«Պրն. Մամոյան, ես ցավում եմ, որ Դուք ոչխարաբուծությամբ չեք զբաղվում»
Գյուղնախարարության պաշտոնյան պնդում է, որ մայիսին ոչխարի միսը կէժանանա
Այսօր «Հայելի» ակումբում Հայաստանում ոչխարաբուծության ներկա վիճակի և ոչխարի մսի թանկացման մասին բանավիճեցին Եզդիների ազգային միության խորհրդի անդամ, Հայկական ագրարագյուղացիական միավորման ազգային փոքրամասնությունների գծով խորհրդական Օմար Մամոյանը և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Բանավեճն այնքան թեժ էր, որ Օ. Մամոյանը մամուլի ակումբը լքեց մինչ ասուլիսի ավարտը: Ստորև ներկայացնում ենք բանախոսների տեսակետները:
Ի՞նչ վիճակ է այսօր ոչխարաբուծության ոլորտում: Որքա՞ն գլխաքանակ ենք կորցրել` Ձեր հաշվարկներով:
Օ.Մ.-Այսօր գառների և ոչխարների գինը դարձել է 4.000 դրամ մեկ կգ-ի դիմաց: 145.000 գլխաքանակ ոչխար 3-4 ամսում դուրս է եկել հանրապետությունից, գները բարձրացել են, ընդ որում, այս մի ամսվա ընթացքում էլ 17.300 գլուխ ոչխար Վրաստանից ներմուծվում է Հայաստան, որպեսզի իրավիճակը շտկվի: Եթե մենք կարող էինք ոչխարի միսը վաճառել 1.500, 1.800 դրամով, ինչո՞ւ պետք է արտահանենք, որ այսօր ընկնենք Վրաստանից ներկրենք: Մենք շահագրգռված ենք, որ այս հարցը լինի ժողովրդին ձեռնտու, այսինքն` ոչ թե 10 հոգի շահեն այս դրությունից, իսկ ամբողջ ազգը տուժի: Արտահանում թող լինի, ոչ թե 145.000, այլ 1.450.000 թող լինի, բայց դա պետք է կազմակերպվի այնպես, որ հանրապետությունում թանկացումներ չլինեն, ապահովենք մեր ազգին, հայերին:
Ա.Հ.-Հայաստանը տարանցիկ երկիր է: Վրաստանից բերվում են ոչխարները, և դրանք այստեղից արտահանվում են Իրանի Իսլամական Հանրապետություն:
Օ.Մ.-Բայց ոչ մի տարի այդպիսի իրավիճակ չի եղել: Հանրպետությունում եղել է բարվոք իրավիճակ. գառի միսը եղել է 1.500-1.800 դրամ, իսկ այսօր վաճառվում է 4.000 դրամով, այն էլ` չկա: Ամաչում ենք ասել, որ 17.300 գլուխ Վրաստանից ներկրվում է Հայաստան: Միշտ իրենք են մեզանից տարել: Գյուղատնտեսության նախարարությունն այսօր ասում է, որ «իրավիճակը լավ է, հանդարտ է»: Այ դա է ցավալին:
Ա.Հ.-Ասեմ` որն է եզդիների դժգոհության պատճառը: Մինչև 2007 թ. ամբողջ Հայաստանում ոչխարների իրացումը 90%-ով իրականացվում էր եզդիների միջոցով: Երբ պարսիկները սկսեցին այստեղից արտահանել ոչխարի գլխաքանակը, արդեն պարսիկները ոչ թե եզդիների հետ էին գործում, այլ մի անգամից ֆերեմերի` հայ գյուղացու հետ: Եվ մեր եզդի գործընկերները այդ շրջանակից դուրս մնացին: Բայց հիմա կան եզդիներ, որոնք գլխաքանակը ավելացրել են:
Չէ՞ որ եզդիներն իրենք են վաճառել ոչխարները: Ինչո՞ւ վաճառում եք ոչ թե Հայաստանում, այլ արտահանողներին: Ինչո՞ւ եք վաճառել մայրական գլխաքանակը:
Ա.Հ.-Հայաստանից արտահանված գլխաքանակի կեսից ավելին վաճառվել է եզդիների միջոցով:
Օ.Մ.- Եթե դուք այսօր ինձ առաջարկում եք 5.000-ով վաճառել, կարո՞ղ է` ես չհամաձայնվեմ: Պարսիկները գալիս են, տանում են: Մենք չենք ուզում դուրս տալ, բայց այդ թիվը որ բերում են, ժողովուրդը համաձայնվում է ու դուրս է տալիս: Մենք դեմ էինք, որ գների բարձրացում լիներ, մենք ուզում ենք, որ իրավիճակը լավ լիներ: Իսկ այսօր Գյուղատնտեսության նախարարությունը ներկայացնում է, որ «ոչ գին է ավելացել, ոչ արտահանում է եղել, ոչ մերկրում է եղել, նորմալ իրավիճակ է հանրապետությունում»: Բայց այդպես չէ:
Ա.Հ.-ՀՀ-ում նախորդ դարի 80-ական թթ.-ին բուծվում էր 2.323.000 ոչխար: 91 թ. արդեն 2.323.000 ոչխարի գլխաքանակը դարձավ 1.118.000` ավելի քան 2 անգամ նվազեց: 91-ից թ. հետո գլխաքանակը կտրուկ անկում ապրեց, և տարեկան նվազում էր 100.000-ով: Պատճառը հիմնականում հանրապետությունում արտադրված բրդի և ոչխարի մսի իրացումն էր: Աշնան ամիսներին, երբ արոտավայրերից ոչխարներին արդեն իջեցնում էին ներքև, և ձմեռնամուտին պետք է գլխաքանակը իրացվեր, ոչխարի գլխաքանակի մեծ առաջարկ էր լինում, սակայն պահանջարկը քիչ էր, և իրացման խնդիրեր էին առաջանում: Դրա հետևանքով արդեն անցյալ տարի ունեինք 560.000 գլուխ ոչխար, որից 430.000-ը կազմել է մայրական գլխաքանակը: Հիմա շարժի դեպքում մենք տարեկան ստանում ենք 450.000 սպանդի ենթակա ոչխարի գլխաքանակ, որից 200.000-ը կազմում են արու գառները, 50-60.000-ը` հասակավոր մայր ոչխարները, որոնք արդեն վերարտադրության համար պիտանի չեն: Մնացածը կազմում են այն էգ գառները, որոնք վերարտադրության համար պիտանի չեն: Ըստ էության, տարեկան մեզ մոտ մորթվում է 450.000 գլուխ ոչխար, որից անցյալ տարի մենք արտահանել ենք 141.000 գլուխը: 141.000 գլխից 117.000-ը աճեցվել է Հայաստանի Հանրապետությունում, իսկ 24.000-ը ներկրվել է Վրաստանի Հանրապետությունից և տարանցիկ ճանապարհով անցել է Իրանի Իսլամական Հանարպետություն: Միանգամայն ճիշտ եք, որ ոչխարի նկատմամբ պահանջարկը կտրուկ ավելացավ, երբ հայ գյուղացին հնարավորություն ունեցավ իր աճեցրած գլխաքանակը վաճառել բավականին բարձր գներով: Մինչև 2007 թ. մեր հանրապետությունում ոչխարների իրացման լրիվ գործընթացը հիմնականում իրականացվում էր մեր եղբայրական` եզդի ազգաբնակչության միջոցով: Մեր եզդի ազգաբնակչությունը գյուղական վայրերից գնում էր 2-3 ամսական գառներ` 8-10.000 դրամով, պահելուց հետո վաճառում էր 20.000-ով: Ըստ որում, գյուղացին 5 ամիս հղիության ընթացում պահում էր մայր ոչխարին, ևս 2 ամիս պահում էր գառներին իր մոտ, ստանում էր ընդամենը 10.000 դրամ և վաճառելով մեր եզդի ազգաբնակչությանը` նրանք 1 ամսվա ընթացքում ստանում էին 8.000 դրամ շահույթ: Հայ գյուղացին չէր կարողանում իր հին գառը տանել: Իսկ մեր ընկերները կարողանում էին, շուկան վերցրել էին իրենց ձեռքը և ճիշտ կազմակերպում էին: Դա գովելի նախաձեռնություն է: Մեր մամուլում թյուր, չհիմնավորված տեղեկատվություն է սպրդում, թե իրավիճակը չգիտեմ ինչ է: Իրականում իրավիճակը բավականին կառավարելի է: Մենք ունենք մայրական կազմը:
Օ.Մ.-Մայրական կազմի 50 տոկոսն է մնացել:
Ա.Հ.-Մենք ունենք 430.000 մայրական կազմ: Եթե 50 տոկոսն է մնացել, նշանակում է` 215.000 մայր ոչխա՞ր ենք մենք արտահանել Հայաստանից: Մենք արտահանել ենք 117.000 ոչխար` էգ և արու գառներ և պառաված հասակավոր մայր ոչխարներ:
Օ.Մ.-Դա տեղի է ունեցել մասսայաբար: 50 տոկոսն է մնացել, բոլորը արտահանվել են: 10 հոգու համար լավ է եղել, բայց ամբողջ ժողորդի համար վատ է եղել: Զովունի գյուղում, որտեղ ես գնալ-գալ ունեմ, 30.000 գլխաքանակից մնացել է 3.000:
Ա.Հ.-Զովունի գյուղում 30.000 գլխաքանակ բուծվել է 20 տարի առաջ: 2007 թ. Զովունի գյուղում եղել է 3.700 ոչխար, հիմա մնացել է 2.700-ը: Գլխաքանակի անկումը իրացման համար աճեցված ոչխարի անկումն է:
Պրն. Հովհաննիսյան, Դուք ընդունեցիք, որ Վրաստանից ոչխարներ են ներկրվել Հայաստան, այնուհետև արտահանվել են: Եթե մենք գլխաքանակի կորուստ չենք ունեցել, ինչո՞ւ ենք ուրիշինը բերում այստեղից վաճառելու նպատակով:
Ա.Հ.-Առաջարկը ավելի շատ էր, քան 141.000-ը: Եվ տեսնելով, որ առաջարկը մեծ է` մերոնք փորձեցին նաև Վրաստանի Հանրապետությունից բերել և տարանցիկ ճանապարհով ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետություն: Դա ի՞նչ վատ գործ է:
Այսինքն` արդեն տեղի ոչխարը չէ՞ր բավարարում:
Ա.Հ.-Ոչ, տեղինը կար, բայց պարսիկները գնում են 40 կգ-ից բարձր ոչխար: Իրենց համար հետաքրքիր չէ` հայկական է, թե վրացական է: Մեզ մոտ գառը դառնում է 40 կգ և բարձր 8-9 ամսական հասակում, այսինքն` սեպտեմբեր ամսից հետո: Հիմա մենք դարձյալ Վրաստանից ոչխար ենք բերում, որը 40 կգ-ից բարձր է: Մենք չունենք 40 կգ-ից բարձր, միայ մայրը կա: Իսկ գյուղացին երբեք չի վաճառի մայր ոչխարին: Դրա համար հիմա էլ` հունվար ամսին, բանական մեծահասակ ոչխարներ են եկել Վրաստանից, որպեսզի 1-2 շաբաթ այստեղ մնալուց հետո տարանցիկ ճանապարհով անցնեն ԻԻՀ:
Մենք շահո՞ւմ ենք:
Ա.Հ.-Իհարկե, մեր գործարարները փող են աշխատում: Հիմնականում եզդի եղբայրների գործին են խփում, որովհետև իրենք չեն կարողանում այդ բոլորը կազմակերպել:
Իսկ ինչո՞ւ է թանկացել միսը:
Ա.Հ.-Միսը պետք է թանկանար: Ես ունեմ Վիճակագրության ազգային ծառայության ինֆորմացիան 2005-2009 թթ. ՀՀ-ի սպառողական զամբյուղում ընդգրկված արժեքավոր սննդամթերքի աճի վերաբերյալ: 2005 թ. դեկտեմբերից մինչև 2009 թ. դեկտեմբերը ձավարեղենը թանկացել է 28 %-ով, ձեթը` 50 %-ով, կարագը` 60 %-ով, շաքարավազը` 52 %-ով: Էլ.էներգիայի ծառայությունները թանկացել են ավելի քան 2 անգամ, և ապրիլ ամսին դարձյալ գազը կաթանկանա: Նման պայմաններում 2005-2009 թթ. տավարի մսի գնաճը եղել է ընդամենը 13.5 %, ոչխարի մսի գնաճը եղել է 33.3 % (այն ժամանակ ոչխարի միսը եղել է 1.500 դրամ, իսկ անցյալ տարի դեկտեմբերին եղել է 2.000 դրամ, որից հետո հունվար ամսին մի անգամից կտրուկ բարձրացավ 3.000-3.5000 դրամի), խոզի միսը թանկացել է 40 %-ով, ներկրված գոմեշի միսը` 19 %-ով, ներկրված խոզի միսը` 27 %-ով և ներկրված հավի միսը` 17 %-ով: Ամենաքիչ գնաճը տեղի է ունեցել մսի դեպքում:
Այդ արտահանումը թանկացման վրա ազդեցություն չի՞ ունեցել:
Ա.Հ.-Ես ընդամենը գնաճի մասին եմ խոսում: Արտահանումը ազդեցություն է ունեցել գառան մսի ներկայիս որոշակի գնի վրա, որ գառան միսը դարձել է 3.500 դրամ:
Օ.Մ.-1.500-ից դառել է 4.000 դրամ. 3 անգամ է թանկացել:
Ա.Հ.-1.500 դրամ ոչխարի միսն է եղել, ոչ թե գառան միսը: Հիմա ոչխարի միսը 2.000 դրամ է: Գնացեք ցանկացած շուկա, պառաված ոչխարի միսը 2.000 դրամ է:
Պրն. Հովհաննիսյան, Դուք ասացիք, որ ոչխարի մսի սպառումը վերջին շրջանում նվազել է: Անցյալ տարվանից սկսվեց արտահանումը: Ի՞նչն էր պատճառը, որ հենց անցյալ տարվանից հանկարծ ժողովրդի կողմից պահանջարկը սկսեց նվազել, ու միսը սկսեց թանկանալ:
Ա.Հ.-Ընդհանրապես ոչխարի արտահանումը սկսվեց ոչ թե անցյալ տարի, այլ 2008 թ.: 2008 թ. մեր հանրապետությունից արտահանվեց 12.000 գլուխ ոչխար: Եվ այն ժամանակ իրանցի գործարարները տեսան` Հայաստանում կա ոչխարի մսի ավելցուկ: Աշնան ամիսներին ակնհայտ ոչխարի մսի ավելցուկ էր լինում: Մեր ժողովուրդը ոչխարի միսը քիչ է օգտագործում: Ցանկացած մսի կետում հարցրեք. օրական սպառվող 100 կգ մսից 45 կգ-ը վաճառվում է տավարի միս, 30 կգ-ը` խոզի միս և ընդամենը 15 կգ-ը` գառան միս:
Այդ դեպքում ի՞նչ էիք անում այդ ավելցուկը:
Ա.Հ.-Գյուղացին պառաված ոչխարի միսը 450 դրամով վաճառում էր եզդիներին: 20 կգ-ամոց ոչխարը տալիս էր 9-10.000 դրամով. կիլոգրամը ստացվում է 450 դրամ: Բայց երբեք շուկայում 800 դրամով ոչխարի միս դուք չեք տեսել:
Դուք այդպես էլ հստակ չասացիք, թե ինչու թանկացավ միսը:
Ա.Հ.-Ոչխարի միսը թանկացավ, որովհետև 25 % ով արտահանվեց. բնական է, որ պետք է աճեր գինը: Հիմա գառան միսը թանկ է, որովհետև մեզ մոտ ոչխարի հիմնական ծինը տեղի է ունենում դեկտեմբերի վերջին հունվար-փետրվար-մարտ ամիսներին, իսկ ոչխարը ապրանքային տեսքի է լինում 2-3 ամսական հասակում: Մենք ոչխարի մսի առաջարկ ունենք միայն մարտ-ապրիլ ամիսներին: Ես ավելի քան համոզված եմ, որ այդ ժամանակ ոչխարի միսը կլինի ոչ թե 3.500 կամ 4.000 դրամ, այլ գառան մսի գինը պետք է նվազի: Չի կարող պատահել` գառան միսը մայիս ամսից մնա նույն գնի, որովհետև առաջարկը շատ է լինելու: Իսկ ԻԻՀ-ից այդ ամիսներին երբեք ոչխար, գառ չեն գնելու, որովհետև նրանք գերադասում են գնել 40 կգ-ից բարձր ոչխար, իսկ մեր գառները 40 կգ-ից բարձր հասակի հասնում են 8-9 ամիս հետո: Միանշանակ, գառան մսի գինը մայիսին իջնելու է:
Օ.Մ.-Այդպիսի բան գոյություն չունի, պրն. Հովհաննիսյան: Ինչպե՞ս կարող է մայիսին գինը իջնել, եթե մայիսին գառները դառնում են մեկ, ամենաշատը 2 ամսական: Հունվար ամսին ծին չի լինում:
Ա.Հ.-Նույնիսկ հոկտեմբերին, դեկտեմբերին է լինում ծին: Պրն. Մամոյան, ես ցավում եմ, որ Դուք ոչխարաբուծությամբ չեք զբաղվում:
Օ.Մ.-Ես ունեմ 30 ոչխար:
Ա.Հ.-Ընդամենը 3 օր առաջ եմ տեսել ոչխարաբուծությամբ զբաղվող մեր եզդի շատ լավ ֆերմերի Տարոնիկ գյուղում: Նա առաջ ուներ 200 մայր ոչխար, հիմա ունի 400 մայր ոչխար:
Ձեր ունեցած տեղեկություններով` ո՞վ է արտահանում ոչխարը:
Ա.Հ.-Տարբեր գործարարներ:
Օ.Մ.-Այստեղ կարևոր չէ, թե ով է արտահանում, կարող է` Քյարամն է արտահանում: Բայց ո՞վ է նրան հովանավորում, ո՞վ է նրան թույլ տալիս, որ ոչխարը սահմանից անցնի այն մյուս սահման, ո՞վ է լիցենզիա տալիս, ո՞վ է հնարավորություն տալիս:
Պարզ հարց տամ` այդ բիզնեսը ո՞ւմ ձեռքին է:
Ա.Հ.-Դրանով զբաղվում են տարբեր մարդիկ, դրանով ցանկացած մարդ կարող է զբաղվել: Բավականին լայն շերտ է ընդգրկված դրանում: Առնվազն կան 4-5 պարսկական գործարարների խմբեր, որոնք զբաղվում են այդ արտահանման գործընթացով:
Օ.Մ.-Անհատները կապ չունեն: Ես միայն մի բան գիտեմ, որ ինչ մենք անկություն ենք ձեռք բերել, մեր Գյուղատնտեսության նախարարությունը միայն զբաղված է ցոփ ու շվայտ արտահայտություններով ու ոչ մի իրական դեպք չի ներկայացնում: Այդ է հարցը: Ասում է. «Մենք սելիտրա» ենք տալիս, բայց սելիտրան ուրիշ կազմակերպոթյուն է արտահանում, ասում է. «Շաքար ենք թողարկում», շաքարը ուրիշ մարդ է կազմակերպում, ասում է. «Սուբսիդացիա ենք անում», ուրիշ բան է դուրս գալիս: Ամբողջ աշխարհում գյուղատնտեսության նախարարությունը Պաշտպանության նախարարությունից հետո է կանգնած ու երկիրը զարգացնում է, իսկ մեզ մոտ վերջինն էլ չէ:
Պրն. Հովհաննիսյան, ըստ Ձեզ` լուծումը ո՞րն է, որ հայ սպառողը չտուժի:
Ա.Հ.-Սա հիանալի նախաձեռնություն է, և ընդհանրապես լավ առիթ է ստեղծվել, որ մեր հանրապետությունից ոչխարի արտահանման գործընթացը կազմակերպվի: Մեր հարևան Վրաստանի Հանրապետությունը անցյալ տարի Թուրքիա է արտահանել 350.000 ոչխար, և մենք ունենք մեծ պոտենցիալ ոչխարաբուծությունը զարգացնելու համար, բայց մեր լեռնային հեռագնաց արոտավայրերը հիմա ընդհանրապես դատարկ են: Պետք է զարգացնել ոչխարաբուծությունը: Մենք պատրաստել ենք ոչխարաբուծության զարգացման ծրագիր, որը նպատակ է հետապնդում աստիճանաբար` մինչև 2020 թ. աճեցնել ոչխարի գլխաքանակը: Եվ մենք, մոտավոր հաշվարկներով, մինչև 2020 թ. կարող ենք ոչխարի գլխաքանակը 560.000-ից դարձնել գրեթե 1.5 մլն` շուրջ 2.8 անգամ կավելացնենք, և դա հիմանալի առիթ կլինի, որ մենք կարողանանք արտադրել մեր արտադրանքը: Մենք 1 մլն 183 հզ. հա արոտավայր ունենք: Մենք կարող ենք նույնիսկ ավելի քան 1.5 մլն ոչխար հանգիստ արածեցնել այդ տարածքի վրա: Հավատացնում եմ ձեզ, որ սա հիանալի խթան կլինի, որ ոչխարաբուծությունը առաջիկա 2-3 տարիներին կտրուկ աճ ունենա: Մենք ունենք չօգտագործված արոտավայեր, ռեզերվներ, պահպանված մայր գլխաքանակ և մշակել ենք ծրագիր` ոչխարաբուծության զարգացման համար, որը ներկայումս քննարկվում է կառավարությունում:
Օ.Մ.-Պրն. Հովաննիսյան, ծրագիր եք ասում, բայց Գյուղատնտեսության նախարարությունում ոչ մի ծրագիր չի իրականանում:
Ա.Հ.-Ոչխարաբուծության ծրագիրը մինչև 2007 թ. չուներ այսպիսի արտահանման ծավալներ:
Ի՞նչ է շահելու մեր գյուղատնտեսությունը, եթե ոչխարներ Վրաստանից եք բերում: Ընդամենը, ասենք, 10 գործարար է շահելու: Եթե Վրաստանից էժան բերելու են, էլ ինչո՞ւ պիտի Հայաստանում ոչխարաբուծությամբ զբաղվեն ու զարգացնեն:
Ա.Հ.-Ոչ, շուկան սահմանափակ չէ, շուկան անսպառ է: Գյուղատնտեսությունը շահելու է ոչխարի գլխաքանակի, մայրական կազմի ավելացման և ոչխարաբուծության զարգացման առումով: Հիմա արդեն մենք օրական ստանում ենք մի քանի զանգ. մեր ֆերմերները, որոնք մինչ այդ չէին զբաղվում ոչխարաբուծությամբ, ցանկություն են հայտնել այսուհետև զբաղվել ոչխարաբուծությամբ:
Հնարավո՞ր է` 1 տարի չանցած` ոչխարաբուծությունը Հայաստանում լրիվ տապալվի:
Օ.Մ.-100 տոկոսով:
Ա.Հ.-Ընդհակառակը` դուք կտեսնեք, թե 2-3 տարի հետո մեր հանրապետությունում ոչխարաբուծությունը գլխաքանակի աճման առումով ինչ աճ կարձանագրի:Մենք մայիսի վերջին հանդիպելու ենք, և ես պրն. Մամոյանին կապացուցեմ, որ գառան միսը ոչ թե 3.500 կամ 4.000 է, այլ այն ժամանակ կիջնի նորից 3.000, նույնիսկ 2.800 դրամի:
Օ.Մ.-Ես պնդում եմ, որ ոչխարաբուծությունը Հայաստանում վերանում է բառիս բուն իմաստով: Եկող տարի հունիսին արդեն պարսիկները գալու են, ինչ որ կա, դա էլ մաքրելու են տանեն:
Վրաստանից կբերեն:
Օ.Մ.-Բայց ինչո՞ւ Վրաստանից բերեն, եթե մենք ունենք:
Ա.Հ.-Պրն. Մամոյան, մենք պետք է կողմնորոշվենք` մեզ պետք է տնայնագործակա՞ն անասնաբուծություն, թե՞ զարգացած ինտենսիվ անասնաբուծություն, որ մենք արտադրենք ավելի շատ մթերքներ և արտահանենք: Ցանկացած երկիր, եթե հատկապես ճգնաժամի տարիներին արտահանում ունի, ուրեմն ունի տնտեսական աճ: Այսօր ոչխարի միսը միակ արտադրանքն է ՀՀ-ում, որն անսպառ պահանջարկ ունի դրսում, և որի տեղափոխումը խնդիր չի առաջացնում: Դրա համար մենք պետք է խթանենք և զարգացնենք ոչխարաբուծությունը, գլխաքանակը ավելացնենք և ամեն տարի արտահանենք ոչ թե 110.000 գլուխ, այլ 150.000, 180.000, 200.000 և այլ: Սա միակ ճանապարհ է, որ մեր հայ գյուղացու եկամուտները բարձրանան: Երկրագործությունը բարձր ռիսկային է, իսկ անասնապահությունը, հատկապես ոչխարաբուծությունը` ցածր ռիսկային, և պետք է խթանել, որ լեռնային գյուղերում սկսեն ոչխար պահել:
Մեկնաբանել