Ռեժիսոր Ժիրայր Աղավելյանը ներկայանում է անհատական ցուցահանդեսով
«Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում վաղը՝ ժամը 18:00-ին, անհատական ցուցահանդեսի բացում է: «99 Pleasant» խորագրի ներքո լուսանկարների ու լուսանկարչական կոլաժների յուրօրինակ համադրությամբ կցուցադրվեն ռեժիսոր Ժիրայր Աղավելյանի աշխատանքները:
Սրահում ներկայացվող ցուցադրանքին զուգահեռ` սահող տեսաֆիլմի ձևաչափով, կներկայացվեն նաև արվեստագետի գեղարվեստական ու վավերագրական լուսանկարների ու լուսանկարչական կոլաժների տեսաշարերից կազմված երեք ֆիլմ, որոնցից մեկի՝ «Յուպիտերի» համար երաժշտությունը հեղինակել է հենց ինքը` Ժիրայր Աղավելյանը:
Հայ ռեժիսորը, ով այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում ու երբեք չի ապրել անկախ Հայաստանում, ցուցահանդեսը նվիրում է Հանրապետության անկախության հոբելյանական 20-ամյակին: «99 Pleasant»-ը բաց կլինի մինչև սեպտեմբերի 17-ը:
Ժիրայր Աղավելյանի ստեղծագործությունը դժվար է տեղայնացնել վիզուալ արվեստների ընդունված ու ավանդական ժանրային դասակարգումների կարծրատիպերի մեջ: Համակված պոետիկ լիցքով` նրա լուսանկարները վավերագրականի ու գեղարվեստականի, լուսանկարչականի ու կինեմատոգրաֆիստականի երերուն սահամանագծի վրա են, որտեղ աչալուրջ փաստագրողի զգոնությունն ու խորազգա ստեղծագործողի զգայունությունը խաչաձևվում են` ստեղծելու իրականության տեսողական պատկերումներ, որոնցում լուսանկարները թողնում են ֆիլմից վերցված կադրի ակնապատիր տպավորություն, իսկ իրականության փաստացի պատկերագրությունները թվում են, թե գեղարվեստական մտակերտումներ են:
«99 Pleasant»-ը ռեժիսորի ամերիկյան հասցեի` Բոստոն քաղաքի Փլեզանթ 99 փողոցի այսօրինակ վերընթերցման փորձ է, որում ներկայացված են թե առանձին լուսանկարներ, թե լուսանկարների ու կոլաժների ամբողջական շարքեր, որոնցից մեկի հերոսներն, օրինակ, ԽՍՀՄ-ից Բոստոն արտագաղթած Հայրենական պատերազմի տարեց վետերաններ են: Մեկ այլ շարքում, ի թիվս այլոց, լուսանկարի տեսքով վերապատկերված են Վերածննդի շրջանի հայտնի կտավներ, որ լուսանկարների տեսքով ու գեղարվեստական մեկնության յուրօրինակ լուծումներով, վերհառնում են Ժիրայր Աղավելյանի ռեժիսորական դիտանկյունից:
Ժիրայր Աղավելյանը ծնունդով Հայաստանից է, սակայն 1991-ից ի վեր բնակվում է Միացյալ Նահանգներում: Լինելով Լենինգրադի Կուլտուրայի ինստիտուտի Կինոյի բաժնի շրջանավարտ, հետո նաև Երևանի կենտրոնական հեռուստաալիքի` այժմ Հ1, ռեժիսոր, նա հեղինակել է շուրջ մեկ տասնյակ գեղարվեստավավերագրական, այդ թվում՝ միջազգային փառատոնների մասնակից կինոնկարներ «Վարդանանք» /1984թ./, «Քարերի սիմֆոնիա» /1987թ./, «Լավաշ» /1988/, «Ո՞վ է նա` Էդվարդ Ղազարյանը» /1985թ./, «Հավերժի ճամփորդը» /1989թ./ «Նռան ճյուղերով բոցուն» /1989թ./, «Տո՜ւր մեղքերիս իմ թողություն» /1991թ./, «Armenian struggle for survival/ Գոյատևելու հայկական պայքարը» /1993թ./: Այս մասին հայտնում է ՆԱՄ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դավիթ Իսաջանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել