Փրկենք «Երևանի թոքերը»` Դալմայի այգիները
Բաց նամակ` ուղղված Հանրային խորհրդի նախագահ Վ. Մանուկյանին, Խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահ Յու. Ջավադյանին և Խորհրդի անդամ Կ. Դանիելյանին
Հանրային խորհրդի քննարկմանն ենք ներկայացնում խորհրդի գլուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի բնապահպանության ենթահանձնաժողովի անդամ ՀԿ-ների, փորձագետ-էկոլոգների, ինչպես նաև մեծ թվով այլ ՀԿ-ների մտահոգությունն ու անհանգստությունը դեռ ոչ վաղ անցյալում «Երևանի թոքերը»,
Երևանի տարածքում միակ ցածրադիր զանգվածային կանաչ գոտին հանդիսացող, ներերկայումս «համեղ կտորներով անհատ իշխանիկներին» տրամադրած, անհատական կառուցապատման ենթակա օբյեկտի վերածված Դալմայի այգիների էկոլոգիական և ոչ միայն էկոլոգիական անմխիթար իրավիճակի հետ կապված: Շինարարության տակ է դրվել հազարամյակների մշակույթային, պատմական, ազգային-ավանդական երկրագործական, բնապահպանական բազմաֆունկցիոնալ մի համալիր` Դալմայի այգիները: Առանց պետական համապատասխան գերատեսչությունների լիարժեք համաձայնության ու ՀՀ օրենքներով և վավերացված միջազգային կոնվենցիաներով նախատեսված ընթացակարգերի պահպանման (տես` ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական հարցերով Խորհրդի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի 2008 թ. հունիսի 11-ից 13-ը Ռիգայում կայացած նիստի 111/6 Որոշումը) և, հատկապես, առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրական եզրակացության ու հասարակական լսումների դրական կարծիքի` մոտ 1,5 մլն բնակչություն ունեցող քաղաքամայր Երևանի ցածրադիր տարածքում գտնվող միակ կանաչ զանգվածը, ինչ-որ անհատների շահերից ելնելով, ոչնչացվում ու շինարարության տակ է դրվում: Դալմայի այգիների փաստացի ոչնչացմանը նպատակաուղղված ՀՀ կառավարության 2004 թ. թիվ 1941-Ա որոշումը, հակառակ բոլոր իրավական, տրամաբանական ու խղճի մտոք հիմքերի, դիտվեց որպես «անհատական»: Դրանով էլ հնարավորություն տրվեց Երևանի քաղաքապետարանին հայտնի, կանխագծված սցենարներով ու դերակատարներով, մաս-մաս աճուրդի հանել Դալմայի այգուց հողակտորներ` այդ կերպ արհամարելով ոչ միայն այդ տարածքների 1800-ից ավելի վարձակալներին, այլ նաև այդ անձանց հետ պայմանագրեր կնքած ՀՀ իշխանության համապատասխան մարմինների որոշումները:
Այսպես, 05.03.1991 թ. ՀՀ կառավարության թիվ 166 որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետի համաձայն` ՀՀ քաղաքացիներին հատկացված հողամասերը պետական կարիքների համար կարող են հետ վերցվել միայն, երբ այդ քաղաքացիներին, իրենց համաձայնությամբ, այլ համարժեք հողամաս է հատկացվում:
Դալմայի այգիներին նույնիսկ ՀՀ Մշակութային Հուշարձանի կարգավիճակը չի փրկում: Մեր նախնիները` Ուրարտական թագավորները, իրենց շինարարական արձանագրություններում վկայում են, որ խաղողի կորիզներով ստեղծած նույն այդ Դալմայի այգիները պահպանելու համար ջրանցք է փորվել Հրազդան գետի ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու համար: Սա մեր նախնիները, իսկ մե՞նք: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի թիվ 28 կետի պահանջները խախտելու դեպքում քաղաքաշինական գործունեության սուբյեկտները կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով: Սակայն Դալմայի այգիների կառուցապատման պարագայում թե´ ՀՀ և, թե´ անգամ միջազգային կոնվենցիաների պահանջները չեն կատարվում:
Այսպես, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջի համաձայն` «շրջակա միջավայրի վրա ազդեցության պարտադիր փորձաքննության են ենթակա նախատեսվող այն գործունեությունները, որոնց ցուցանիշները գերազանցում են հետևյալ չափերը`
- քաղաքաշինության ոլորտում շենքեր, կառույցներ, համալիրներ և այլն` 1000 քմ կառուցապատման մակերեսով:
Ըստ ՀՀ նույն այդ օրենքի` 1. «փորձաքննությունն առնվազն պետք է ընդգրկի ա) Նախատեսվող գործունեության հնարավոր ուղղակի և անուղղակի ազդեցության կանխորոշում, նկարագրում և գնահատում`
- կլիմայական պայմանների, բուսական ու կենդանական աշխարհի, էկոհամակարգերի առանձին տարրերի, նրանց փոխհարաբերության ու կայունության, բնության հատուկ պահպանվող տարածքների, լանդշաֆտի, երկրաձևաբանական կառույցների, օդի, մակերեսային և ստորերկրյա ջրերի, ընդերքի, հողի,
- բնակչության առողջության և բարեկեցության, - բնակավայրերի շրջակա միջավայրի,
- բնական պաշարների օգտագործման,
- պատմամշակութային հուշարձանների նկատմամբ: բ) Այլընտրանքային լուծումներ, այդ թվում` զրոյական գործողության այլընտրանք (նախատեսվող գործունեության բացառում), դրանց համեմատական վերլուծություն և առավել ընդունելի տարբերակի ընտրություն:
գ) Շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության վերացման կամ նվազեցման միջոցառումներ:
դ) Նախատեսվող գործունեության բնապահպանական վնասակար ազդեցության պատճառով ընտրված զրոյական տարբերակի դեպքում տնտեսական և սոցիալական զարգացման և շրջակա միջավայրի վրա հետևանքների մանրակրկիտ գնահատում:
2. Նախատեսվող գործունեության փորձաքննության ընթացքում գնահատվում է շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը կառուցման, շահագործման, լուծարման ընթացքում և լուծարումից հետո, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում:
3. Նախատեսվող գործունեության ազդեցության փորձաքննության ընթացքում հաշվի են առնվում տվյալ տարածքի սոցիալ-տնտեսական, էկոլոգիական և պատմամշակութային առանձնահատկությունները: 2009 թ. հոկտեմբերի 26-ին Երևանի «Էրեբունի» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանում ամենախոշոր զվարճանքի «Դալմա Գարդեն Մոլ» կենտրոնի նախագծի շնորհանդեսը, որը զբաղեցնելու է 46150,41 քմ տարածք:
Դալմայի այգիների տարածքում մինչև 2011 թ. վերջը նախատեսվում է 2 հա հողատարածքի վրա կառուցել նաև «Հիլթոն Գարդեն Ինն» երեք աստղանի հյուրանոց: Հյուրանոցին կից կկառուցվի նաև մոտ 3500 քմ ցուցահանդեսային տարածք: Այսպիսով, մոտ 1,5 մլն բնակչություն ունեցող Երևանի տարածքում գտնվող միակ ցածրադիր զանգվածային կանաչ գոտին` «Երևանի թոքերը», զոհաբերվում է ինչ-որ զվարճանքի Հայաստանում ամենախոշոր կենտրոնի, հյուրանոցի, ցուցասրահի շինարարության համար, այս ամենը կարգավորելով «անհատական» որոշումներով: Եվ դա այն դեպքում, երբ ըստ պաշտոնական տեղեկատվության, ՀՀ-ում առաջին տեղում են կրծքագեղձի և թոքերի քաղցկեղով հիվանդները և, որ բնակչության 90% -ը ենթակա է նորագոյացությունների:
Ավելին` վերջերս Մամոգրաֆիայի կենտրոնի մասնագետները հայտարարեցին, որ ներկայումս Երևանում կրծքագեղձի քաղցկեղ դիտվում է նաև տղամարդկանց մոտ: Էկոհամակարգի դինամիկ հավասարակշռության այսօրինակ բարբարոսական խարխլումը հանգեցնելու է Երևանի տարածքի արագ անապատացմանը: Այս գործընթացների հեռանկարն էլ ավելի վտանգավոր է դառնում, եթե դրանք դիտարկենք գլոբալ կլիմայական փոփոխությունների արդյունքում գլոբալ տաքացման կոնտեքստում:
Ելնելով վերն ասվածից` խնդրում ենք - քննարկել այս հարցը ՀՀ Հանրային խորհրդի «Գյուղատնտեսության և բնապահպանության» հանձնաժողովում և ՀՀ Հանրային խորհրդում: ՀՀ համապատասխան կառույցներից պահանջել`
- «Դալմա Գարդեն Մոլ» զվարճանքի կենտրոնի (զբաղեցնելիք տարածքը` 46150,41 քմ), «Հիլթոն Գարդեն Ինն» երեք աստղանի հյուրանոցի ու ցուցասրահի (զբաղեցնելիք տարածքը` 23500 քմ) և ողջ Դալմայի այգիների կառուցապատմանն ուղղված ՀՀ կառավարության 27.03.03 թ. N 1941-Ա որոշման կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարից եզրակացություն` Երևանի բնակչության առողջության վրա հնարավոր ուղղակի և անուղղակի ազդեցության կանխորոշման, նկարագրման և գնահատման մասով,
- ՀՀ վարչապետից` վերոնշյալ փորձաքննության ողջ համալիրով (ներառյալ` այլընտրանքային լուծումները)` օրենքով պահանջվող շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և դրական եզրակացության փաստաթղթերի պատճեները: Եթե այդպիսիք, այնուամենայնիվ, չհայտնաբերվեն, ապա խնդրում ենք պահանջել նույնատիպ փորձաքննության անցկացում, քանի որ
- ՀՀ օրենքը նախատեսում է, որ այդպիսի փորձաքննություն կարող է կատարվել ՀՀ նախարարությունների և պետական իշխանության այլ մարմինների, նաև Հասարակական կազմակերպությունների ու առանձին խմբերի նախաձեռնությամբ և արգելվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության իրականացում` առանց դրական փորձաքննական եզրակացության: ՀՀ Հանրային խորհրդի մեծարգո նախագահ, ՀՀ ՀԽ մեծարգո անդամներ, միահամուռ ուժերով մենք կարող ենք կանխել մեր քաղաքամայր Երևանի առանց այն էլ խաթարված էկոհամակարգի հետագա, անդառնալի ոչնչացումը, ինչի հետևանքները կործանարար են լինելու բոլորիս համար: «Երևանի թոքերը»` Դալմայի այգիները, մեր բոլորինն են: Հազարամյակներ առաջ մեր նախնիների կողմից իմաստնորեն հիմնած այդ այգու ամբողջական էկոհամակարգը, որ ազգային արժեք է, պետք է վերականգնել ու պահպանել, արգելելով այդ տարածքում որևէ շինարարություն, որ կխաթարի Դալմայի այգիների` քաղաքամայր Երևանի էկոհամակարգի հավասարակշռությունը: Դալմայի այգիների էկոհամակարգի ամբողջական պահպանումն ու զարգացումը ճիշտ լուծումների պարագայում կխթանի էկոտուրիզմի զարգացմանը մեր երկրում: Դալմայի այգիների էկոհամակարգի պահպանումն ու զարգացումը առավել անհրաժեշտ է դառնում գլոբալ տաքացման վտանգի հեռանկարի պայմաններում:
Հարգանքով` ՀՀ ՀԽ Բնապ. ենթահ. նախ. Ն. Վարդանյան ՀՀ ՀԽ Բնապ. ենթահ. պահպ. տարածք. խմբի ղեկ. Կ. Մանվելյան ՀՀ ՀԽ Բնապ. ենթահ. անդամ Ս. Հարությունյան ՀՀ ՀԽ Բն. ենթահ. և մշ. ու գիտ. հանձ. անդամ Ռ. Ղազարյան ՀՀ ՀԽ Բնապ. ենթահ. քաղաքն. բնապահպ. խմբի ղեկ. Մ. Հակոբյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել