HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Արեւմտյան քաղաքական «առեւտրի» առանձնահատկությունները Կովկասում

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը օրերս հայտարարեց, թե Հայաստանն ու Թուրքիան պետք է առաջ ընթանան հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման հարցում։

«Մենք վստահ ենք, որ դա երկու երկրների միջեւ իսկապես լավ հնարավորություն է պատմական տարաձայնությունների հաղթահարման համար, ինչը ձեռնտու է երկուսին էլ»,- ավելացրել է Գորդոնը։ Մեկ ամսվա ընթացքում ամերիկացի այս պաշտոնյան արդեն երկրորդ անգամ է հայտարարությամբ հանդես գալիս հայ-թուրքական արձանագրությունների արագ վավերացման վերաբերյալ։ ՀՀ հիմնական օրենքին արձանագրությունների համապատասխանության վերաբերյալ ՍԴ կայացրած որոշումից օրեր անց Գորդոնը նաեւ հայտարարել էր, որ այդ որոշումը խոչընդոտ չէ արձանագրությունները վավերացնելու համար։ ԱՄՆ պետքարտուղարության այսպիսի հատուկ ուշադրությունը պատահական չէ։ Գորդոնի վերջին հայտարարությունը հաջորդեց նախորդ շաբաթ օրը Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Աբդուլլահ Գյուլի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ կայացած հեռախոսազրույցին։ Ըստ Hurriyet Daily News-ի՝ այդ հեռախոսազրույցի ընթացքում Գյուլը հորդորել էր ՌԴ նախագահին մեծացնել ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում եւ ազդել Հայաստանի վրա՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ճանապարհին «խոչընդոտներ» չստեղծելու համար։ «Մենք գնահատում ենք Կովկասում խաղաղությանն ուղղված Թուրքիայի ջանքերը։ Մենք ուշադրությամբ հետեւում ենք տարածաշրջանում ընթացող պրոցեսներին։ Որեւէ մեկն իրավունք չունի արգելակել արձանագրությունները»,-ըստ թուրքական լրատվամիջոցի՝ հայտարարել է ՌԴ նախագահը։ Դրան գրեթե զուգահեռ թուրքական NTV հեռուստաընկերությունը, անանուն դիվանագիտական աղբյուրներին հղում կատարելով, տեղեկացրել է, որ Անկարան ԱՄՆ եւ Շվեյցարիա է գործուղել մի բարձրաստիճան պաշտոնյայի՝ հայ-թուրքական արձանագրությունների շուրջ առաջացած իրավիճակի վերաբերյալ թուրքական դիրքորոշումը հիմնավորելու եւ աջակցություն ստանալու համար։ Թուրքական դիվանագիտության այս քայլերը հուշում են, որ Անկարան ակնհայտ շտապողականություն է ցուցաբերում ՀՀ ՍԴ կայացրած որոշումից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակը յուրովի հարթելու ուղղությամբ։ Այդ շտապողականությունը պայմանավորված է մինչեւ ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձը սպառվելու իրողությամբ։ «20 տարվա ընթացքում Ղարաբաղյան խնդիրը տեղից չի շարժվել։ Եթե այդ 20 տարիների ընթացքում Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան լուրջ մոտեցում ցուցաբերեին, Թուրքիան, Ադրբեջանը եւ Հայաստանը չէին ունենա այսօրվա հիմնախնդիրները։ Նրանք պետք է ասեին՝ «սա պետք է այսպես լինի»։ Հայաստանը տարածքներ է բռնազավթել, եւ դա ապացուցված է ՄԱԿ-ի կողմից։ Այդ օկուպացիայի վերացումից հետո որեւէ խնդիր չի լինի։ Բայց ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան սպասողական կեցվածք են որդեգրել։ Մոտենում է ապրիլը։ Մենք նրանց ասել ենք` ինչպես ձեր խորհրդարանը կլինի, այնպես էլ՝ մերը։ Մենք որեւէ հարցի հետ կապված ճնշում չենք գործադրի օրենսդիր մարմնի վրա։ Ինչ որոշում կկայացվի, այնպես էլ կանենք»,- News.am-ի փոխանցմամբ` թուրքական TRT-1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Ապրիլի մոտենալու մասին վերջինիս ակնարկն ավելի քան խոսուն է։ Չնայած այն հանգամանքին, որ արձանագրությունների վավերացման համար վերջնաժամկետներ սահմանված չեն, սակայն Անկարան ստիպված է այլեւս ընդունել, որ մինչեւ ապրիլ արձանագրությունները չվավերացնելու դեպքում Վաշինգտոնի հետ հարաբերությունների խաթարման հեռանկարը խիստ իրատեսական է դառնում։ Ֆիլիպ Գորդոնի վերոնշյալ հայտարարությունը հուշում է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում այս հարցում Թուրքիային որեւէ զիջման գնալ։ Դա շատ հստակ հասկացրեց նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով Գորդոնի հայտարարությանը գրեթե զուգընթաց Կոնգրեսից խնդրեց մոտ 10 մլն դոլարով ավելացնել Թուրքիայի կողմից «օկուպանտ» հռչակված Հայաստանի համար նախատեսված ֆինանսական օգնությունը։ Վաշինգտոնն Անկարային առել է ամուր աքցանների մեջ։ Թուրքիային չի հաջողվում անգամ Հայաստանի ՍԴ որոշման՝ իր համար անընդունելի ձեւակերպումները պատճառաբանելու միջոցով արձանագրությունների վավերացման ձախողման պատասխանատվությունը բարդել Հայաստանի վրա։ Այս հարցում Էրդողանը համարժեք ընկալում չի գտնում ո՛չ ԱՄՆ-ում եւ ո՛չ էլ Ռուսաստանում։ «Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ առկա են տարակարծություններ ինչպես կիպրոսյան հիմնախնդրի, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ»,- Ստոկհոլմում հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ Սուաթ Քընըքլրօղլուն։ Դա է պատճառը, որ ողջ նյարդայնությունը վարչապետ Էրդողանը փորձում է թափել ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա։ Թե՛ Վաշինգտոնը եւ թե՛ Մոսկվան չեն կարող չհասկանալ, որ իրենց այսպիսի կեցվածքով առաջին հերթին կարծրացնում են Հայաստանի դիրքորոշումները։ Գորդոնի հայտարարություններն անուղղակիորեն լեգիտիմացնում են ՀՀ ՍԴ որոշման մեջ նշվող վերապահումներն ու ճշգրտումները։ Սակայն սա չի նշանակում, թե Վաշինգտոնը եւ Մոսկվան ձգտում են ձախողել արձանագրությունների վավերացումը։ Նման կեցվածքով թե՛ Ռուսաստանը եւ թե՛ ԱՄՆ-ն պարզապես փորձում են չեզոքացնել կամ նվազեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա Թուրքիայի նկատելիորեն աճած ազդեցությունը, թույլ չտալ, որպեսզի ԼՂ կարգավորման խնդիրն Անկարան ներկայացնի որպես հայ-թուրքական հաշտեցման գործընթացի նախապայման։ Չնայած Անկարան չի դադարել այդ նախապայմանի մասին խոսել, սակայն ՀՀ ՍԴ որոշումից եւ դրա կապակցությամբ պաշտոնական Վաշինգտոնի ցուցաբերած կեցվածքից հետո Անկարայից հնչող նման պնդումները նկատելիորեն նվազել են։ Միջնորդների նման մոտեցումն ունի նաեւ միջնորդավորված, հեռահար նպատակ. ԼՂ կարգավորման բանակցային գործընթացում էապես թուլացնել նաեւ Ադրբեջանի դիրքերը, կոտրել Բաքվի համառությունը զիջումների չգնալու հարցում, ինչը գործնականում հակամարտության կարգավորման ամենագլխավոր խոչընդոտն է։ Այս կերպ Վաշինգտոնը եւ Մոսկվան, Փարիզի լուռ հայացքի ներքո, Թուրքիային ստիպում են որոշակիորեն զիջել դիրքերը եւ նախապայմանների քաղաքականությունը փոխարինել «առեւտրի» քաղաքականությամբ։ Այլ կերպ ասած՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Անկարային դրդում են Հայաստանի հետ բանակցությունների մեջ մտնել փոխադարձ ներկայացվող նախապայմաններից հրաժարվելու համար. ԼՂ հակամարտության կարգավորման թուրքական նախապայմանների հանում` ՀՀ ՍԴ որոշման մեջ մատնանշվող նախապայմանները Հայաստանի կողմից հանելու փոխարեն։ Թուրքիային հիմա երաշխիքներ են պետք, որ Երեւանը հարաբերությունների իրական կարգավորման ժամանակ հիմք չի ընդունելու ՀՀ ՍԴ որոշման մեջ նշվող վերապահումները։ «Մենք բացատրությունների կարիք ունենք առ այն, թե արդյո՞ք Սահմանադրական դատարանի որոշումը արձանագրությունների համար սահմանափակումներ է պարունակում»,- Մեդվեդեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։ Հայաստանն իր հերթին ձգտում է հայ-թուրքական արձանագրությունները վավերացված տեսնել նախքան ԼՂ հիմնախնդրի հետ կապված որեւէ ուղղորդիչ, կարգավորիչ փաստաթղթի ստորագրումը։ Երեւանում, թերեւս, հասկացան, որ Թուրքիան արձանագրությունները չի վավերացնելու՝ նախքան ԼՂ հիմնահարցում իրենց համար կոնկրետ արդյունքի արձանագրումը։ Դա գործնականում նշանակում է գնալ բացառապես միակողմանի զիջումների։ Դժվար է ասել՝ արդյո՞ք Երեւանը ՍԴ որոշմամբ չառաջնորդվելու հարցում քաղաքական եւ իրավական երաշխիքներ կտա, եթե Թուրքիան բացահայտորեն հրաժարվի ԼՂ հարցի հետ կապված իր նախապայմանից։ Սակայն միջնորդ երկրներն ակնհայտորեն կողմերին դրդում են այս հարցում առեւտրի գնալ։ ԱՄՆ-ն` որպեսզի Թուրքիային պահի իր ազդեցության գոտում, Ռուսաստանը՝ որովհետեւ տարածաշրջանում թուրքական հավակնությունները չափավորելու խնդիր է հետապնդում։ Սակայն ապրիլի 24-ը մոտենում է։ Հայաստանը կարող է փորձել ձգձգել եւ մինչեւ այդ ժամկետը Թուրքիային եւ միջազգային հանրությանը չտալ նման երաշխիքներ։ Դա կընկալվի որպես Երեւանի կողմից արձանագրություններից եւ դրա վավերացման քաղաքական հետեւանքներից խուսափելու, գործընթացը կասեցնելու կեցվածք։ Սակայն դա չափազանց մեծ ռիսկ կարող է պարունակել, եթե այս հարցում չլինի Ռուսաստանի թաքնված շահագրգռությունը։ Ամեն դեպքում, թե՛ հայ-թուրքական եւ թե՛ Ղարաբաղյան կարգավորման գործընթացներում ներկայիս բալանսը պահպանվում է ոչ թե ՀՀ ՍԴ-ի կայացրած որոշման, այլ միայն այդ որոշումն օգտագործելու՝ միջնորդ երկրների մարտավարության շնորհիվ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter