց որեւէ պատճառաբանություն, առարկություն ներկայացնելու՝ չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, հետեւաբար չի ստորագրել նաեւ ակտը:
Նշան Ստեփանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ՋՕԸ-ի տնօրենն ու փոխտնօրենը սկզբում խոստացել են փոխհատուցել իր կրած վնասները, սակայն հետագայում իրենց խոստումը չեն կատարել, եւ ինքը ստիպված է եղել դիմել դատարան: «Սկզբից ասում էր՝ կօգնեմ, սերմացու կտամ, հետո էլ ասաց՝ թող կեսը գյուղապետը տա, կեսը՝ ես: Հետո էլ թե՝ քեզ ավտոյի գազի զապրավկի կտրոններ կտամ, որ ձրի զապրավկա անես եւ այլն: Վերջում էլ այնքան տարավ-բերեց, որ արդեն զզվեցի: Հո ես մուրացկա՞ն չեմ, ոչ էլ ուզվորություն եմ անում: Ինձ վնաս են տվել, թող հատուցեն»,- ասում է Ն. Ստեփանյանը:
Իրեն հասցված վնասի չափը պարզելու համար Նշանը դիմել է Առեւտրաարդյունաբերական պալատի «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ին եւ ստացել փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ գնահատվող սածիլներին հասցված վնասի չափը 10.06.2010 թ. դրությամբ կազմում է 3 մլն 479 հազ. դրամ:
Նշանը դատարանից պահանջում է հօգուտ իրեն «Ակնալիճ» ՋՕԸ-ից բռնագանձել նշված գումարը, ինչպես նաեւ փորձագիտական ծառայության համար վճարված 36.000 դրամը: Դատարանը պահանջի չափով արգելանք է դրել ՋՕԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա:
Սեպտեմբերի 6-ին նշանակված էր հերթական դատական նիստը, բայց բացի հայցվոր կողմից՝ մնացածը չէին ներկայացել դատարան: Իսկ դատարանը որպես կողմ գործին ներգրավել է նաեւ Ջրային պետական կոմիտեին եւ որպես երրորդ անձ՝ ֆինանսների նախարարությանը:
Քանի որ դատարանը կողմերից չէր ստացել պատշաճ ծանուցված լինելու վերաբերյալ ապացույցներ, դատավոր Արամ Հովսեփյանը հայտարարեց, թե մինչեւ հոկտեմբերի 2-ն ինքն արձակուրդի մեջ է լինելու եւ հաջորդ նիստը նշանակեց հոկտեմբերի վերջին: Այս գործով բոլորն իրենց «ապահով» են զգում: Դատավորը հոգում է իր հանգստի, արձակուրդ գնալու մասին, «Ակնալիճ» ՋՕԸ-ն շարունակում է ոռոգման ջուրը վաճառել գյուղացիներին ու շահույթ ստանալ, իսկ գյուղացին, այս դեպքում՝ Նշան Ստեփանյանը, մեկ տարուց ավելի պայքարում է իր կրած վնասների հատուցման համար:
Նշանի մայրը՝ Գայանեն, նույնպես դատարան էր եկել: Նա պատմեց, որ այդ ջերմոցային տնտեսությունով են ապահովել իրենց տարվա եկամուտը: Ըստ նրա՝ վերջին 4-5 տարիներին միշտ էլ վնասներ են կրել այդ ջրատարից դուրս եկող ջրից, բայց լռել են: «Բայց մինչեւ ե՞րբ: Մինչեւ հիմա դեռ ջերմոցի ցելոֆանի գումարը չենք տվել, ամեն օր գալիս ուզում են: Ոսկիներս բանկերում գրավ է դրված, որ վերցրած գումարով պարտքերի տակից կարողանանք դուրս գալ, ախր ինչի՞ համար: Գոնե այդքանից հետո մոտենային ասեին՝ եղածը եղած է, թող անցնի գնա, մի քիչ օգնենք, գոնե ցելոֆանի գումարը տանք, պարտք չմնա ձեր վրա, բայց դա էլ չարեցին»,- ասում է տիկին Գայանեն:
Վնասներ են կրել նաեւ հարեւանները, սակայն վերջիններս ՋՕԸ-ի տնօրենին ասել են, թե իրենք դատարան չեն դիմում եւ պահանջներ չեն ներկայացնում զուտ այն պատճառով, որ Նշանն ավելի շատ է վնաս կրել, հենց նրան է հատուցում պետք: Վերջին դատական նիստին ներկա էր նաեւ հարեւաններից մեկը՝ Առաքելը: Նա էլ փաստեց, որ Նշանը վնաս է կրել ջրատարից: Ասաց, որ ինքն էլ է վնաս կրել, բայց «հանուն Նշանի չի դիմել դատարան»: «Որ իմանայի իրենց այդպես են պահելու, ես էլ կդիմեի դատարան, փոշմանել եմ, որ չեմ դիմել»,- ասաց Առաքելը:
Դատարանում Նշանի շահերը պաշտպանում է նրա իրավաբան ընկերը՝ Վաղարշակ Աբրահամյանը: Նշանն ասաց, որ իր ընտանիքի սոցիալական վիճակը վերջին մեկ տարվա ընթացքում այնքան է վատացել, որ նույնիսկ փաստաբան վարձելու հնարավորություն չի ունեցել եւ ստիպված ընկերոջն է խնդրել, որ դատարանում անվճար պաշտպանի իրեն:
ՋՕԸ-ն դատարան ներկայացրած պարզաբանման մեջ նշում է, որ նշված ջրանցքն իր սեփականությունը չէ, եւ Կառավարության որոշումներով ընկերությունը ջրանցքների հիմնանորոգման պարտավորություն չի կրում: Ընկերությունը նաեւ չի հավատում, որ Նշանն այդքան սածիլ է ունեցել: Բացի այդ՝ ժխտում են, որ կազմված հանձնաժողովը պատշաճ ծանուցել է ՋՕԸ-ի տնօրենին ուսումնասիրություն կատարելու մասին: Մինչդեռ հայցվոր կողմը պնդում է ճիշտ հակառակը:
«Ակնալիճ» ՋՕԸ-ի տնօրեն Սիմոն Աբգարյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե ինքը երբեւէ գյուղացուն «չի ցավացրել»: Դրա վկայությունն այն է, որ ոչ մի անգամ դատի չի տվել նրանց՝ վարձավճարները ուշացնելու համար: Ինչ վերաբերում է Նշանի դեպքին, ապա Ս. Աբգարյանի խոսքով՝ նա օգտվել է առիթից, որ նախորդ տարի անձրեւները շատ են եղել, կլիման խոնավ է եղել, ու դիմել է դատարան, թե իբր ջրատարից է տուժել: «Կարող ա մի փոքր վնասված լինի ու ջրատարից մի փոքր ջուր գնացած լինի, բայց սուտ են ասում, թե այդքան վնաս են կրել: Դա իրականությանը չի համապատասխանում:
Կողքի 3-4 գյուղերի բոլոր ջերմոցատերերն էլ այդ խնդիրն ունեցել են, մենակ ինքը չի եղել: Անձրեւներն են եղել պատճառը: Հիմա գնացեք տեսեք, թե ինչ ջրատար ենք սարքել: «Հազարամյակի մարտահրավերներին» խնդրել եմ, որ նշված հատվածը վերանորոգեն: Եթե իրենք մարդկային էին, ջրանցքը վերանորոգելուց հետո ինչի՞ հայցը հետ չվերցրին»,-ասում է Սիմոն Աբգարյանը:
Թե ինչու պիտի մոտ 3.5 մլն դրամի վնաս կրած գյուղացին հենց այնպես «ների» ՋՕԸ-ին ու հետ կանգնի վնասների հատուցման պահանջից, անհասկանալի է: Իսկ ինչ վերաբերում է ջրատարի «մի փոքր» վնասված լինելուն, ապա դա նույնպես իրականությանը չի համապատասխանում: Այդ փաստը հաստատել է նաեւ Սիմոն Աբգարյանը: Նա դեռեւս 2010 թ. սեպտեմբերի 9-ին է Նշան Ստեփանյանին գրավոր տեղեկացրել, թե «Ձեր հողամասի մոտով անցնող Հայկաշենի ջրանցքը գտնվում է վթարային վիճակում եւ նրան կից հողամասերում գյուղատնտեսական մշակաբույսեր մշակելը խիստ վտանգավոր է»: Հետո էլ Սիմոն Աբգարյանը նույն գրությամբ խնդրել է գյուղացուն, որ նա մինչեւ ջրանցքի վերանորոգումը ձեռնպահ մնա այդ հողամասը մշակելուց:
Սիմոն Աբգարյանը շատ ինքնավստահ էր, որ Նշան Ստեփանյանի հայցը մերժվելու է: Միգուցե ՋՕԸ-ի տնօրենին այդ լավատեսությունը փոխանցել է իր փաստաբա՞նը, որի քույրը հենց նույն գործով դատական նիստերի քարտուղարն է, հետեւաբար շփվում է դատավորի հետ, մտքեր են փոխանակում ու շատ թե քիչ գիտի դատավորի մտադրությունների մասին: Նիստերի քարտուղար Նարինե Գրիգորյանն այդպես էլ ինքնաբացարկ չի հայտնում, թեեւ դրա իրավական հիմքերը կան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել