HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Երբ զանգվածի մարդուն վստահվեց հավաքական ճակատագրի պատասխանատվությունը

Դուրս շպրտվելով բնությունից, օտարվելով հարազատ ափից, մարդը բռնեց այլ ափ տանող ճանապարհը: Այդ ճանապարհին նա ձեռք բերեց բանականություն, գիտակցեց կորցրած նախկին տեղի արժեքն  ու … թշնամացավ: Չարացավ իր բախտի դեմ, իր բնօրրանից իրեն վռնդողի դեմ, իր բնօրրանի դեմ: Այդ չարությունն է, որ ծնել է քաղաքակրթությունն ու այդ քաղաքակրթության ստեղծած բարիքները:

Ու հիմա էլ մյուս ափ տանող իր ճանապարհին մարդը պայքարում է ինքն իր դեմ, էվոլյուցվելով, ձգտում է զտել ու մաքրել  իր մեջի չարը, այդ ինքնամաքրման գործընթացում չարածն ու «չի կարելիների» ողջ համախումբը փորձելով նետել դուրս իրենից … մինչ այսօր ապարդյուն:

Այդ դուրս ասվածը պարզվում է  նույն մարդու մեջ բուն դրած ենթագիտակցականն է, իսկ դուրս նետվածն էլ այդ նույն անգիտակցականի խորքում ամուր նստած ամենանվիրական ցանկություններն են: Եվ հենց այդ  բոլոր «չի կարելիների» շտեմարան հանդիսացող ենթագիտակցականն էլ իր պատմականության մեջ մարդ տեսակին դարձրեց բնօրինակը կորցրած գենետիկ խոտան:

Մարդու իր բնօրինակից շեղման ամենացայտուն օրինակ է նորանկախ Հայաստանի մեծահարուստը: Որպես առանձին երկրում կոմունիզմ կառուցելու ձախողված փորձի արգասիք, քաղաքակրթության միջգյուղյա ճանապարհին որերորդ անգամ նորից հայտնվեց հայկական պետություն կոչվածը: Հայտնվեց ու խնդիր դրեց հայ նորանկախ պետության մեքենան մայրուղի դուրս բերելուց առաջ ըստ հավուր պատշաճի այն նախապատրաստել այդ ճանապարհի պայմաններին համապատասխան:

Մայրուղում շքեղ մեքենաներ էին իրենց հարուստ տերերով: Եվ նրբերշիկների կիլոմետրանոց շարաններ սպառած, իշխանության բուրգի գագաթին հայտնված խորհրդային արդեն նախկին մտավորականը հասկացավ, որ պետք է ոչ միայն արագ ձեռք բերել բարձրարժեք ու արագընթաց մեքենաներ, այլ պետք է արագ լրացնել հարուստ լինելու պատմական «անարդար» բացը:

Նախորդ համակարգում «իրենց արժանի տեղը չգտած» վիրավորվածներն  ու խռովածները ազատություն տվեցին մինչ այդ կարմիր աքցանով զսպված բնազդներին: Եվ անցած դարի իննսունականների սկզբի պատերազմի, բլոկադայի  ու սովի տարիներին սկսեցին վեր խոյանալ հայ առաջին մեծահարուստների առաջին երկնաքերները :

Աշխարհասփյուռ հայությունը պատմական հայրենիքի իր իշխանավորին սկսեց սովորեցնել «մեծ ճանապարհի» արիստոկրատիկ կարգն ու կանոնը: Աշխարհի ծայրագավառ հանդիսացող Հայաստանում հայտնվեցին արևմուտքում որպես հնոտի ուտիլիզացված առաջին «յագուարներերն» ու «համերները»: Հիմա ամեն ինչ գուցե երեւա այլ կերպ. իր քսանամյա անկախությունը բոլորած երկրի նոր դարի առաջին տասնամյակի վերջին  միջգյուղյա ճանապարհներին դեգերող հայ մեծահարուստին գուցե թվա, որ ինքն արդեն «մեծ ճանապարհին» է:

Եվ գուցե թվա նորօրյա մազութի համոներին, որ Երկիր Նաիրին միֆ չէ, այլ իրականացած երազանք: Սակայն որքան էլ տարփողի պալատական միտքը,  թե մենք աշխարհի հետ ենք ու աշխարհի նման, փաստը մնում է փաստ, որ աշխարհը առաջ է գնացել հենց վերջին այս քսան տարիներին, որում հայ նորահարուստը իր դամբանաբուրգերն է կառուցում հայրենակցի ոսկորների վրա:

Շատ կարճ պատմական հետհայացքով, եթե գնահատենք վերջին երկու տասնամյակում մարդու ներքնաշխարհում կատարվածը, ապա կտեսնենք,  որ մարդը` քաղաքակիրթ աշխարհի  ունեւոր մարդը, որոնել ու հաստատել է արժեւորումների նոր համակարգ: Այն ընթացքում, երբ հայ իշխանիկները բլուրների բարձրունքներին իրենց պալատներ են կառուցում, քաղաքակիրթ ունեւորը մարդու նոր բնօրինակի տիեզերական որոնման ճանապարհին մի ցատկաչափ էլ է գնացել առաջ:

Քաղաքակիրթ ունեւորը վաղուց է կատարել դամբարան-պալատներով մարդու ինքնահաստատման պատմական անցումը: Հումանիզացիայի ճանապարհը բռնած հավաքականությունների համար  յոթնբլուրյա պատրիարխ պոլիսների պատմությունը խրեստոմատիկ դիստիպլին է, որի չիմացությունը տեղական նշանակության մեր ֆեոդին դեռ պահում է մայրուղուց շատ հեռու, արվարձանային ճանապարհի փակուղում:

Մեր պատմական տեղապտույտի էությունը  կայանում է հատկապես նրանում, որ նորանկախ պետության ղեկը վերցրած սոցիալական անապահով շերտերից վեր բարձրացած ընչազուրկի արագ հարստանալու խնդիրը անկախանալուց երկու տասնամյակ անց էլ դուրս չի գալիս օրակարգից: Եվ կուտակման այդ մոլուցքում մոռացվում է հայազգի  մարդ արարածի գերխնդիրը:

Մանուկ տարիքում միլիցիոներ, կամ հրշեջ դառնալու երազանքով ապրող ամբոխի մարդու համար, երբ բացվեց իշխանական բարձունքներ տանող դուռը, այդ նույն պահին էլ նրա մոտ վերացան  ենթագիտակցական ցանկությունները գործի դնող մեխանիզմի արգելակները:

Արդյունքում ամենանկատելի տեղերում անհայտ ծագմամբ «իշխանների ու իշխանազունների» համար վեր խոյացած տներ, որպես երես առած մանկան իրականացած ցանկություն, որպես արքայավայել կյանքի երազխաբություն, որպես նյութականացած ուտոպիա` «տեղ մտացածին, որ երբևէ գոյություն չի ունեցել»:

Մարդն օտարվելով բնությունից փորձում է հիշողության խոր ընդերքներից վեր հանել, նկարագրել ու որպես ժառանգություն պահպանել կորցրած բնօրրանի մտապատկերը:

Այդպես արել են  քաղաքակիրթ ազգերի պայծառ դեմքերը: Նրանցից ամենահամարձակը երազել է, մյուսը սուր ու արյունով փորձել է իրականացնել այդ երազանքը: Ուտոպիստը խաչվել ու հրկիզվել է իր ժամանակին, հետո սրբագործվել ու դարձել է լուսատու իր հաջորդի համար:

Այդպես կայացել ու հաստատվել է ներկա քաղաքակրթությունը: Իսկ մե°նք…: Ինչպես պարզվեց մեր ուտոպիաները ծնող  ծագումնաբանական աղբյուրն է ոչ մարդկային:

Շպարված ու ծեքծեքուն արքայագովերգ հայ գեղարվեստական երկ ու պատմությամբ սնված  մեր նորահարուստների ենթագիտակացականի խորքերում պարզվում է կար նմանակին սեփականազրկելու ու ստրկացնելու նվիրական մի ցանկություն, որն իրականացավ ամենաթողտվության պարագայում, երբ զանգվածի մարդուն վստահվեց հավաքական ճակատագրի պատասխանատվությունը:

03 փետրվարի 2010 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter