HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Մարտունին դարձել է Սիցիլիա»

Արդեն մեկ ամիս է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հանցագործությունները հաջորդում են մեկը մյուսին, բայց հանցագործներն անպատիժ են մնում: Դրությունն այնքան է լարվել, որ սովորական քաղաքացիները պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել եւ դիմել հանրապետության նախագահին եւ գլխավոր դատախազին` պարզելու, թե ինչու ոչ ոք չի պատժվում:

«Մինչեւ արյուն չթափվի, ոստիկանները մատը մատին չեն տա»,- դժգոհում են մարտունեցիները: Ամեն ինչ սկսվեց Մարտունու քաղաքապետարանի ավագանու անդամ Տիգրան Մանուկյանի հորը` Ծատուր Մանուկյանին պատկանող խանութի պայթյունից: 2009 թվականի դեկտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 5-ին տեղի ունեցած պայթյունից հիմնովին քանդվել է «Արեւ-1» ՍՊԸ-ին պատկանող երկհարկանի մթերային խանութը: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ երկհարկանի խանութը վերածվել է քարերի կույտի: Փշրվել են մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող բնակելի շենքերի պատուհանները: Քանդվել է նաեւ խանութի հարեւանությամբ գտնվող, Ծ. Մանուկյանին պատկանող հացի փռի տանիքը: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չեն եղել: Զոհերի բացակայությունը զուտ պատահականություն է, քանի որ պայթյունից 3 րոպե առաջ խանութի կողքով անցել են հացի փռի 3 աշխատակիցները: Մարտունեցիների ասելով` պայթյունը կապված է Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանի հետ եւ ուղղված է նրա դեմ, քանի որ Ծատուր Մանուկյանը քաղաքապետի ընկերն է եւ ամեն հարցով աջակցում է նրան: Ծ. Մանուկյանը հերքում է, թե իր խանութի պայթյունը դիտավորություն է եղել: Ըստ նրա` պայթյունի պատճառը գազի արտահոսքն է: «Քանի որ խանութից ոչ մի հետք չի մնացել` լրիվ քանդվել է, 2 վարկած ունեմ: Մեկն այն է, որ խանութում գազի վառարան էր դրված ու դրանից է, մյուսն էլ` խանութի ներսում շաուրմայի պատրաստման համար նախատեսված հեղուկ գազի բալոնից է արտահոսք եղել: Ամենահավանականը բալոնով գազի արտահոսքն է»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Ծ. Մանուկյանը: «ՀայՌուսգազարդի» Մարտունու գազամատակարարման, գազիֆիկացման մասնաճյուղի գլխավոր ինժեներ, գրասենյակի պետի տեղակալ Արամ Սարգսյանը հայտնեց, որ ուսումնասիրություններից պարզվել է, որ պայթյունը գազից չի առաջացել: «Համենայնդեպս, պայթյունը բնական գազից չի եղել: Բացի այդ, խանութը ինքնակամ է գազիֆիկացված եղել, եւ այդ օբյեկտը մեզ մոտ որպես բաժանորդ գրանցված չէ: Այնտեղ գազի արտահոսք չի եղել: Պայթյունից հետո հրդեհ չի եղել: Գազի փականները փակ վիճակում են եղել: Վառարանի փականը նույնպես փակ է եղել: Չնայած իրենք ինքնակամ են գազիֆիկացրել տարածքը, բայց անվտանգության նորմերը պահպանված էին»,- ասաց Արամ Սարգսյանը: «ՀայՌուսգազարդի» բրիգադը տարածք ժամանել է բնակիչների կանչով, քանի որ պայթյունի ձայնից բոլորը խուճապահար են եղել եւ կարծել են, թե շենքերում է գազը փայթել: Դեպքի վայր ժամանած բրիգադը տեղում է հայտնաբերել, որ խանութն է հիմնովին պայթել: Նշենք, որ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները տարածքում գազի հոտ չեն զգացել, մինչդեռ Ծ. Մանուկյանը պնդում է, որ ուժեղ գազի հոտ էր տարածվել: «Փորձագետներ ենք հրավիրել, դեռեւս վերջնական եզրակացությունը պատրաստ չէ, բայց փորձագետներն ասում են, որ պայթյունը միանշանակ բալոնի գազից է եղել: Այստեղ դիտավորություն լինել չէր կարող: Միայն մեր անփութության արդյունքն է»,- պնդում է «Արեւ-1» ՍՊԸ-ի սեփականատերը: Ծ. Մանուկյանը դեպքից օրեր առաջ «Յունիբանկից» 30 մլն դրամ վարկ էր վերցրել, այդ գումարով խանութի համար ապրանքներ էր գնել ու հիմա մեծ վնասներ է կրել: Մարտունիի մեր լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ խանութի պայթյունից օրեր առաջ քաղաքում թռուցիկներ են տարածվել, որտեղ հայհոյանքներ են գրված եղել ինչպես քաղաքապետի, այնպես էլ նրա թիմակիցների, այդ թվում Ծ. Մանուկյանի ու նրա` ավագանու անդամ որդու հասցեին: Խոսակցություններ են տարածվել, որ պայթյունի օրը նաեւ կրակոցներ են հնչել հացի փռի տարածքում: «Պայթյունից առաջ ոչ մի թռուցիկ չի եղել: Թռուցիկները տարածվել են հիմնականում նախագահական ընտրություններից առաջ: Բագրատին են հայհոյել, հիվանդանոցի տնօրեն Սեդրակին ու էլի մի քանի իրենց համախոհների: Դրանք ուղղված էին հիմնականում հանրապետականների դեմ, որոնք կանգնել էին Սերժ Սարգսյանի կողքին: Իմ, առավել եւս տղայիս անունը թռուցիկներում չեն եղել: Իմ տղան հարգված մարդ է: Նա ավագանու ընտրությունների ժամանակ շատ ավելի ձայն է հավաքել, քան Բագրատը քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Քաղաքապետի ընտրությունների ժամանակ էլ ես եմ կանգնել Բագրատի կողքին»,- ասաց Ծատուր Մանուկյանը: Այնուամենայնիվ, նա հաստատեց, որ քաղաքում նման խոսակցություններ տարածվել են: «Պայթյունից մեկ օր հետո միլպետն էլ ինձ զանգեց, ասում է, թե իբր իրեն ասել են, որ մեր տանը ռազբորկա է եղել, հետո էլ կրակոցներ են հնչել: Ես էլ ասացի` որ ասում էին, գայիք տեսնեիք, կարող է նման բան կար: Կրակոց չի եղել, սուտ բանի համար ոստիկանները ո՞նց կգային: Սա չարամտություն է»,- ինքն իր հարցին պատասխանում է Ծ. Մանուկյանը:

«Մարտունիում վանդալիզմ է սկսվել»,- ասում է քաղաքապետը

Խանութի պայթյունից 4 օր անց` դեկտեմբերի լույս 31-ի գիշերը, անհայտ անձինք Մարտունու գերեզմանոցից հանել եւ կինոյի տան դիմաց էին գցել Բագրատ Հարությունյանի եղբոր՝ գնդապետ Հարություն Հարությունյանի կիսանդրին: Դեպքից մոտ 2 օր առաջ քաղաքում թռուցիկներ էին փակցվել հետեւյալ բովանդակությամբ. «Եթե չքանդես քաղաքապետարանի մոտ՝ Շահումյան փողոցի ապօրինի շինությունը, կհայտնվես եղբորդ վիճակում»: Սրբապղծության դեպքն ավելի լարեց մթնոլորտը Մարտունիում: «Պարզ ասեմ` ստեղ քաղաքականություն է: Իհարկե, սա շուտափույթ ձեւով կպարզվի, որովհետեւ նույն ձեռագիրն է, նույն մարդիկ են, ինչ նախագահական ընտրությունների ժամանակ էին թռուցիկներ տարածում: Իմ կարծիքով` քաղաքապետի ընտրությունների ժամանակ մարդիկ կային, որ ուզում էին քաղաքապետ դառնալ, բավականին ծախսեր արեցին ու չանցան: Իրենք էլ իրենց ռեժիսորն ունեն ու որոշեցին հեղինակազրկել գործող քաղաքապետին, որովհետեւ նա, իր բոլոր թերություններով հանդերձ, Մարտունին բարեկարգեց»,- եզրակացնում է Ծատուր Մանուկյանը: Նրա խոսքերով` Մարտունիում կատարվող դեպքերի ետեւում կանգնած են այն մարդիկ, որոնք նպատակ ունեն առաջիկա ընտրություններին դառնալ քաղաքապետ: «Ես չեմ ուզում կոնկրետ անուններ տալ, որովհետեւ դա իմ լիազորությունը չէ: Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը պետությունից աշխատավարձ են ստանում ու պարտավոր են պարզել, թե ինչ է կատարվում: Կարծում եմ` երկար է տեւում բացահայտման պրոցեսը, բայց դա իրենց խնդիրն է: Շատ վատ է, որ քաղաքապետ ընտրվելու համար պարտադիր պետք է փողեր ծախսեն: Մարդիկ, որոնք փողեր են ծախսել ու չեն անցել, ուրիշ ծրագրի են անցնում: Կաշառք տալը, ընտրությունների ժամանակ փողեր ծախսելն էլ հանգեցնում է սրան»,- նշեց զրուցակիցս: Ըստ Ծ. Մանուկյանի` հանցագործների շրջանակը նեղացել է եւ նրանց գտնելն այնքան էլ դժվար չէ: «Այդ դեպքում ինչո՞ւ ոստիկանները չեն գտնում կատարողներին»,- հարցրինք նրան: «Այ, պետք է հարցնես դատախազին, միլպետին, թե ինչի չեն գտնում: Այսքան բան կա, ի՞նչն է ձեզ խանգարում, որ հանցագործներին գտնեք»,- պատասխանեց նա: Մեզ հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանն էլ ասաց, թե Շահումյան փողոցում կատարվող շինարարությունը պարզապես պատրվակ է եւ այս գործողությունների հետ որեւէ կապ չունի: «Շահումյան փողոցի կառույցը պարզապես շահարկվում է ու դա են պատճառ բռնում, որ ժողովրդի ուշադրությունը շեղեն, թե իբր դա է պատճառը: Ոչ ավելորդ որոշումներ ենք կայացրել, ոչ էլ ուրիշի տունն ենք քանդել: Այդ շինությունը հաստատված է գլխավոր հատակագծով, իսկ գլխավոր հատակագիծը հաստատում է Կառավարությունը: Մինչեւ գլխավոր հատակագծի հաստատումը, նախկին քաղաքապետի որոշումներով հողը հատկացվել էր քաղաքացիներին, որոնք առեւտրի նպատակով պետք է շարժական տնակներ դնեին այնտեղ, իսկ մենք արգելեցինք, որովհետեւ քաղաքապետարանի կողքին տնակ դնելը շատ սխալ է»,- նշեց քաղաքապետը: Այդ տարածքի համար մրցույթ է հայտարարվել, եւ հաղթել է 14 մարդ: Նա նույնպես Մարտունու վերջին դեպքերը կապեց քաղաքականության հետ, քանի որ լարվածություն նկատվել է դեռեւս նախագահական ընտրություններից առաջ: «Այդ դեպքերի հետ կապված` գիտեմ այնքան, ինչքան որ դուք: Այսօր քաղաքական պայքար է գնում, պաշտոնի կռիվ է: Իմ կարծիքով` հենց դա է պատճառը: Եղբորս արձանը պղծելով` կպել են իմ ցավոտ տեղին, որ հրաժարվեմ, թողնեմ պաշտոնս: Ես լավ եմ աշխատում, ու ինչ-որ մի թեկնածու, որը չի կարողանում ինձ հաղթել, սկսում է կպնել իմ ցավոտ տեղին, որ ես թողնեմ- գնամ, ինքը գա նստի: Ես նրանց ծրագրերի մասին չգիտեմ: Ինձ ժողովուրդն է ընտրել, ո՞նց հրաժարվեմ»,- ասում է Բ. Հարությունյանը: Նա նշեց, որ նախագահական ընտրությունների ժամանակ էլ ամենավերջին հայհոյանքներով թռուցիկներ են փակցվել` «Սերժ Սարգսյանին չընտրեք» տողերով: Բ. Հարությունյանի փոխանցմամբ` ոչ միայն իր, այլեւ այլ աշխատողների անուններով են սպառնալից ու հայհոյախառն թռուցիկներ փակցվել: Բ. Հարությունյանը անհամբերությամբ սպասում է, թե երբ են ոստիկանները բացահայտելու կատարված հանցագործությունները, թեեւ կարծում է, որ ոստիկանությունն այնքան էլ օպերատիվ չի աշխատում: Նա նախագահական ընտրությունների ժամանակ տարածված թռուցիկների ու վերջին ամիսների ընթացքում կատարվող իրադարձությունների միջեւ կապ է տեսնում եւ կարծում է, որ նույն ձեռագիրն է: «Եթե այսօր մեր պապական թշնամին` թուրքերը, իրենց տարածքում գտնվող հայկական գերեզմանն են ոչնչացնում, ամբողջ աշխարհին այդ հարցը բարձրացնում ենք, թե վանդալիզմ է: Այսօր Մարտունիում վանդալիզմ է սկսվել: Նախանձություն կա մեր ժողովրդի մեջ»,- ավելացրեց քաղաքապետը: Հերթը հասավ հիվանդանոցի տնօրենին Տեսնելով, որ ոստիկանությունը հանցագործներին պատժելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկում, օգտվելով իրավիճակից` հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը անհայտ անձինք այրել են Մարտունի քաղաքի հիվանդանոցի տնօրեն Սեդրակ Սահակյանի «Վոլգա» մակնիշի ծառայողական ավտոմեքենան: Դեպքը տեղի է ունեցել հենց հիվանդանոցի բակում: «Հանրապետությունում էլ կարեւոր լուր չկա՞»,- այսպես պատասխանեց Սեդրակ Սահակյանը, երբ դեպքից մի քանի օր անց նրանից հետաքրքրվում էինք, թե ինչ պատճառով է այրվել ավտոմեքենան: Մարտունու գլխավոր բժիշկը նշեց, որ ինքը Երեւանում է եղել, երբ իմացել է, որ ավտոմեքենան այրվել է ու պատճառների մասին կոնկրետ ոչինչ ասել չի կարող: «Ես բժիշկ եմ, իրավաբան ու դետեկտիվ չեմ: Այդ հարցով զբաղվում են հրդեհային ծառայությունն ու ոստիկանությունը»,- ասաց Ս. Սահակյանը: Այնուամենայնիվ, հիվանդանոցի տնօրենն իր ավտոմեքենայի այրվելը ինչ-որ չափով կապում է Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանին առնչվող իրադարձությունների հետ: «Ինչ-որ տեղ նաեւ այդ դեպքերի հետ եմ կապում ինձ հետ կատարվածը: Կապում եմ երկրում, կներեք` նաեւ լրագրողներիդ մասնակցությամբ, ստեղծված իրավիճակի հետ: Որովհետեւ մեր երկիրը հալի չի գա այնքան ժամանակ, մինչեւ իրար չլսենք: Բոլորն իշխանություն են ուզում, բոլորը պաշտոն են ուզում: Քաղաքում շատ դեպքեր են եղել` դեռ ընտրություններից սկսած: Համայնքապետի թեկնածուների դեմ թռուցիկներ էին գրում, կպցնում պատերին, ու ոչ մեկը ոչ մի բան չէր անում: Հիմա էլ դրա շարունակությունն է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Սեդրակ Սահակյանը: Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» փոխանցեցին, որ դեկտեմբերի 27-ին Մարտունու քաղաքի մթերային խանութի պայթյունի կապակցությամբ քրեական գործ չի հարուցվել: Նյութեր են նախապատրաստվում, ընթանում է հետաքննություն: Քաղաքապետի եղբոր կիսանդրին կոտրելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով («Դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը»): Նախաքննությունը շարունակվում է: Ինչ վերաբերում է հիվանդանոցի տնօրենի ավտոմեքենան այրելու դեպքին, ապա քրեական գործ չի հարուցվել: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նյութեր են նախապատրաստվում, ընթանում է հետաքննություն:

Մարտունեցիները բացահայտումների են սպասում

«Մարտունին դարձել է Սիցիլիա»: Այսպես «Հետքի» հետ զրույցը սկսեց Մարտունու քաղաքապետարանի հարեւանությամբ հավաքված տղամարդկանցից մեկը: Ինչպես նա, այնպես էլ շատերը վախենում էին իրենց անունները հրապարակել` ասելով, թե քաղաքում մաֆիոզները շատացել են, ու իրենք վախենում են: Իսկ այն մարդիկ, ովքեր «անվախ» էին ձեւանում, խուսափում էին ազգանուններն ասել: «Ազատամարտիկի հետ նման ձեւով չպետք է վարվեին: Նա հայրենասեր մարդ էր: Դրանով շան տղություն են արել, լավ բան չեն արել: Սա մաֆիա է, ուրիշ ոչինչ»,- ասաց որպես Յուրիկ ներկայացած մարտունեցին: «Բոլոր տեղերն էլ դա է, խի Երեւանում էդպես չէ՞»,- համաքաղաքացու խոսքը լրացրեց Կորյունը: Միակ համարձակը Վարազդատ Պապոյանն էր, ով խիզախություն ունեցավ ազգանունն էլ ասել` հիմնավորելով, թե ժողովուրդը նման բաներից արդեն չի վախենում, քանի որ «վախի դարն» անցել է: «Ազատամարտիկի արձան պղծելը կեղտոտ քայլ է: Դա գազանություն է: Որ իմանայի ով է արել` քարով կտայի ճակատին, թող սատկեր գնար, ինձ էլ գնդակահարեին»,- ասաց Վարազդատ պապը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter