HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Աշխատանքի մեջ պիտի ունենաս կյանքի աքսիոմի պես մի բան` կատարել գործ ոչ հասարակ, բայց ճաշակով (վիդեո)

Մոտ 10 տարի առաջ Գյումրիի Վ. Աճեմյանի անվ. դրամատիկական թատրոնի հարեւանությամբ գտնվող բնակելի շենքի անկյունում, ոչ այնքան մեծ մի տարածքի վրա հայտնվեց Հմայակի թեյերի եւ սուրճի մասնագիտացված խանութը:

Տարիների ընթացքում տեսականին մի փոքր փոփոխության ենթարկվեց: Թեյի ու սուրճի կողքին տեղ գրավեց քաղցրավենիքի, հյութերի, գինու, կոնյակի տեսականին, ծխախոտ եւ այլն: Խանութի տարածքը գնալով նեղացավ, սակայն դա չխանգարեց ծագումով լոռեցի, ճակատագրի բերումով լենինականցի դարձած 54-ամյա Հմայակ Նիկողոսյանին շարունակել նույն բարեհոգությամբ սպասարկել հաճախորդներին:

«Սրտներս լեն էղնի» կասեր գյումրեցին,- Հմայակը ժպտում է, սակայն հանկարծակի լուրջ դեմք ընդունելով՝ շարունակում,- ես երբեք նպատակ չեմ ունեցել խորանալ այս բիզնեսի մեջ: Տեսնո՞ւմ եք կաշվի վրա արված այս գործերը, սա է իմ մեծ նպատակը, ոչ թե փոքր խանութը մեծի վերածելը»:

Անտարբեր գնորդը հնարավոր է այդպես էլ ոչինչ չնկատելով՝ իր մի տուփ թեյը կամ սուրճը գնի ու հեռանա այս խանութից, սակայն առավել ուշադիր մեկն անմիջապես կնկատի վաճառվող ապրանքատեսականու հետ որեւէ կապ չունեցող տարբեր կաշվե իրերի առկայությունը խանութի զանազան անկյուններում: Հմայակը ձեռքն է վերցնում դրանցից մեկը, որ ինչպես պարզվում է հետո՝ գրքի համար նախատեսված զետեղարան է:

«Սրա պատրաստման գաղափարը մեջս հղացավ, երբ մի օր երեխայիս խնդրեցի ինձ փոխանցել Աստվածաշունչը, իսկ այն, չգիտես ինչու, դրված էր ոչ թե ամենաերեւացող տեղում, այլ գրադարակի խորքում,- պատմում է Հմայակ Նիկողոսյանը,- վատ զգացի դրանից: Աստվածաշունչն այն գիրքն է, որ պիտի ոչ միայն աչքիդ առաջ լինի մշտապես, այլ հատուկ վերաբերմունքի արժանանա: Դրա համար էլ որոշեցի հաստափոր գրքի նմանությամբ այս զետեղարանը սարքել: Ամբողջն արված է կաշվից, ներսում «Հայր մերն է» գրված եւ 10 պատվիրանը: Մարդն ամեն անգամ ուզենալով Աստվածաշունչը ընթերցել, իր կամքից անկախ՝ նախ եւ առաջ տերունական աղոթքն է ասում, հետո կարդում շատ կարեւոր «չի կարելիների» շարքը` այսինքն 10 պատվիրանը: Կարծում եմ՝ ով սա ձեռք կբերի, կհավանի թե արված աշխատանքը, թե մտահղացումը»:

Հմայակն ասում է, որ իր գերագույն նպատակն է ստեղծել այսպիսի 100 զետեղարան օտար լեզուներով, սակայն հայկական զարդանախշերով: Հմայակի համոզմամբ՝ օտարերկրացին այն անպայման կգնի, թեկուզ միայն նրա համար, որ նույն 10 պատվիրանը կլինի իրեն հարազատ արաբերեն, ֆրանսերեն կամ անգլերեն լեզվով: «Ես պատրաստել եմ զետեղարան՝ վրան ռուսական խաչով, ռուսերեն տերունական աղոթքն է գրված ներսի կողմում՝ կաշվի վրա, սակայն զարդանախշերը հայկական են, որ իրենց չի խանգարում, բայց գնողին մշտապես հիշեցնելու է Հայաստան լեռնաշխարհի մասին»,- ասում է Հմայակը:

Հմայակի կատարած աշխատանքներում հիմնականում իշխում է աստվածաշնչյան թեման: Տարբեր չափերի կաշվե պաստառների վրա արված Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» եւս Հմայակի նախընտրած աշխատանքներից է: Փորձում է ինքնատիպ պայուսակներ ստեղծել, գրասենյակային իրեր, աքսեսուարներ` հիմնականում չկրկնվող: Ասում է՝ սովորաբար մարդիկ գնում են արտասահմանում գտնվող հարազատներին նվիրելու նպատակով, որպես ինքնատիպ գործ, թեպետ «Տերունական աղոթքը» նաեւ սեփական տանը ունենալու համար են տանում: Շատ հաճախ ինքն է նվիրում: Կաշվի վրա արվող այդ գործերը դեռ արտադրություն չի կարելի կոչել, դա իր հոբբին է, այ երբ իր բոլոր մտահղացումներից գոնե մեկ օրինակ կունենա պատրաստած, այդ ժամանակ էլ կմտածի սրահ բացելու մասին:

Կրթությամբ ինժեներ-տեխնոլոգն անգամ խորհրդային տարիներին չի համակերպվել վարչական աշխատանքի հետ: Սպիտակ քաղաքում աշխատել է կարի գործարանում, որպես պլանավորման բաժնի վարիչ: 4 ամիս հետո հեռացել է գործարանից: «Այսինքն՝ եղել է իներտ ամեն ինչը, լսել ես հրահանգը ու կատարել: Միշտ մտածել եմ, որ կարելի էր աշխատել 2 ժամ, բայց ես աշխատել եմ 12 ժամ, ինձ հետ էլ 4-5 հոգի, այսինքն՝ օգտակար գործողության գործակից չեմ տեսել ես դրա մեջ, դրա համար էլ միշտ ձգտել եմ ինքս գործ ստեղծել: Դժվարությունը ինձ միշտ հաճույք է պատճառել,- բացատրում է Հմայակը,-25 տարեկանից սեփական գործ եմ ունեցել, երկար տարիներ աշխատել եմ Սամարա քաղաքում, կոոպերատիվների ժամանակ սեփական բիզնես եմ ունեցել, բայց այս կյանքում որպեսզի հետք թողնես, պիտի մի այլ բանով զբաղվես, ոչ թե խանութ աշխատացնես, էդ էլ իմ հոբբին է, հանուն որի արդեն 10 տարի է քայլ առ քայլ, տուն սարքելու պես քարը քարի վրա եմ դնում»:

Հմայակ Նիկողոսյանը պատմում է, որ առեւտրով սկսել է զբաղվել, որպեսզի ընտանիքը պահի` կնոջն ու երկու զավակներին, բայց երբեք իրեն հոգեհարազատ չի համարել այս ոլորտը: «Աշխատանքի մեջ պիտի ունենաս կյանքի աքսիոմի պես մի բան` կատարել գործ ոչ հասարակ, բայց ճաշակով: Ես ապրել եմ Ռուսաստանում եւ շփվել արիստոկրատ ապրելաձեւով առանձնացող մարդկանց հետ, դա էլ է շատ ազդել իմ մտածելակերպի վրա: Օրինակ՝ ես կարծում եմ, որ լավ սուրճն ու թեյը վայելք է, եթե այն վատն է, ուրեմն չարժե խմել: Եթե հացը կարելի է ուտել չափավոր, մի կտոր մսով հագենալ, ապա սուրճից ու թեյից պետք է հաճույք ստանալ, պարզապես նստել ու վայելել,- ասում է Հմայակը,- հիմա այս խանութն իմ հանապազօրյա հացն է, իսկ կաշվից ստեղծված գործերը կարելի է ասել` թեյը կամ սուրճը»:

Հմայակն ասում է, որ նախասիրությունը զարգացնելու գործում առեւտրով զբաղվելը ոչ միայն չի խանգարում, այլեւ օգնում է:  «Ես հաճախ եմ շփվում իմ հաճախորդների հետ, փոքրիկ զրույցներ վարում, որ մարդը չձանձրանա: Երբ ինձ անծանոթ մարդիկ են ընտրություն կատարում իմ խանութում, ես փորձում եմ գուշակել, թե օրինակ ինչ ճաշակի, ինչ մակարդակի մարդ է, արդյոք այդ մարդը պարզապես գնո՞րդ է, թե գիտի բերանի համը: Գիտե՞ք՝ մարդիկ կան, որ մտնում են խանութ ու ասում՝ տվեք 250 դրամանոց «աէրոբիկա», ես իհարկե հասկանում եմ, որ նրա համար լրիվ միեւնույն է, թե ինքը սխալ անուն է տալիս, որ սուրճը «արաբիկա» տեսակն է ու սկսվում է, ասենք, 3500 դրամից: Բայց այդ պահին դա չէ էականը: Հնարավոր է՝ այդ մարդն իր խոսքի մեջ որեւէ օգտակար մի բան հուշի ինձ,- ասում է Հմայակը,- Արվեստների ակադեմիան մեզանից մի քիչ վերեւ է, դե ուսանողները հաճախակի են մտնում իմ մոտ գնումներ անում, զրուցում, շփվում եմ նաեւ թատրոնի դերասանների հետ: Այ էս տիպի շփումներն են, որ ինձ շատ ոգեւորում են ու տարբեր մտահղացումների հիմք հանդիսանում: Եվ հետո, որեւէ նոր բան սկսելուց առաջ կան մարդիկ, որոնց հետ ես անպայման խորհրդակցում եմ եւ գործն ավարտելուց հետո էլ անպայման հանձնում նրանց դատին»:

Գյումրին լքելու մտադրություն Հմայակ Նիկողոսյանը երբեք չի ունեցել: Օտար քաղաքներն այլեւս չեն ձգում: «Իմ կարծիքով, մարդ իրեն լիարժեք կարող է զգալ միայն սեփական հողի վրա, իր հարազատ քաղաքում, դրա համար էլ անգամ երկրաշարժից հետո գերադասեցի մնալ ու աշխատել Գյումրիում,- Հմայակի խոսքը համոզիչ է հնչում,- եթե դու փայլող ադամանդ ես, խոտի դեզի մեջ էլ կփայլես ու եթե արժեքավոր լինես, բիծ չունենաս, անպայման ոսկե շրջանակի կարժանանաս»:  

Մեկնաբանություններ (1)

Harut
jaaaaan

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter