HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Բազմազավակ ընտանիքում երեխաների թվի հետ ավելանում են խնդիրները

Սողոմոնյանների բազմազավակ ընտանիքը 2001 թվականից ապրում է Շուշիում: Երկու տարի վարձով են ապրել, իսկ 7-րդ երեխայի ծնվելուց հետո պետությունը նրանց համար 3 սենյականոց տուն կառուցեց, որը, ինչպես եւ այդ տարիներին կառուցված բազմաթիվ տներ, աչքի չէր ընկնում իր որակով: «2003-ի հոկտեմբերին ընտանիքով տեղափոխվեցինք այս տունը, բայց արդեն մի ամիս հետո հասկացանք, որ տան պատերը խոնավանում են»,- պատմում է ընտանիքի մայրը` Ալլա Սողոմոնյանը:

Ամուսինները հեշտ կյանքով չեն ապրել, երկուսն էլ` Ալլան ու Արմենը, փախստական են: Բաքվի հայտնի դեպքերից հետո երկուսի ընտանիքներն էլ տուն-տեղ թողել ու հեռացել են իրենց նախկին բնակավայրից: Երկու ընտանիքները հայտնվել են Հայաստանում, որտեղ էլ 1992-ին Ալլան ու Արմենն ամուսնացել են: Մեկ տարի մնալուց հետո նրանք տեղափոխվել են Ղարաբաղ, սկզբում ապրում էին Արմենի պապիկի տանը` Ղշլաղ գյուղում: Այնուհետեւ բազմազավակ ընտանիքը որոշեց տեղափոխվել Շուշի:

Այժմ 9 տղա եւ մեկ աղջնակ է մեծանում Սողոմոնյանների 3 սենյականոց տանը, որի միայն մեկ սենյակում է հնարավոր ապրել: «Այս սենյակում ենք բոլորս տեղավորվում»,- Արմենը ցույց է տալիս տան ամենամեծ սենյակը, որտեղ բազմոց, երկու բազկաթոռ եւ մեկ մահճակալ է դրված: Տան համեմատաբար նորմալ վիճակում գտնվող սենյակն է, որի պատերը խոնավ են, բայց քանի որ այնտեղ վառարան կա, հնարավոր է մնալ: Տան հարցով Սողոմոնյանները մի քանի անգամ դիմել են ԼՂՀ նախագահին: Երկու տարի առաջ շրջանի ղեկավարության եւ այլ պաշտոնյաների հետ իրենց բակ այցելած մոսկվաբնակ բարերարն ընդունեց տուն մտնելու` Արմենի հրավերը:

«Նոր տարվա նվերներ էին բերել, երբ հրավիրեցի ներս, միայն Էդուարդ Ղուլյանն ընդունեց հրավերս: Մտանք տուն, նստեցինք, ու զրուցելուց հետո նա խոստացավ տան հարցում օգնել»,-պատմում է Արմենը:

Նրա խոսքերով` մոսկվաբնակ ղարաբաղցի բարերարը, խոսելով իր հետ եկած պաշտոնյաների հետ, ասաց, որ գումար կուղարկի տան հարեւանությամբ գտնվող շինությունը վերակառուցելու համար: Բարերարը, Արմենի խոսքերով, արդեն ուղարկել է 20 հազար դոլարից ավելի գումար, որը փոխանցվել է կապիտալ շինարարության վարչություն: Վերջինս էլ «Արթուր» շինարարական կազմակերպությանը պատվիրել է իրականացնել աշխատանքները: Մինչեւ հիմա շինության տանիքն է փոխվել, որը, Արմեն Սողոմոնյանի խոսքերով, արդեն կաթում է, ներսի պատերն են դրվել, ինչպես նաեւ` պատուհանները: Արդեն մի քանի ամիս է շինարարություն չի կատարվում այստեղ: Արմենն ասում է, որ շինարարն ինչ-որ թուղթ է տվել ստորագրելու` չի ստորագրել, քանի որ «կատարված աշխատանքները չէին համապատասխանում թղթում գրածների հետ»:

Դրանից հետո շինարարն ասել է, որ գործն այլեւս չի շարունակի: Տան շինարարության հետ կապված մանրամասները փորձեցինք պարզել Կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչությունից: Վարչության պետ Կարեն Շահրամանյանը տեղեկացրեց, որ օբյեկտի ընդհանուր արժեքը 16 մլն 185 հազար դրամ է: Բարերարի հետ կնքված պայմանագրի համաձայն` նա նախորդ տարվա հոկտեմբեր ամսին արդեն պետք է փոխանցեր 15,5 մլն դրամ, սակայն մինչեւ հիմա փոխանցել է 8 մլն 88 հազար դրամ: Վարչության պետը հավաստիացնում է, որ փոխանցված գումարի շրջանակներում աշխատանքները նորմալ կատարվել են: Ինչ վերաբերում է Արմեն Սողոմոնյանի` անորակ շինարարության մասին բողոքներին, ապա, ըստ Կ. Շահրամանյանի, դրա մասին դեռ վաղ է խոսել, քանի որ շատ քիչ աշխատանք է կատարված, եւ շինարարությունը ավարտված չէ: «Ավարտելուց հետո եթե որակի հետ կապված խնդիրներ առաջանան, դրանք կշտկվեն շինարարի կողմից` նրանից պահված որակի երաշխիքային գումարների շրջանակներում»,- հավելել է նա: Վերջին փոխանցումը բարերարի կողմից կատարվել է անցյալ տարվա հոկտեմբերին: Վարչության պետի հավաստմամբ` հունվարի 27-ին հերթական նամակն է ուղարկվել բարերարին` պայմանագրով սահմանված գումարները փոխանցելու համար, սակայն դեռ պատասխան չկա: Եթե հովանավորը որոշի, որ ֆինանսավորումը չի շարունակելու, ապա պետությունն իր վրա կվերցնի շինարարության շարունակությունը, վստահեցնում է Կարեն Շահրամանյանը: Նրա խոսքերով` նման դեպքեր եղել են նաեւ նախկինում:

Բազմազավակ ընտանիքը հույս ունի, որ բարերարն ավարտին կհասցնի նոր տան շինարարությունը: Արմենն ասում է, որ հեռախոսով պարբերաբար խոսում է բարերարի հետ ու նա խոստացել մինչեւ վերջ հավանավորել տան շինարարությունը: «Չնայած ճգնաժամին` նա անցյալ տարի ահագին գումար է ուղարկել»,- ասում է Արմեն Սողոմոնյանը:

Վերջերս էլ նրանց տեղեկացրել են, որ պետական միջոցներով որոշվել է վերանորոգել ընտանիքի ներկայիս տան բաղնիքը: Մինչ կլուծվեն շինարարական հարցերը, ընտանիքը փորձում է լուծում տալ նաեւ իրեն մտահոգող մյուս խնդիրներին, որոնցից ամենակարեւորը, թերեւս, սոցիալական վիճակն է: Ընտանիքի ամսական ընդհանուր եկամուտը 160 հազար դրամ է, որով պետք է ամբողջ ամիս գոյատեւի 12 հոգի:

«Շատ դժվար ենք ապրում: Օրական մոտ 10 հազար դրամի ուտելիք պետք է գնենք, որ կարողանանք յոլա գնալ, բայց այդքան եկամուտ որտեղի՞ց: Դրա համար էլ խանութից պարտքով ենք ապրանքը վերցնում: Արդեն 450 հազար դրամի պարտք ունենք ու չգիտեմ, թե ինչպես ենք փակելու»,- ասում է Արմենը: Նա պահակ է աշխատում զինկոմիսարիատում եւ ամսական 60 հազար դրամ է ստանում, իսկ ընտանիքի եկամտի մյուս մասը գոյանում է երեխաների նպաստից:

«Ամսական 9 հազար դրամ նպաստ են տալիս մի երեխային, մի կերպ ուտելիքն ենք փորձում ձեռք բերել, նույնիսկ հաց չենք գնում, ստիպված ալյուր ենք վերցնում ու հաց թխում»,- ասում է Արմենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter