
Այսօր Ղարաբաղի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկել են առաջին ընթերցմամբ ընդունված «ԼՂՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քննարկումներին ներկա էր նաեւ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը:
Քաղաքական ուժերի ներկայացուցիչներից ոմանք բարձրացրել են ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար ընտրական գրավի գումարի հետ կապված հարցը: Ի պատասխան ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ որոշվել է կուսակցությունների դեպքում գրավի գումարը սահմանել 500 հազար դրամ, կուսակցությունների դաշինքի դեպքում յուրաքանչյուր կուսակցության համար 350 հազարական դրամ, իսկ մեծամասնականի դեպքում` 100 հազար դրամ:
Խորհրդարանական լսումների ժամանակ տեղեկացվեց նաեւ, որ իջեցվել է կուսակցությունների` խորհրդարան մտնելու համար սահմանված շեմը. եթե նախկինում խորհրդարան մտնելու համար կուսակցությունը պետք է հավաքեր 10 տոկոս ձայն, իսկ կուսկացությունների դաշինքը` 15, ապա այս խորհրդարանական ընտրութունների արդյունքում կուսակցությունը ԱԺ կմտնի առնվազն 5 տոկոս ձայնով, իսկ կուսակցությունների դաշինքը` 7 տոկոս: Այս փոփոխությամբ, ըստ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, հնարավորություն կստեղծվի ավելի ներկայացուցչական խորհրդարան ունենալ:
Փոփոխություն է նախատեսվում նաեւ քվեախցիկների հետ կապված. այսուհետեւ քվեախցիկները կտեղադրվեն այնպես, որ ընտրողը քվեարկելիս գտնվի դեմքով դեպի հանձնաժողովը:
ԼՂՀ կոմունիստական կուսակցության նախագահ Հրանտ Մելքումյանի առաջարկություններից մեկը վերաբերում էր ընտրական հանձնաժողովներում նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների ընդգրկմանը, որին ի պատասխան ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը տեղեկացրեց, որ մարտ-ապրիլ ամիսներին կանցկացվեն ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների ուսուցման դասընթացներ, որին կարող են մասնակցել նաեւ նշված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Ս.Նասիբյանի հավաստմամբ, 3 տարվա ընթացքում դասընթացների մասնակիցներից կընդգրկեն ընտրական հանձնաժողովներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել