Հիմնանորոգվում է Արծնի համայնքի դպրոցը
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ Լոռու մարզի Արծնի համայնքում իրականացնում է դպրոցաշինական ծրագիր: Հիմնանորոգվում է գյուղի 1962 թվականին կառուցված երկհարկանի դպրոցի աջակողմյան մասնաշենքը, որը լիարժեք կսպասարկի 49 աշակերտ ունեցող համայնքին:
Վերահատակագծված մասնաշենքում փոխվել է տանիքը, տեղադրվել են դուռ-լուսամուտները, կառուցվել է կաթսայատունը: Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում մանրահատակի տեղադրումն ու ներքին հարդարումն սկսելու ուղղությամբ:
Հիմնադրամի մամլո ծառայության փոխանցմամբ` դպրոցի տնօրեն Մարիետա Առուստամյանն ասում է, որ վաղուց արդեն վթարային վիճակում հայտնված դպրոցում ուսումնառությունը դարձել է թույլ եւ անհրապույր: Նա հույս է հայտնել, որ նոր պայմաններում աշակերտներն արդեն հաճույքով կհաճախեն դպրոց եւ կունենան բարձր առաջադիմություն: Տնօրենն իր խորին շնորհակալությունն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը:
«Գյուղացին այսօր համայնքում տեսնում է շինարարություն, ինչը նրան հույս է ներշնչում, թեեւ գյուղում բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված»,- ասել է Արծնի համայնքի ղեկավար Խենկո Խաչանեսյանը:
«Հայ-հնդկական դպրության ավանդույթը սկիզբ է դրվել 17-րդ դարից, եւ ուրախալի է, որ այն շարունակվում է նաեւ մեր օրերում: Այս գեղեցիկ ձեռնարկը եւս մեկ քայլ է` ուղղված հայ եւ հնդիկ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Հնդկաստանն Արծնիի համայնքի դպրոցի հիմնանորոգմանն օժանդակում է բարեկամ երկրներին ցուցաբերվող «Աջակցության ու զարգացման ծրագրի» շրջանակներում: Սա մեկ անգամ եւս վկայում է այն մասին, որ Հայաստանի` երկրի զարգացմանն ուղղված ջանքերում, Հնդկաստանը պատրաստ է լինել Հայաստանի վստահելի գործընկերը: Մենք համոզված ենք, որ վերակառուցումից հետո դպրոցը կունենա ուսման համար բարենպաստ պայմաններ»,- ասում է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրայը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել