HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցեղասպանության զոհերի ժառանգներին կփոխհատուցվի 11 միլիոն ԱՄՆ դոլար

Նկատի ունենալով AXA ապահովագրական ընկերության կողմից Հայոց ցեղասպանության զոհ ավանդատուների իրավահաջորդներին վճարվելիք գումարների հետ կապված «Օրեր» ամսագրում ստացվող հեռախոսազանգերը` Պրահայում լույս տեսնող ամսագիրը պարզաբանման խնդրանքով կրկին դիմել է ամերիկահայ փաստաբան Վարդգես Եղիայանին:

Վերջինս պարզաբանել է, որ «AXAի համաձայնության  պահանջատիրական հիմնադրամի» խորհրդի ընդունած որոշումը հաստատվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կենտրոնական շրջանի Շրջանային դատարանի կողմից:  Քանի որ այդ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ վերանայման, խորհուրդը փակել է իր աշխատանքային գրասենյակը: Այսպիսով, հիմնադրամը ստացել էր 13 հազար 790 դիմում, որից ընդունվել է 996-ը, մերժվել` 12 հազար 794-ը: Յուրաքանչյուր  դիմումի համար տրվող գումարը 8 հազար ԱՄՆ դոլարից մի փոքր ավելի է: Հասցեատերերի անուններն ըստ երկրների դեռեւս ենթակա չէ հրապարակման, սակայն 2 շաբաթվա ընթացքում բոլորին նամակներ կուղարկվեն:

«AXA-ի համաձայնության պահանջատիրական հիմնադրամը» միավորում էր Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդների շահերի պաշտպանությամբ զբաղվող երեք ամերիկահայ փաստաբանների` Վարդգես Եղիայանի, Բրայն Քաբատեկի եւ Մարկ Գիրակոսի գրասենյակները, իսկ ներկայացված դիմումների վերաբերյալ որոշում է կայացրել հիմնադրամի խորհուրդը` Սամուել Շնորոքյանի (Փարիզ), Հիլդա Չոբոյանի (Լիոն), Դկ. Զավեն Գաբրիելյանի (Մարսել) մասնակցությամբ եւ Բարսեղ Քարթալյանի (Լոս Անջելես) տնօրինությամբ: Որոշումները պատրաստ էին դեռեւս 2009 թ. հուլիս-օգոստոսից, բայց տեխնիկական պատճառներով դատարանի որոշումը կայացվեց միայն 2010-ի հունվարի վերջին: AXA -ից ստացված 17.6 միլիոն ԱՄՆ դոլարից 11 միլիոնը պետք է բաժանվի ժառանգորդներին: Մնացյալը տրվել է փաստաբաններին եւ հայկական համայնքային ու բարեգործական կազմակերպություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter