HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Աֆրիկյանը դեռ հոկտեմբերին իմացել է նախապատրաստվող փախուստի մասին

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի` «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի` ՔԿՀ-ի 5 աշխատակիցների մասով նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ Մհեր Ենոքյանը եւ Սողոմոն Քոչարյանը 2009 թ. ամռանը պլանավորել են փախուստ կատարել ազատազրկման վայրից` նախօրոք ուսումնասիրելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատաոճը:

Նրանք համոզվել են, որ վերջիններս ծառայության նկատմամբ դրսեւորում են անփույթ վերաբերմունք. պատշաճ կարգով բանտախցերը չեն խուզարկում, խցերից դուրս բերվելուց դատապարտյալներն անձնական խուզարկության չեն ենթարկվում, զբոսախցերում տեխնիկական զննում չի կատարվում, զբոսախցերի տանիքներին հսկողություն չի իրականացվում: Փախուստն իրագործելու նպատակով Մ. Ենոքյանը եւ Ս. Քոչարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ  տնտմասի դատապարտյալ Կիմ Հայրապետյանից նախապես ձեռք բերված եւ խցում թաքցված սղոցի կտորներով 3-4 ամիս կտրել են ՔԿՀ-ի թիվ 1 զբոսախցի տանիքի մետաղյա ճաղավանդակը: Բացի այդ` իրենց տրամադրության տակ ունենալով բավարար քանակության եւ տեսակի թելեր, տեւական ժամանակ մնալով առանց հսկողության` 9,5 եւ 2 մետր երկարության պարաններ են հյուսել, որոնց միջոցով էլ 2009 թ. նոյեմբերի 27-ին` ժամը 17:00-ի սահմաններում, հիշյալ ՔԿ հիմնարկի թիվ 1 զբոսախցի տանիքի ճաղավանդակի կտրված հատվածի միջով անցնելով, պարանների եւ մեկուսիչի օգտագործմամբ անցել են ահազանգման համակարգի  եւ արտաքին քողարկող պատի վրայով եւ ազատազրկման վայրից դիմել փախուստի:

Սակայն օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2009 թ.  դեկտեմբերի 18-ին` ժամը 17:45-ի սահմաններում, Երեւանի Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել է Մ. Ենոքյանը, իսկ նույն օրը` ժամը 23:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Մուղնի գյուղից հայտնաբերվել է նաեւ Ս. Քոչարյանը: Գլխավոր դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ` քննության ընթացքում պարզվել է, որ Մ. Ենոքյանի եւ Ս. Քոչարյանի կողմից պլանավորված փախուստը հաջողվել է իրականացնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներ ՔԿ հիմնարկի ցերեկային հերթափոխի ավագ Աղասի Սմբատյանի,  նույն հերթափոխի ծառայողներ Արա Աթաբեկյանի եւ Վանիկ Հարությունյանի, ՔԿ հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետ Սերժիկ Թամրազյանի, անվտանգության ապահովման բաժնի պետ Սեդրակ Արթենյանի կողմից դատապարտվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի, ինչպես նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի 2009 թ. նոյեմբերի 9-ի  հրամանի պահանջները խախտելու եւ չկատարելու հետեւանքով: Նախաքննությամբ պարզվել եւ հաստատվել է նաեւ, որ ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետ Սերժիկ Թամրազյանը  հոկտեմբերին ՔԿՀ-ի պետի կողմից տեղեկացված է եղել  նախապատրաստվող փախուստի մասին: Վերջինս պատասխանատվություն է կրել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ իրականացվող հսկողության եւ անվտանգության ապահովման համար:

Սակայն խախտելով գործող կանոնակարգը եւ հիշյալ հրամանի պահանջները, փախուստի նախապատրաստման նվերաբերյալ տեղեկություն ստանալուց հետո պարտավոր լինելով դատապարտյալներին վերցնելու առավել ուժեղ հսկողության տակ` չի ապահովել այն, որի պատճառով Ս. Քոչարյանն ու Մ. Ենոքյանը հսկողության բացակայության պայմաններում հնարավորություն են ունեցել իրենց խցում պատրաստել  ինքնաշեն պարաններ: 

Նույն խցում են պահվել նաեւ  բջջային հեռախոսները եւ ամսագրերից պատրաստված մեկուսիչը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցերեկային հերթափոխի ավագ Աղասի Սմբատյանը  պատասխանատվություն է կրել հիմնարկի ցերեկային հերթափոխի ծառայողների  աշխատանքների, խցերի ընդհանուր տարածքների տեխնիկական ստուգման եւ խուզարկության կազմակերպման համար:

Սակայն պատշաճ հսկողություն չի սահմանել վերոնշյալ աշխատանքների կատարման նկատմամբ: Արդյունքում` նոյեմբերի 27-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Մ. Ենոքյանը եւ Ս. Քոչարյանը  ցերեկային հերթափոխի ախշատակիցների կողմից դուրս են բերվել իրենց խցից,  հերթափոխի աշխատակից Վանիկ Հարությունյանը նրանց ձեռքերին գցել է ձեռնաշղթաներ, բայց անձնական խուզարկության չի ենթարկել` այդպիսով թույլ տալով, որ դատապարտյալներն իրենց հագուստի տակ խցից դուրս բերեն նախօրոք պատրաստված պարաններն ու մեկուսիչը:

Արա Աթաբեկյանը, ով  պարտավոր էր  դիտանցքով ստուգել  թիվ 1 զբոսախուցը, իր ծառայողական պարտականությունները նույնպես չի կատարել եւ միայն զբոսանքն ավարտվելուց հետո` ժամը 18:00-ի սահմաններում է հայտնաբերվել Մ. Ենոքյանի եւ Ս. Քոչարյանի փախուստը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Աղասի Սմբատյանին, Սերժիկ Թամրազյանին, Սեդրակ Արթենյանին, Արա Աթաբեկյանին եւ Վանիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  315-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց մասով  քրեական գործն անջատվել է  առանձին վարույթ եւ ուղարկվել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր  իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար: Այս գործով երեք մեղադրյալների մասով նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter