Հայաստանի մեդալներ` հույն զինվորականներին
Աթենքում հանդիսավորությամբ նշվել է Հայոց բանակի կազմավորման 18-րդ տարեդարձը: Կազմակերպված պաշտոնական ընդունելությանն ու հանդիսությանը Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի և ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանի հրավերով ներկա են եղել Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ ու ռազմական կցորդներ, Հունաստանի ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների բարձրաստիճան պաշտոնյաներ և սպաներ, հունահայոց հոգևոր դասի ներկայացուցիչներ, հայկական տարբեր կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտներ:
ՊՆ մամլո ծառայության հաղորդմամբ` հանդիսավոր միջոցառման ընթացքում Ռազմական կցորդ, գնդապետ Ս. Ռամազյանը «Ծովակալ Իսակով» և «Մարշալ Բաղրամյան» մեդալներ է հանձնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պարգևատրված հույն բարձրաստիճան զինվորականներին` Հունաստանի հատուկ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Թեոկլիդոս Ռուսակիսին, Հայաստանում Հունաստանի դեսպանության նախկին ռազմական կցորդներին` պահեստի գեներալ-լեյտենանտ Խրիստոս Լեվտերիոտիսին և Ռազմածովային ուժերի կապիտան Գեորգիոս Ռիղանակոսին, Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմակրթական վարչության պետ, բրիգադի գեներալ Ադամ Թոմաիդիսին և գնդապետ Լեոնիդաս Պապագեորգիուին:
Հունաստանն առաջին երկրներից է, որ աջակցություն է ցուցաբերել նորաստեղծ հայոց ազգային բանակին` սպայակազմի պատրաստության համար բացելով իր ռազմաուսումնական հաստատությունների դռները: 1994 թ.-ից առ այսօր Հունաստանի ՌՈւՀ-երում ուսանել են ՀՀ ԶՈւ մոտ 130 սպաներ: Այսօր Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայում և Սալոնիկի ռազմաբժշկական ակադեմիայում սովորում են մոտ երեք տասնյակ հայ կուրսանտներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել