Նազանքով ու երազանքով
«ՉԻ» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերջերս փոփոխություն է կատարել Էջմիածնի իր կառույցում: Կուսակցության այդ կառույցի դե ֆակտո ղեկավար է նշանակվել «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի տիկին, ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Նազիկ Ամիրյանը:

Այս քայլով ԲՀԿ առաջնորդը փորձել է ուժեղացնել նաև Էջմիածնի կառույցը, որտեղ ԲՀԿ-ն բոլոր ընտրություններում նախանձելի վիճակում չի եղել:
Հիշեցնենք, որ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանն է, որը վերջին երկու տարում անասելի լարված հարաբերությունների մեջ է իր հորեղբայր Մանվել Գրիգորյանի հետ: Հավանաբար հենց այս գործոնն է էական դեր խաղացել, որպեսզի ճեղքվի Գրիգորյանների «դինաստիան», և ՀՀԿ ավանդական ձայներն այդ մարզում կիսվեն:
«Չբացառված էֆեկտը»
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է պատերազմ ծագել»,-երեքշաբթի օրը ԱՄՆ Սենատի Հետախուզության հարցերի կոմիտեի լսումների ժամանակ ելույթում նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի Հետախուզական ծառայության տնօրեն Դենիս Բլերը: Նա ասել է, թե ՌԴ նապագահ Դմիտրի Մեդվեդևը նախկին ԽՍՀՄ երկրները դիտարկում է որպես «արտոնյալ շահերի գոտի», ինչը կարող է խարխլել Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները: Հիշեցնենք, որ երկու օր առաջ հիմականում ամերիկյան ղեկավարության տեսակետները արտահայտող «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի փորձագետները ևս իրենց տարածած հաղորդագրության մեջ չէին բացառել ռազմական գործողությունների վերսկսումը:
«Չի բացառվում, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում դուրս գա մեծ տերությունների վերահսկողությունից»,-գրել էին «Ստրատֆորի» վերլուծաբանները:
Բնականաբար, նման պաշտոնական և «փորձագիտական» հայտարարությունները կախված են ղարբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ներկայումս ընթացող գործընթացների հետ: Այսինքն` ամերիկացիները գրեթե ուղղակիորեն հասկացնում են, որ եթե հանկարծ կողմերից որևէ մեկը փորձի հետ կանգնել բանակցությունների վերջին փուլից (որի մասին խոսում են վերջին շրջանում), ապա գերտերություններից առնվազն ԱՄՆ-ը «չի երաշխավորում խաղաղությունը»:
Հրապարակայնորեն որպես ակնարկ ներկայացնող այս ճնշումը, թերևս, ՀՀ իշխանություններին փոխանցվել է ավելի ուղղակիորեն: Համենայնդեպս, «զարմանալի զուգադիպությամբ»` անցած շաբաթվա ընթացքում, իրար հերթ չտալով, պատերազմի վերսկսման վտանգը չեն բացառում նաև Հայաստանի իշխանական դաշտի զանազան խոսնակներն ու մերձիշախանական-դաշնակցական գործիչները, մամուլում տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ զինվորական ղեկավարությունն արդեն մշակում է հայկական զորքերը ազատագրված տարածքներից հետ քաշելու քարտեզն ու ժամանակացույցը: Այիսնքն` Արևմուտքը իշխանություններին է վախեցնում պատերազմի վերսկսման վտանգով, իշխանությունները` հասարակությանը: Իսկ հաշվարկը, ամենայն հավանականությամբ, այն է, որ հասարակությունը ազատագրված տարածքների հանձնումը կգերադասի պատերազմի վերսկսման հնարավորությունից` այդպիսով չընդդիմանալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր փաստաթղթի ստորագրմանը: Սա, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են սիրում ասել, կոչվում է` «հասարակություններին նախապատրաստելու գործընթաց»:
Թշնամին չի դիմի արկածախնդրության
Եթե հայությունը շատ արագ բռունցքվի
«Որքան արագ հնարավորինս մեծ թվով մարդիկ խաղաղ քաղաքացիական կենսակերպից անցնեն ռազմական կենսակերպի` համլրելով գործող բանակի շարքրեը, այնքան ավելի մեծ կլինի թշնամու կայծակնային պատերազմի ձախողման հավանականությունը:
Ադրբեջանից բխող վտանգի առողջ զգացողության գիտակցումը պոտենցիալ վտանգի դեպքում հասարակության համախմբման կարևոր նախադրյալներից է: Վստահաբար կարելի է ասլել. թշնամին չի դիմի արկածախնդրության, եթե համոզված լինի, որ հայությունը շատ արագ կբռունցքվի»,-համոզված է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
Ոչխարներ` քնած և արթմնի
Մինչ կառավարությունը ջուր է ծեծում օլիգոպոլիաների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, օլիգոպոլիաները իրենց տիրապետությունն ավելի են ահագնացնում: Ոչխարաբուծության հետ կապված վերջին պատմությունն այս իմաստով շատ ուսանելի է. Իրանում ոչխարի պահանջարկ է առաջացել, և ահա այդ բիզնեսը կենտրոնանում է Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի ձեռքում:
Ընդ որում, եթե այսօր սույն օլիգարխը, ըստ մամուլի հրապարակումների, ոչխարի գլխաքանակի գնման մոնոպոլիա է ստանում, այսինքն` ոչխարաբույծները պարտավորվում են միմիայն նրան վաճառել իրենց ոճխարները, հաջորդ քայլում արդեն ոչխարաբուծությունն է դառնալու նրա մենաշնորհը:
Սա տեղի է ունենալու շատ պարզ մի մեխանիզմով. «ազատ, արդար, թափանցիկ» ընտրությունների միջոցով ընտրված գյուղապետերը, օրենքի տառին համապատասխան, իրենց տարածքներում գտնվող ոչխարի արոտավայրերը վարձակալության են հանձնելու Սաշիկ Սարգսյանի մարդկանց, և ջպավոր սափրագլուխներն էլ աչալրջորեն հսկելու են այդ արոտավայրերի սահմանները, որպեսզի միայն հանրապետական ոչխարները դրանցում արածելու հնարավորություն ունենան:
Ոչխարաբուծությամբ զբաղվող գյուղացիներին այլ բան չի մնալու, քան կամ չոբան գրվել հարգարժան Սաշիկի մոտ և զբաղվել նրա ոչխարների բուծմամբ, կամ էլ մեկնել Ռուսաստան` իրենց գլուխը պահելու համար:
Ինչո՞ւ հրաժարական տվեց ԲՀԿ-ական նախարարը
«Առավոտի» տեղեկություններով` Սպորտի և երիտասարդության հարցերի ԲՀԿ-ական նախարար Արմեն Գևորգյանի հրաժարականի պատճառը, այնուամենայնիվ, կապված է «կոռուպցիոն ռիսկերի» հետ:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Արմեն Գրիգորյանը մայրաքաղաքամերձ գեղատեսիլ վայրերից մեկում բավականին թանկարժեք առանձնատուն է գնել և ամբողջովին վերանորոգել: Կահավորել, սակայն, չի հասցրել:
Կուսակցական վերադասի` Գագիկ Ծառուկյանի ականջին լուրեր են հասել, որ Արմեն Գրիգորյանը առանձնատուն է գնել և վերանորոգել է իր ղեկավարած ոլորտին տրամադրած գումարների հաշվին: Այդ թեմայով Ծառուկյանի և Գրիգորյանի առանձնազրույցից հետո վերջինս հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ոչ մի խնդիր չի լինի Ստեփանակերտ-Երևան ավիաչվերթն իրականացնելիս»
Նման կարծիք է հայտնել «Արմավիա» ընկերության նախագահ Միքայել Բաղդասարովը` հավելելով, որ այդ չվերթը կիրականացնի «Արցախավիան»: Բաղդասարովը հայտնել է նաև, որ եթե հանրապետությունում լինեն մի քանի օդանավակայաններ, ապա հնարավոր կլինի իրականացնել նաև ներքին փոխադրումներ:
«Սակայն այսօր երկրում կան միայն «Զվարթնոցն» ու Գյումրու օդանավակայանը: Ինչ վերաբերում է Կապանի և Գորիսի օդանավակայաններին, որ եթե Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեն ընդունի այդ օդանավակայանները, ապա մենք կիրականացնենք ներքին չվերթներ»,-ասել է Բաղդասարովը:
Վերջինս ընդգծել է, որ շուտով ընկերությունը ձեռք կբերի 48 տեղանոց ինքնաթիռ, որը կօգտագործի միայն ներքին չվերթներն ապահովելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել