HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Լրատվական կայքերը նույնիսկ շահել են

«Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ նախագահ Մեսրոպ Մովսիսյանը նշում է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամն իրենց կայքի վրա ազդել է ավելի շատ վախի մթնոլորտի ձեւով, քան ֆինանսապես: «Վախի մթնոլորտից ելնելով` բոլոր գործարարները, ովքեր աշխատում էին մամուլի հետ` գովազդային դաշտում, մի քիչ փոխեցին իրենց կողմնորոշումը եւ պակասեցրին գովազդային բյուջեն: Մենք մեզ վրա զգացել ենք ճգնաժամն այն առումով, որ չունենք գնային զարգացում գովազդային դաշտում: Եթե կա էլ, ապա շատ քիչ քանակի եւ քիչ տոկոսի, եւ շարժը կամաց-կամաց է առաջ գնում»,- ասաց Մ. Մովսիսյանը: Նա նշեց, որ ճգնաժամի հետեւանքով շատ գովազդատուներ հրաժարվել են թանկարժեք հեռուստատեսային գովազդից եւ սկսել են իրենց գովազդը տեղադրել թերթերում ու կայքերում: «Դա միակ դրական կողմն է, որ ճգնաժամի աղմուկից շահեցինք: Տուժեցին հեռուստաընկերությունները»,- ասաց Մ. Մովսիսյանը: Եթե 2008 թ. կայքը գովազդից շահույթ չի ունեցել, ապա 2009-ին գովազդատուների կտրուկ աճի շնորհիվ շահույթ է ստացել: «Ա1+»-ի վրա ճգնաժամը ֆինանսապես չի ազդել: Փոփոխություն է կրել կայքի բովանդակությունը` տնտեսությունը լուսաբանող հրապարակումները շատացել են, քննադատական բնույթ են ստացել: 2006 եւ 2007 թթ. կայքն ունեցել է օրական 15-20 հազ. այցելու: 2009 թ. այս ցուցանիշը պահպանվել է: Խմբագրական աշխատանքների կամ լրագրողների թվի կրճատում չի եղել եւ չի նախատեսվում: 2006—2007 թթ. լրատվամիջոցն ունեցել է 22 աշխատակից: 2008 թ. աշխատակիցների թիվը 10-ով պակասել է` գովազդի, շահույթի բացակայության եւ աշխատավարձերի պատճառով: Այժմ «Ա1+»-ը 17 աշխատակից ունի: tert.am-ը ճգնաժամի պայմաններում արձանագրել է ընթերցողների թվի աճ: Եթե 2008 թ. կայք օրական այցելում էին 3-4 հազար համակարգչից, ապա այժմ այցելում են մոտ 11 հազար համակարգչից: tert.am-ում եւս աշխատակիցների կրճատում չի եղել: Եթե 2008 թ. լրատվամիջոցն ունեցել է 12 աշխատակից, ապա այսօր նրանք 18-ն են: «Չէի ասի, որ ազդել է, քանի որ մենք գնալով աճում ենք: Հիմա թուրքերենն է ավելացել, ռուսերենն ավելի ընդլայնվել է: Աշխատողների քանակը դրանով աճել է: Սա աճող կայք է եղել, եւ ճգնաժամը չի նկատվել, որովհետեւ երբ ճգնաժամը սկսվեց, այցելություններն այնքան փոքր էին, որ գովազդատուները ըստ դրա գովազդ չէին տեղադրում, իսկ հետո` երբ այցելությունները աճեցին, գովազդները նույնպես աճեցին: Այն ժամանակ մենք 1-2 գովազդ ունեինք, իսկ հիմա արդեն գովազդի տեղ չունենք»,- ասաց tert.am-ի տնօրեն Վարդան Ասատրյանը: tert.am-ի տնօրենի խոսքերով` 2008 թ. լրատվամիջոցը գովազդից շահույթ չի ստացել, 2009 թ.` եւս: Թեեւ 2009 թ. գովազդային տարածքի 80%-ը վաճառված էր, սակայն գովազդով tert.am-ը միայն իր ծախսերն է ծածկում: 7or.am կայքն իր գործունեությունը սկսել է ճգնաժամի սկսվելուց հետո` 2009 թ. մարտի 17-ից: Մեզ հետ զրույցի ժամանակ 7or-ի տնօրեն Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ այդ պատճառով չի կարող համեմատական վերլուծություն անել` մինչ ճգնաժամը եւ դրանից հետո լրատվամիջոցի գործունեության վերաբերյալ: «Ինչպես սկսել ենք, այնպես էլ շարունակում ենք. ոչ մի փոփոխություն չի եղել»,- ասաց նա: 7or-ի վրա ֆինանսական ճնշվածություն կա այն տեսանկյունից, որ լրատվամիջոցի ռեսուրսներն «այնքան էլ լայն չեն, բայց ինչ որ կա, բավարարում է առայժմ»: 7or-ը ունի կայուն ընթերցողական լսարան` օրական 2300-2500 այցելու: Իր գործունեության առաջին օրը կայքը 365 ընթերցող է ունեցել: 7or.am-ը իր աշխատանքները սկսել է 10 լրագրողով: Այժմ կայքի համար 12 լրագրող է աշխատում: Ճգնաժամի պատճառով աշխատավարձերի կրճատում չի եղել: «Շատ թեթեւ, բայց բարձրացում է եղել ճգնաժամի պայմաններում»,- ասաց Անդրանիկ Թեւանյանը: 7or.am-ի տնօրենի խոսքերով` կայքը գովազդատուներ չունի: «Շատ կարճ ժամանակահատված` մի 5 օր, ունեցանք, եւ վերջ»,- ասաց Անդրանիկ Թեւանյանը: lragir.am կայքի խմբագիր Հայկազն Ղահրիյանը եւս նշում է, որ ճգնաժամը չի ազդել կայքի լուսաբանումների բովանդակության, թեմատիկ բազմազանության վրա: lragir.am-ում եւս խմբագրակազմի կրճատում չի եղել` ճգնաժամով պայմանավորված: Չեն նվազել նաեւ աշխատավարձերը: Հայկազն Ղահրիյանի հավաստմամբ` գովազդի քանակի փոփոխություն եւս չի եղել. «ՀՀ գովազդային շուկայում ավելի շատ գործում է ոչ թե շուկայական, զուտ բիզնես նպատակահարմարության գործոնը, այլ` վարչական: Գովազդի քանակի փոփոխություն չունենք»,- նշում է lragir.am-ի խմբագիրը: Մի քանի կայքերի պատասխանատուներ էլ հրաժարվեցին հարցերին պատասխանելուց` նշելով, որ «նպատակահարմար չեն համարում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter