Չի թանկանալու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը չի պատրաստվում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով: Այս մասին երեկ ասել է ընկերության մամուլի քարտուղարը: Ըստ նրա` սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ ՀԷՑ-ը շահագրգռված չէ:

Նա նաև նշել է, որ անցած տարի ընկերության իրացրած էլեկտրաէներգիայի ծավալներն աննշան կրճատվել են, ինչը պայմանավորված է արդյունաբերական ձեռնարկությունների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի կրճատմամբ:
Նշենք, որ ապրիլի 1-ին Ռուսաստանից Հայաստան մատակարարվող 1000 խմ գազի սակագինը ներկայիս 154 դոլարից դառնալու է 180 դոլար, և այդ պատճառով «ՀայՌուսգազարդը» դիմել է ՀԾԿՀ-ին` վերջնական սպառողներին մատակարարվող գազի սակագինը վերանայելու առաջարկով: Ընկերությունն առաջարկում է բնակչության համար 1 խմ բնական գազի սակագինը սահմանել 136 դրամ (աճը` 41 %), իսկ խոշոր սպառողների համար` 1000 խմ-ի դիմաց` 256 դոլար (աճը` 19 %):
Ձեռնարկությունների համար գազի թանկացումը նաև ենթադրում է ՋԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Նշենք, որ 2009 թ. ապրիլի 1-ից վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ոչ թե ՀԷՑ-ի, այլ ՀԾԿՀ-ի նախաձեռնությունն էր:
Ուզում է փոխել
Գնալով ավելի են սաստկանում ՀՀ-ում կադրային փոփոխությունների մասին տեղեկությունները: Խոսքը, առաջին հերթին, ՀՀ գլխավոր դատախազի, ԱԱԾ տնօրենի, ոստիկանության պետի եւ մի քանի նախարարների պաշտոնների մասին է:
Ըստ թերթի աղբյուրների` նախատեսվում է, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանին փոխարինելու է ներկայիս Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը իր տեղը զիջելու է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբորը` ԱԱԾ Երեւանի վարչության ներկայիս պետ Արզուման Հարությունյանին:
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի տեղում նշանակվելու է կամ ոստիկանության Երեւանի վարչության ներկայիս պետ Ներսիկ Նազարյանը կամ ռազմական ոստիկանության ներկայիս վարչության պետ Վովա Գասպարյանը: Թերթի աղբյուրների պնդմամբ` այդ պաշտոնում Ներսիկ Նազարյանի նշանակվելու շանսերն ավելի մեծ են:
Նախարարական պորտֆելներից նոր տերեր ձեռք կբերեն բնապահպանությունը եւ առողջապահությունը: Թերթի աղբյուրների պնդմամբ` այս փոփոխությունների մասին որոշումն, ըստ էության, արդեն կայացված է, եւ խնդիրը միայն ժամկետների հարցն է: Ըստ ամենայնի` փոփոխությունները տեղի կունենան այս ամսվա ընթացքում:
Հայոց ցեղասպանության բանաձևը կքննարկվի մարտի 4-ին
Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 252-րդ բանաձևը մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության է դրվելու: Նախաձեռնողը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանն է:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի փոխանցմամբ` հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը հանդիպել և խորհրդակցություններ է անցկացրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սատարող մի քանi կոնգրեսականի, այդ թվում` բանաձևի համահեղինակներ Ադամ Շիֆի, Ֆրան Փալոունի, Բրադ Շերմանի հետ: Քեն Խաչիկյանը նշել է, որ այդ կերպ նրանք նշանակալի քայլ են կատարում` Թուրքիային հասկացնելով, որ Միացյալ Նահանգները մասնակից չի լինի Հայոց ցեղասպանության իրողությունը հերքելու նրանց բարոյազուրկ քաղաքականությանը:
Ներկայումս բանաձևին աջակցում է 135 կոնգրեսական ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցություններից:
Իշխանական ճաշ` ի պատիվ Հայաստանի ու հայ ժողովրդի
Լոնդոնից «Ազգին» հասած ոչ պաշտոնական տեղեկություններով` առաջիկա ուրբաթ օրը` փետրվարի 12-ին, Մեծ Բրիտանիայի գահաժառանգ իշխան Չարլզը ճաշկերույթ կտա ի պատիվ Հայաստանի Հանրապետության և հայության` հանձինս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսի:
Ըստ «Ազգի» ստացած տեղեկությունների` ճաշկերույթին հայկական կողմից կմասնակցեն նաև Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը, հայտնի գործարար և բարերար Վաչե Մանուկյանը, ՀՀ նախկին վարչապետ ու բարերար Արմեն Սարգսյանը և ուրիշներ:
Քննարկել են Վահան Հովհաննիսյանին պատկանող հողատարածքերի վաճառքի հարցը
Անշարժ գույքի առքուվաճառք իրականացնող որոշ գործակալներ զբաղվում են բացառապես նախարարների ու պետական պաշտոնյաների սեփականության հարցերով: Այս տեղեկատվությունը կոնֆիդենցիալ է, քանի որ նրանց սեփականությունը գրանցված է զոքանչների ու քեռիների վրա: «Հրապարակի» տեղեկություններով` մոտ 15 օր առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը չինական ռեստորաններից մեկում հանդիպել է «Էսկո» կոնցեռնի նախագահ Սարգիս Աղաբեկյանին, և նրանք քննարկել են Աշտարակի ԳԱՅԻ-ի հարևանությամբ գտնվող` Հովհաննիսյանին պատկանող շուրջ 60 հա հողատարածքների վաճառքի հարցը:
«Ուռա, «Հայլուրը» միայն 24-ից հետո են ցուցադրելու»
Այդ պնդումն արեց Մեսրոպ Հարությունյանը, իսկ չհավատացողներին առաջարկեց կարդալ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մշակած չափորոշիչների նախագիծը, ըստ որի` «անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, բարոյական դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն» ունեցող հաղորդումների չափորոշիչներից է «ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը»:
Մեսրոպ Հարությունյանը նշեց. «Քանի որ Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագիրն ամեն օր մեր իրականությունն ու կյանքը ներկայացնում է միայն վարդագույն, այսինքն` խեղաթյուրված, ոչ համարժեք, ուստի, չափորոշիչներն ընդունվելու դեպքում, ըստ օրենքի, այն պիտի ցուցադրվի ժամը 24:00-ից հետո միայն: Կայֆ»:
Հակոբյանը արդարացվեց
Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արշալույս Հակոբյանի դատը: Դատախազը միջնորդել է, որ նրա գործը կարճվի` ապացույցների բացակայության պատճառով, եւ դատավոր Գագիկ Ավետիսյանն արդարացման որոշում կայացրեց Արշալույս Հակոբյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Հակբոյանին առաջադրվել էր մեղադրանք 316 հոդվածի 1-ին մասի հակտանիշներով: Նա ձերբակալվել էր 2009 թ. հուլիսի սկզբին եւ 4 ամիս անցկացրել բանտում: Հոկտեմբերին դատախազը միջնորդեց փոխել նրա խափանման միջոց կալանքը: Հակոբյանի դատը մինչեւ օրս սկսվում ու հետաձգվում էր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել