«Կովկասի ջրերը»
Ջրի համաշխարհային օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդես
Ջրի համաշխարհային օրվա առթիվ 2010 թվականի մարտի 22-ին ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտում կկայանա լրագրող- լուսանկարիչ Գալուստ Նանյանի «Կովկասի ջրերը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված կլինեն Կովկասյան տարածշրջանի` Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի ջրային պաշարները պատկերող 72 լուսանկարներ: Ըստ ԼՂՀ Մշակույթի նախարարության լրատվական բաժնի տարածած հաղորդագրության լուսանկարների ցուցադրությունը կտևի 2010 թ. մարտի 22-ից 24-ը:
«Համոզված եմ , որ իմ այս ցուցահանդեսը խթան կհանդիսանա, որ այսուհետ յուրաքանչյուր տարի Լեռնային Ղարաբաղի Հանարապետությունը իր մասնակցությունը կունենա ՄԱԿ-ի կողմից հայտարարված Ջրի համաշխարհային օրվան»,- իր խոսքում նշում է ցուցահանդեսի հեղինակ Գ. Նանյանը:
Հեղինակը հայտնում է, որ դեռ 2009 թվականի նույն օրերին ցուցահանդեսը 50 լուսանակրներով ներկայացվել է ՀՀ բնապահպանաույթան նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում, որտեղ ներկայացվել է նաև հեղինակի «Կովկասի ջրերը» գրքույկը: Այն ընդգրկում է Գ. Նանյանի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տպագրված Կովկասի ջրային ռեսուրսների պահպանման խնդիրները լուսաբանող հոդվածները:
«Հույսով եմ, որ լուսանկարներիս միջոցով հանրությունը հնարավորություն կունենա տեղեկանալ, թե ինչ ջրային պաշարներ ունենք այսօր, ինչպես ենք պահպանում դրանք եւ ինչ պետք է անենք, որ սերունդներին փոխանցենք կենարար այն հեղուկը, որի անունն է ՋՈւՐ»,- ասում է Գ. Նանյանը և հավելում, որ Երկիր մոլորակին անվանում են նաեւ ջրային մոլորակ, քանզի վերջինիս մակերեսի մոտ 75 տոկոսը ջրային տարածքներ են:
«Սակայն այդ հսկայական ծավալի 97 տոկոսն աղի է օգտագործման համար ոչ պիտանի: Ավելին, մնացած 3 տոկոս քաղցրահամ ջրերի միայն երրորդ մասն է, որ հասանելի է մեզ եւ ծառայում է որպես կյանքի աղբյուր»:
Հաշվարկների համաձայն՝ յուրաքանչյուր տարի աշխարհում վերարտադրվում է ավելի քան 44 հազար խորանարդ կմ ջուր, որից 0,01 տոկոսը, կամ 46,6 խորանարդ կմ-ն բաժին է ընկնում Հայաստանի Հանրապետությանը:
«Շատ չէ, բայց եւ ոչ քիչ, որից ելնելով` Հայաստանը համարվում է ջրային երկիր՝ իր զարգացած, բայց անհամասեռ ջրագրական ցանցով, ինչը բնորոշ է լեռնային երկրներին: Այլ բան է, որ ջուրը հաճախ չի բավականացնում մեզ, չի բավարարում բնակչության եւ տնտեսության կարիքները մեր իսկ անփույթ տնտեսվարման պատճառով»:
Հեղինակաը նշում է, որ խոսքը միայն մեր լեռնային անուշահամ աղբյուրների մասին չէ, որոնցից բխող քաղցրահամ ջրերի շուրջ 80 տոկոսն այդպես էլ չի հասնում սպառողրին: Հայաստանում գոյություն ունեցող 9480 փոքր եւ միջին գետերի` 23 հազար կմ ընդհանուր երկարությամբ հոսքի զգալի մասը մեր պապակ դաշտերն ու այգիները սնուցելու փոխարեն հոսում են Քուռ եւ Արաքս գետեր, Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով հասնում Կասպից ծով: «Իսկ թե ինչպիսին է մեր վերաբերմունքը Կովկասյան տարածաշրջանում քաղցրահամ խոշորագույն ջրային ավազանի` Սեւանա լճի նկատմամբ, լավ հայտնի է մեր հասարակությանը»,- ասում է Գալուստ Նանյանը և հավելում, որ ըստ գիտնականների՝ անծայրածիր տիեզերքում առայժմ միայն Երկիր մոլորակում գոյություն ունեն ջրի պաշարներ:
Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Վիվասել-ՄՏՍ ընկերությունը, աջակիցներ` ԼՂՀ Մշակույթի նախարարություն և Երևան Ջուր ընկերությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել