Խախտումներ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում
ՀՀ Օմդուսմանի նամակը Արդարադատության նախարարին
Հարգելի պարոն Դանիելյան,
2010 թվականի փետրվարի 5-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը այցելել է ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է հետևյալը. ՔԿՀ-ում պատիժ են կրում 420 դատապարտյալներ, այն դեպքում, երբ Արդարադատության նախարարի 27.05.2008 թ. թիվ 206 հրամանի համաձայն` «Էրեբունի» ՔԿՀ-ի համար սահմանվել է լրակազմ 391 դատապարտյալի համար: Բացի դրանից` հիմնարկում բացակայում են կիսաբաց տիպի ռեժիմով դատապարտյալներին պահելու պայմանները, հիմնարկը չունի ջեռուցման համակարգ, կացարանները տաքացվում են էլեկտրական սալիկներով: Գրեթե բոլոր կացարանները ենթակա են կապիտալ վերանորոգման:
Հիմնարկի ճաշարանում կատարած ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ դատապարտյալների համար պատրաստված «բրնձով և մակարոնով շիլային» ավելացվել է 5 տուփ պահածոյացված մսամթերք` յուրաքանչյուրը 860 գրամ: Տվյալ պարագայում խախտվել են ՀՀ Կառավարության 2003 թ. ապրիլի 10-ի թիվ 413-Ն որոշման պահանջները, ըստ որոնց` յուրաքանչյուր դատապարտյալի օրական տրամադրվում է 90 գրամ միս:
Այսինքն, ըստ էության, ՀՀ Կառավարության կողմից նախատեսված 90 գրամ մսամթերքի փոխարեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմը տրամադրել է մոտ 11 գրամ, ինչը նորմատիվներից պակաս է շուրջ 9 անգամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի դրույթներով` խնդրում եմ տալ Ձեր պարզաբանումները վերոհիշյալ հարցերի կապակցությամբ:
Հարգանքով` Ա. Հարությունյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել