HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմեն Գեւորգյան. «Մի լացացրեք ինձ»

Երեկ Արագածոտնի մարզպետարանի մարզխորհրդի հերթական նիստն էր: Այս մեկը տարբերվում էր նախորդներից, քանի որ ներկա էր փոխվարչապետ, Տարածքային  կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Բացելով նիստը` փոխվարչապետն ասաց, որ փետրվարի 2-ից մեկնարկել է հանրապետության բոլոր մարզպետների հաշվետվությունների գործընթացը: «Այս ձեւաչափն առաջին անգամ է ընտրվել եւ շարունակական է լինելու: Նպատակն այն է, որ մարզպետների հաշվետվությունները քննարկվեն տեղերում` համայնքների ղեկավարների ներկայությամբ»,- ասաց Ա. Գեւորգյանը: Թեեւ այս ձեւաչափն ըստ փոխվարչապետի` մարզպետների հաշվետվություններին համայնքապետերին մասնակից դարձնել էր, սակայն երեկվա նիստում Արագածոտնի մարզի ոչ մի համայնքապետ մարզպետ Սարգիս Սահակյանին հարց չուղղեց: Մոտ մեկ տասնյակի հասնող գյուղապետեր ոգեւորված «ընձեռված հնարավորությունից» սկսեցին տարաբնույթ հարցեր ուղղել փոխվարչապետին: Իհարկե, Ա. Գեւորգյանը բոլոր հարցերին պատասխանեց, սակայն նրա պատասխանները երբեմն չէին բավարարում գյուղապետերին, ու բուռն բանավեճ էր ծավալվում: Գյուղապետերին առաջին հերթին անհանգստացնում էր, որ տարեցտարի չմշակվող հողերի հեկտարներն ավելանում են, քանի որ գյուղացին ի վիճակի չէ բարձր հարկեր վճարել, 1 հա-ի համար 70 հազար դրամ հողի վարի գումար տալ եւ այլն: Գյուղապետերն այնքան խամրած գույներով ներկայացրին գյուղացու կյանքն ու ապրելակերպը, որ Արմեն Գեւորգյանը չդիմացավ. «Մի լացացրեք ինձ»: Մարզի Վարդենիս գյուղական համայնքի ղեկավար Կամո Պետրոսյանը ներկայացրեց, որ գյուղի դպրոցը 1970-ականների կառույց է եւ ոչ մի անգամ չի վերանորոգվել ու տարիների ընթացքում վթարային է դարձել: «Դպրոցի ջրահեռացման դրենաժային համակարգը խցանվել է, եւ ջրերը լցվում են նկուղը: Էլ չեմ ասում, որ դպրոցի ներսի հարդարանքը ոչ թե գրավում է երեխաներին, այլ վանում»: Ա. Գեւորգյանն էլ հարցրեց, թե արդյոք գյուղապետը դիմել է սեյսմոլոգներին, որպեսզի վթարայնության աստիճանը որոշվի: Գյուղապետն էլ պատասխանեց, որ ինքն ընդամենը 1 տարվա համայնքապետ է եւ չի հասցրել: «Շնորհավորում եմ ձեզ` դեռ 3 տարի ունեք»,- պատասխանեց փոխվարչապետը: Գյուղապետերի բարձրացրած բոլոր հարցերն առընչվում էին ֆինանսական հատկացումներին: Դա նյարդայնացրեց Արմեն Գեւորգյանին. «Եթե ձեր հարցերը միայն առնչվելու են գումարի հետ, ասեմ, որ 2010-ի համար գումար չունենք: Փող չկա: Ձեր հարցերը, որ հնարավոր էր օպերատիվ ձեւով հասցնել ինձ, տարիներով սպասել եք, որ անձամբ ինձ տեսնեք ու ասեք»,- ավելացրեց նա: Արմեն Գեւորգյանին ուղղված հարցերն շատ էին, ու փոխվարչապետը ստիպված եղավ ընդհատել դրանք: Ինչ վերաբերում է մարզպետի հաշվետվությանը, ապա ըստ նրա` 2009 թվականը բարեհաջող տարի է եղել մարզի համար, քանի որ բոլոր եկամուտների հավաքագրման առումով աճ է գրանցվել, իսկ բյուջեն մարզը կատարել է 106.8 տոկոսով: Համեմատության համար նշվեց, որ 2008 թվականին մարզի հողի հարկի տարեկան պլանը կատարվել է 79.5 տոկոսով, իսկ 2009թ-ին` 106.5 տոկոսով: 2009 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համախառն գյուղատնտեսական արտադրանքը կազմել է 46 միլիարդ դրամ: Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 2.7 տոկոս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter