HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

25 հազար դրամանոց հարկային տեռոր

Հարկայինի տեսուչները, առանց փաստաթուղթ ներկայացնելու ու օրենքի որևէ կետ մեջբերելու, Երևանի բաղնիքի «ոսկու շուկայի» աշխատողներին հրահանգել են հաստատագրված 14 հազար 800 դրամի փոխարեն վճարել 25 հազար դրամ:

«Վճարեք և կարող եք ՀԴՄ կտրոն չխփել, կազատենք նաև ՀԴՄ տուգանքներից»,- ասել են նրանք:

Տեղեկանք Եվրախորհրդից

Երեկ ԱԺ միջանցքի ՀՀԿ խմբակցության հարկաբաժնով անցնելիս ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը գրկախառը բարևներ տվեց ՀՀԿ-ական մի քանի պատգամավորի: Սա տեսնելով` լրագրողները հարցրին, թե ընդդիմադիր պատգամավորը կարո՞ղ է արդյոք նման ջերմ հարաբերություններ ունենալ իշխանության հետ: «Մարդիկ ժեկից են տեղեկանք բերում, իսկ ես Եվրախորհրդից եմ տեղեկանք բերել, որ ընդդիմադիր եմ: Էլ ի՞նչ եք ուզում»,- պատասխանեց դաշնակցական պատգամավորը:

Ամոթի ու թասիբի սով

Երեկ ՀՀ Ազգային ժողովում հերթական սկանդալը գրանցվեց. երբ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ ամբիոնից խոսում էր մարտի 1-ին հայ ժողովրդին կոտորելու, վիրավորելու թեմայից, մարդու իրավունքների ոտնահարումներից, հանրապետական ճերմակամազ պատգամավոր Վազգեն Կարախանյանը տեղից մի քանի անգամ ռեպլիկ արեց, թե «դու ո՞վ ես, որ խոում ես հայ ժողովրդի անունից»: Զարուհի Փոստանջյանը չլսեց նրա խոսքերը և շարունակեց: Այնուհետև Վազգեն Կարախանյանին «օգնության հասավ» մեկ այլ կարկառուն ՀՀԿ-ական` Առաքել Մովսիսյանը` Շմայսը: «Դե զահլես տարար, իջի տից»,- բղավեց Շմայսը: Իսկ դահլիճում նստած գոնե արտաքնապես տղամարդ բոլոր պատգամավորները քար լռությամբ հետևում էին Շմայսի «դուխով կեցվածքին», թե ինչպես էր նա հղի կնոջ վրա գոռգոռում: Երբ Փոստանջյանն ավարտեց իր ելույթը, ներքև իջավ և Շմայսից պահանջեց դուրս գալ դահլիճից: «Դուրս եկեք: Սա քաղաքական մարմին է, և մենք հայտարարություններով ենք հանդես գալիս»,- ասաց Փոստանջյանը: Ի դեպ, քար անտարբերությամբ ու անգործությամբ այս ամենին հետևեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` նույնիսկ թաքուն հրճվելով, որ Զարուհի Փոստանջյանին մականունավոր պատգամավորն այդպես էր վերաբերվում:

Աճ արձանագրելու այլ ոլորտ չի մնացել

«Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ոստիկանության հեղինակությունը 2009 թվականին բարձրացել է շեշտակիորեն»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «ՉԻ» - Դե, իհարկե, բարձրացել է: 2009-ին, ինչպես հայտնի է, հանցագործությունների թվի կտրուկ աճ է արձանագրվել` 57 տոկոսով: Իսկ ի՞նչ պիտի անի հասարակությունը` ծանոթանալով այս թվերին: Բնականաբար, պիտի խորին հարգանքով լցվի ոստիկանության նկատմամբ: Բայց մեզ տվյալ դեպքում այլ հարց է հետաքրքրում: Բարի չէ՞ր լինի արդյոք Տիգրան Սարգսյանը բացատրել, թե ի՞նչ «սոցիոլոգիական հարցումների» մասին է խոսքը, ի՞նչ շրջանակներում են դրանք իրականացվել, և «շեշտակիորեն» ասելով` ի՞նչ նկատի ունի: Այս հարցերը, հավատացնում ենք, չափազանց կարևոր են, որովհետև տպավորություն է ստեղծվում, թե այդ հարցումներն իրականացվել են կամ ոստիկանության շրջանում, կամ էլ յուրաքանչյուր «հարցվող» թերթիկը լրացրել է առնվազն երկու ոստիկանի ներկայությամբ: Իսկ ընդհանրապես, «շեշտակիորեն աճել» կարող է միայն այն, ինչը բնության մեջ գոյություն ունի: Հետևաբար, կոնկրետ Հայաստանում ոստիկանության հեղինակություն չի կարող աճել:

Հայաստանին 40 մլն դոլար` ԱՄՆ-ից

Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին է ներկայացրել հաջորդ տարվա ֆինանսական բյուջեն` 3,8 տրիլիոն դոլարի չափով: Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) հաղորդմամբ` նախատեսվում է 2011-ին Հայաստանին հատկացնել 40 մլն դոլար օգնություն: Այն 10 մլն-ով ավելի է 2010-ին Հայաստանին նախատեսվածից, սակայն 1 մլն-ով պակաս Կոնգրեսի հաստատածից: Զինված ուժերի ֆինանսավորման համար նախատեսված ԱՄՆ օգնությունը նախատեսում է հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև. յուրաքանչյուր երկրին տրվելու է 3,5 մլն դոլար: Օբամայի որոշումը ողջունել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Սպիտակ տունը մի քանի անգամ փորձել է խախտել հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի, սակայն հանդիպել է Կոնգրեսի անհամաձայնությանն ու դիմադրությանը:

Ամերիկան հավատում է

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի` Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ Հայաստանը և Թուրքիան պետք է առաջ շարժվեն, վավերացնեն ու կյանքի կոչեն արձանագրությունները: «Մենք հավատում ենք, որ դրանք հնարավորություն են երկու կողմերի համար` շահեկանորեն հաղթահարել պատմական տարակարծությունները, հաստատել և կարգավորել հարաբերությունները, վերաբացել սահմանը և նպաստել տարածաշրջանային կայունությանը: Համարում ենք, որ երկու երկրների համար իրոք շահեկան է առաջ շարժվել այլ գործընթացներից անկախ, քանի որ սա երկու երկրների հետաքրքրությունների շրջանակում է»,- նշել է Ֆիլիպ Գորդոնը` ավելացնելով, որ Վաշինգտոնը կապի մեջ է երկու երկրների կառավարությունների հետ և խրախուսում է նրանց առաջ շարժվել:

Պահանջում են

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Կոլոմբիեն և Պրեսկոտը երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, թե մտադիր են բարձրացնել Նիկոլ Փաշինյանի դատապարտման հարցը: Համազեկուցողները նշել են, որ ինչպես Փաշինյանի, այնպես էլ այլ գործերի վերաբերյալ ՀՀ իշխանություններից պարզաբանումներ են ցանկանում ստանալ` ընդգծելով ԵԽԽՎ և ԵԽ համապատասխան մարմինների կողմից քաղաքական զարգացումների մոնիտորինգի անհրաժեշտությունն ու կարևորությունը: Համազեկուցողները ՀՀ ԱԺ-ին ուղարկելու են նամակ` խնդրելով ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին` մինչև մարտի 17-ին Փարիզում կայանալիք հանձնաժողովի նիստը ներկայացնել 2008 թ. մարտի 1-2 դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումների հստակ ժամանակացույց: «... Մենք գարնանը կայցելենք Երևան` նշված բարեփոխումների իրականացման համար հստակ ճանապարհային քարտեզ հաստատելու համար»,- նշել են նրանք:

Ըստ ԵԽԽՎ զեկուցողի` Մարտի 1-ը հեղաշրջման փորձ չէր

ԵԽ-ն երեկ հրապարակել է այն տեղեկատվական հաղորդումը, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը ներկայացրել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հունվարի 27-ի նիստում: Հաղորդման մեջ, մասնավորապես նշված է, որ ԱԺ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը «հաստատում է Վեհաժողովի համազեկուցողների այն դիրքորոշումը, որ մարտի 1-ի իրադարձությունները չեն եղել իշխանության յուրացման կանխամտածված փորձ»: Սամվել Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովի մասին նաև նշված է, որ այն «բացառապես ընդդիմությանն է վերագրում բևեռացված և լարված սոցիալ-քաղաքական մթնոլորտի մեղավորությունը և ընդհանրապես խուսափում է որևէ մեղավորություն վերագրել իշխանություններին»:

ԱԱԾ քննիչը` հիվանդանոցում

«Առավոտի» տեղեկություններով` փետրվարի 1-ին Արարատի մարզի Կանաչուտ գյուղի ձորն է ընկել «Ջիպ-ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, որում գտնվել են 26-ամյա Արթուր Գագիկի Մելիքյանը և 27-ամյա Տիգրան Ռոբերտի Սինոյանը: Մեքենան պատկանում էր Արթուր Մելիքյանին, որն էլ վարել է այն: Նրանք մարմնական վնասվածքներով երեկվա դրությամբ գտնվում էին «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ըստ թերթի աղբյուրի` Տիգրանը կապի և տրանսպորտի փոխնախարար, Զեյթունի նախկին թաղապետ Ռոբերտ Սինոյանի որդին է: Նա ԱԱԾ քննչական գլխավոր վարչության քննիչ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter