HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Եթե ձանձրանում ես կյանքից, նշանակում է` մի բան այնպես չէ»

Մեր կողքին ապրում են օտարազգի մարդիկ, ովքեր աշխատում են մեր երկրում, կատարում իրենց պաշտոնական պարտականությունները: Սովորաբար, մարդկանց ուշադրությունն ուղղված է նրանց պաշտոնական գործունեությանը: Սակայն նրանք էլ ունեն իրենց անձնական կյանքը եւ ապրում են անհատական հույզերով: «Հետքը» սկսում է ներկայացնել մեր երկրում աշխատող դիվանագետներին: Այս անգամ անդրադառնում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի կյանքին: Կյանքի ընթացքում աշխատում եք տարբեր երկրներում եւ, կարելի է ասել, ներդնում եք Ձեր տարիները այս կամ այն երկրի համար: Ո՞ր երկիրն է ամենաշատը «խժռել» Ձեր կյանքը: Ես ամերիկացի եմ եւ որտեղ էլ գտնվեմ` ներկայացնում եմ Միացյալ Նահանգները, Միացյալ Նահանգների շահերը: Իմ գործունեության ընթացքում Միացյալ Նահանգները միշտ եղել է այն երկիրը, որը ես ներկայացրել եմ: Այժմ ես Հայաստանում եմ գտնվում, եւ իմ գործունեությունը 110 տոկոսով ուղղված է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունների բարելավմանը: Մեր երկրների միջեւ ամուր կապեր կան, սակայն միշտ էլ հնարավոր է անել ավելին, եւ դեսպանի պարտականությունն է աշխատել այդ ոլորտում եւ ամուր կապեր ապահովել տնտեսական, քաղաքական, անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաեւ մարդասիրական աջակցության ասպարեզում: Մոտ մեկ տարի է, ինչ նոր երկրում եք`` Հայաստանում: Եթե համեմատեք Ձեր կյանքը մեկ տարի առաջ եւ հիմա, ի՞նչ տարբերություններ կարող եք նկատել: Մեկ տարի առաջ ես ընդամենը մի քանի ամիս էր, ինչ Հայաստանում էի գտնվում, հիմա արդեն` 1 տարուց ավելի: Գիտեք` եթե նոր աշխատանքի ենք անցնում կամ նոր բնակարան ենք տեղափոխվում, միշտ շատ մեծ փոփոխություններ են կատարվում, եւ դա, իրոք, մարտահրավեր է: Մեկ տարի առաջ ես, ասենք, շատ հարցերի պատասխաններ չգիտեի, շատ մարդկանց չգիտեի, բայց հիմա արդեն որոշ հարցերի պատասխաններ գիտեմ: Երբ ինչ-որ խնդիրներ, հարցեր կան, ես գիտեմ, թե ում պետք է դիմել Կառավարությունից, ու հիմա արդեն ընկերներ ունեմ այստեղ: Այնպես որ, իրավիճակը լրիվ փոխվել է: Հաճախ մարդիկ, ունենալով այլ մասնագիտություններ (ոչ դեսպանի մասնագիտություն), հոգնում են իրենց առօրյայից` ասելով, որ «ամեն ինչ նույնն է եւ այլն»: Փոփոխություններից հնարավո՞ր է հոգնել: Հետաքրքիր հարց է: Մայրս ինձ այնպես է դաստիարակել, որ ասում էր. «Եթե ձանձրանում ես կյանքից, նշանակում է` մի բան այնպես չէ»: Փոփոխությունները միշտ հետաքրքրություններ են բերում, նոր խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, նոր հարցեր, որոնց պետք է առնչվել: Կարծում եմ` եթե ես անընդհատ նույն բանը անեի, դա հետաքրքիր չէր լինի: Ինձ համար փոփոխությունները դրական, նոր լիցք են միշտ բերում: Բայց, թերեւս, բոլորը չէ, որ այդպես են կարծում. շատ փոփոխությունները նաեւ սթրեսային վիճակի կարող են հանգեցնել: Բայց ես այդ կենսակերպն եմ նախընտրում: Դա այն կյանքն է, որ ես եմ ընտրել: Ինչպե՞ս որոշեցիք դիվանագետ դառնալ: Սա Ձե՞ր որոշումն էր, թե՞ ինչ-որ մեկը Ձեզ խորհուրդ էր տվել: Շրջապատի մարդիկ միշտ ինչ-որ ազդեցություն ունենում են, սակայն այս մասնագիտությունն ընտրելը իմ որոշումն էր, եւ պատճառը, որ ես որոշեցի Պետքարտուղարությունում աշխատանքի անցնել, այն է, որ այս աշխատանքն այն ամենի համադրումն էր, ինչ ես իրոք սիրում եմ: Պատմությունը, քաղաքականությունը ինձ համար շատ հետաքրքրական էին, հատկապես միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության ոլորտը: Այդ ոլորտների գործընթացներին մասնակցելը իրապես արտոնություն է: Մյուս կողմից` ես սիրում եմ ճանապարհորդել եւ ճանապարհորդելու այն հատվածը, երբ ինչ-որ բաներ դեռ պարզ չեն, երբ չգիտես` ինչ կտեսնես, նորը տեսնելը, նոր մշակույթին ծանոթանալը, բացահայտումը կատարելը: Իմ մասնագիտության մեջ ինձ հատկապես գոհացնում է այն հանգամանքը, որ անկախ նրանից, թե որտեղ ես աշխատում, կարող ես այնպես անել, որ ինչ-որ լուրջ փոփոխություններ լինեն: Եվ պետք չէ, որ այդ փոփոխությունները կատարելու համար անպայման դեսպան լինես: Օրինակ` ես սիրում եմ հանդիպումներ ունենալ ուսանողների հետ, եւ երբեմն այն հարցերը, որոնք քննարկում ես ուսանողների հետ, նրանց հնարավորություն են տալիս գիտակցելու, որ իրենք էլ կարող են Միացյալ Նահանգներում ուսանել եւ լուրջ տեղաշարժեր ապահովել իրենց երկրի համար: Դուք նաեւ Ղրղզստանում եք աշխատել: Հե՞շտ է ամերիկացու համար ապրել եւ աշխատել ետխորհրդային երկրներում: Միշտ էլ դժվար է, երբ քո երկրից դուրս ես գտնվում. անհրաժեշտ է շատ մեծ ուշադրություն դարձնել, թե այդ երկրում ինչ նորմեր են ընդունված, ինչպես պետք է շփվել մարդկանց հետ, ինչը, ասենք, կարող է վիրավորական լինել: Չեմ կարծում, թե դա միայն ամերիկացիներին կամ միայն ետխորհրդային երկրներին է վերաբերում: Ընդհանրապես, եթե քո երկրում չես, պետք է շատ ուշադիր լինես, որ ճիշտ ընկալես այդ նոր մշակույթը, այդ նոր երկիրը: Պետք է նաեւ ընդունեմ, որ մինչեւ հիմա էլ կան ինչ-որ բաներ, որ ինձ համար նոր են, դեռ չեմ հասցրել այդ նրբությունները նկատել: Դրա համար էլ մեր տեղացի աշխատակիցների խորհուրդները լսելը շատ օգտակար է, որովհետեւ նրանք այդ մշակույթը կրողն են: Օրինակ` Հայաստանում ի՞նչն է Ձեզ համար շատ նոր եղել եւ զարմացրել, եւ որի առթիվ Դուք Ձեր տեղի աշխատողների խորհրդի կարիքն եք ունեցել: Թերեւս, ինձ զարմացրել է հասարակության մեջ կանանց ունեցած դերը Հայաստանում: Բոլորը համամիտ են այն փաստին, որ Հայաստանում` Ազգային ժողովում, Կառավարությունում եւ նաեւ մի շարք այլ ոլորտներում կանանց ներկայացվածությունը մեծ չէ: Իհարկե, ավանդույթները, մշակութային առանձնահատկությունները հասկանալը կարեւոր է: Մենք նաեւ աշխատում ենք կանանց հետ, որպեսզի ապահովենք հնարավորություններ նրանց մասնագիտական աճի համար: Կարծում եմ` ցանկացած երկիր պետք է իր բոլոր ռեսուրսներն օգտագործի: Կանայք կազմում են Հայաստանի բնակչության 50 տոկոսից ավելին, եւ վստահ եմ` կան խելացի, բանիմաց կանայք, ովքեր կարող են արվեստի, բիզնեսի, քաղաքականության ասպարեզում կարեւոր դերակատարում ունենալ: Հայաստանի ժողովուրդը շատ հյուրասեր է: Դուք հյուրասիրություններ կազմակերպո՞ւմ եք Ձեր ընկերների համար, ինքներդ պատրաստու՞մ եք: Իհարկե, անում եմ: Դուք, թերեւս, գիտեք ամերիկյան տոնի` Գովաբանության մասին: Ամերիկայից ընկերներ ունեի եւ այդ տոնի հաջորդ օրը նրանց համար հյուրասիրություն էի պատրաստել: Եվ ի՞նչ էիք պատրաստել: Ո՞րն է ամենալավ ճաշատեսակը, որ սիրում եք պատրաստել: Անկեղծ կլինեմ. հիմա շատ չեմ կարողանում ինքս պատրաստել, բայց սիրում եմ պատրաստել ուտելիքներ, որովհետեւ նաեւ սիրում եմ համեղ ուտել: Շատ համեղ ճուտ եմ պատրաստում, կոչվում է «Ճտի մարբեա»: Հայաստանում դա պատրաստելու համար, իրոք, կատարյալ պայմաններ կան, որովհետեւ այստեղ եւ սալոր կա, եւ ծիրան, չիրը: Այդ ուտեստի հետ օգտագործում եմ դրանք: Ձեզ կարելի է տեսնել ժամանցի տարբեր վայրերում. ի՞նչ տիպի ժամանց եք նախընտրում: Ու կան նաեւ մշակութային միջոցառումներ, որոնց ուղղակի ստիպված ես գնալ: Ո՞ր մշակութային միջոցառումներին եք գնում ոչ ստիպված: Իմ սիրած զբաղմունքն, անշուշտ, ընթերցանությունն է, իսկ սոցիալական շփումների հարցում սիրում եմ նստել ընկերներիս հետ, մի բաժակ գինի խմել, խոսել: Եվ Դուք ճիշտ եք` ես հաճախ տարբեր միջոցառումների եմ ներկա լինում: Դրանք կապված են աշխատանքի հետ, սակայն ես շատ հաճույքով եմ մասնակցում դրանց, համերգներին եմ մեծ սիրով գնում: Մենք ունենք մշակութային շատ լավ բաժին, որը մի շարք համերգներ, ներկայացումներ է հաջողությամբ կազմակերպել: Նաեւ արվեստն եմ շատ սիրում, ժամանակակից արվեստը, եւ միշտ հաճելի է, ասենք, այցելել ինչ-որ մեկի արվեստանոց, ծանոթանալ նրա ստեղծագործությանը կամ էլ այցելել թանգարաններ: Հայաստանը շատ հարուստ մշակույթ ունի` թե երաժշտության, թե այլ արվեստների ասպարեզում: Ես իրոք բախտավոր եմ, որ այստեղ եմ եւ հնարավորություն ունեմ շփվել արվեստի հետ: Տիկին դեսպան, ի՞նչ գրքեր եք սիրում ընթերցել, եւ եթե ունեք առանձնակի սիրված գիրք, ո՞րն է դա: Ասացիք, որ համերգների հաճույքով եք գնում: Ի՞նչ ոճի երաժշտություն եք նախընտրում: Ամեն տեսակ բաներ էլ կարդում եմ: Շատ բաներ, իհարկե, հենց աշխատանքիս հետ են կապված: Պատմական ստեղծագործություններ եմ շատ կարդում, վեպեր: Վերջին գիրքը, որ կարդացել եմ, կոչվում է «Իմ տատը»: Գրքի հեղինակը Թուրքիայից մի կին է, որն արդեն հասուն տարիքում պարզել է, որ իր տատը ազգությամբ հայ է եղել. գիրքն իր տատի մասին է: Ես հաճույքով կարդացի այդ գիրքը եւ հիմա էլ փոխանցել եմ մյուսներին, որ կարդան: Ինչ վերաբերում է երաժշտությանը, ջազ եմ շատ սիրում. թերեւս իմ ամենասիրած երաժշտությունն է, բայց այլ ոճերի երաժշտություն նույնպես շատ հաճույքով լսում եմ: Քանի որ Ամերիկայում եմ մեծացել` ռոքնռոլի ներքո, այդ երաժշտությունը նույնպես շատ եմ սիրում: Իսկ ռոքնռոլ պարել սիրո՞ւմ եք: Այո: Այստեղ միայնա՞կ եք ապրում, թե՞ ընտանիքի հետ: Մենակ եմ այստեղ, ընտանիքս Միացյալ Նահանգներում է: Երբ պատահում է, որ անտրամադիր եք լինում, տխրում եք, ինչպե՞ս եք փորձում փարատել Ձեր տխրությունը, ո՞ւմ եք դիմում առաջինը: Աշխատում եմ չտխրել, բայց եթե հանկարծ տխրում եմ, խոսում եմ ընկերներիս հետ, մայրիկիս հետ, ով իմ ողջ կյանքում եղել է իմ լավագույն աջակիցը: Իսկ ինչպե՞ս եմ վատ տրամադրությունից դուրս գալիս: Իմ խելամիտ կեսը ինձ ասում է. «Դու պետք է դուրս գաս, մի քիչ քայլես. կբացվի տրամադրությունդ»: Իսկ մյուս մասն ասում է. «Չէ, ավելի լավ է մի քաղցրավենիք ուտես, ու կանցնի»: Եվ հիմնականում ես ինչ-որ մի քաղցրավենիք եմ ուտում, բայց երբեմն նաեւ դրական կողմս կարողանում է հաղթել, եւ ես մի քիչ դուրս եմ գալիս քայլելու: Դուք հրաշալի տեսք ունեք, եւ ասացիք, որ միշտ, երբ տխուր եք լինում, պետք է ինչ-որ բան ուտեք, ինչպե՞ս եք կարողանում պահպանել Ձեր հրաշալի տեսքը: Ես նաեւ փորձում եմ ֆիզիկական վարժություններ կատարել, հիմնականում շաբաթ-կիրակի օրերին: Ի՞նչ եք Դուք երազում: Հիմա, երբ Հայաստանում եմ, իրապես հուսով եմ, որ Հայաստանը կկարողանա իր հարեւանների հետ կապված խնդիրները կարգավորել: Հայաստանի ապագայի համար բաց սահմանները շատ կարեւոր են, լինի դա Թուրքիայի հետ սահմանը եւ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եւ Ադրբեջանի հետ սահմանի բացումը: Երկու գործընթացներով էլ առաջընթացը շատ կարեւոր է, եւ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս երկու գործընթացներին: Դա անձնակա՞ն երազանք էր: Այս պահին Հայաստանում գտնվելով` այո, դա է իմ երազանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter