HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի մարզը գյուղտեխնիկայի խիստ պակաս ունի

Արագածոտնի մարզխորհրդի փետրվարի 3-ի նիստի ժամանակ թեեւ մարզպետարանի աշխատակիցները իրենց զեկուցումներով «գոհունակություն» հայտնեցին 2009 թվականին կատարված աշխատանքից եւ լավատեսական կանխատեսումներ արեցին այս տարվա համար, այնուամենայնիվ, փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ներկայացրին մի քանի մտահոգիչ տվյալներ: Անհանգստացնող է հատկապես գյուղատնտեսական մեքենաների հավաքակայանի վիճակը: Որոշ մեքենաներ եւ գյուղգործիքներ աշխատում են 30-35 տարի, ինչը լուրջ խոչընդոտ է գյուղատնտեսության զարգացման համար: Մարզպետարանի մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հացահատիկի բերքահավաքի ժամանակ բերքի կորուստը հասնում է 20 տոկոսի: Ներկա վիճակում Արագածոտնի մարզում առկա գյուղգործիքներից եւ տրակտորներից համապատասխանաբար սարքին են թրթուռավոր 306 տրաակտորից 269-ը, անիվավոր 945 տրակտորից` 659-ը: Բոլոր տեսակի 1255 տրակտորներից սարքին են 928-ը կամ 74 տոկոսը: Այս տվյալները մեքենատրակտորային հավաքակայանի ամբողջական պատկերը չեն արտահայտում: Իր որակական հատկանիշներով այն այսօր գրեթե չի համապատասխանում իր նկատմամբ ներկայացվող պսհսնջներին: Ուշագրավն այն է, որ վերջին 10 տարում դրամաշնորհների հաշվին մարզ է ներկրվել ընդամենը 72 տրակտոր եւ 7 կոմբայն: Նշենք, որ նշված գյուղտեխնիկան ձեռք են բերել հիմնականում խոշոր հողատերերը, իսկ սովորական գյուղացուն դարձյալ բաժին է ընկել ֆիզիկապես եւ բարոյապես մաշված գյուղտեխնիկան: Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը ներկայացրեց, որ արդեն իսկ նպատակային չի օգտագործվում վարելահողերի մոտ 35 տոկոսը, եւ գնալով այս ցուցանիշը մեծանում է: «Տեխնիկան չի բավարարում  եւ մաշվածության պատճառով դրա շահագործումը չի արդարացվում: Համեմատության համար նշեմ, որ Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող 791 հա վարելահողերից օգտագործվում է ընդամենը 86 հա կամ դրանց 12 տոկոսը»,- ասաց Յու. Ազատյանը: Ներկայացնենք եւս մեկ տխուր վիճակագրություն, որը մարզպետարանի աշխատակիցները համարեցին «լուրջ օգնություն»: 2009 թվականին «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը մարզին տվել է 2651 գյուղատնտեսական վարկ` մոտ 1 միլիարդ 736 միլիոն 506 հազար դրամ արժողությամբ: Վերջին ամիսների մեր ուսումնասիրություններից պարզվել է, որ գյուղացիները հիմնականում վարկ են վերցրել սովորական կենցաղային կարիքները հոգալու համար: Ու այդպես նրանք ընկել են վարկային կառուսելի մեջ` հետագայում կորցնելով գրավ դրված տունն ու հողամասերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter