HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոչամբարներ. կանխատեսելի աղետներ

Հարցազրույց Բնապահպանության նախարարության «Հայէկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սեյրան Մինասյանի հետ Վերջին տարիներին Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում ավելանում է պոչամբարների թիվը: Ինչպիսի՞ն է դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Նախ ասեմ` ինչ է պոչամբարը: Պոչամբարը բնապահպանական կառույց է, որտեղ հանքարդյունաբերության ֆլոտացիոն ջրերը, հանքաջրերն են հավաքվում, որտեղ նստում է դատարկ ապառը, գնում է օքսիդացում, ջուրը մաքրվում է եւ վերադարձվում իր բնական հուն: Ըստ էության, դա է պոչամբարը: Ճիշտն ասած` այստեղ ես կխոսեի հանքարդյունաբերության ոլորտում մեր մշակույթի բացակայության մասին: Մեզ մոտ բազմաթիվ ճյուղերում մեծ աստիճանի չզարգացածություն է տիրում, նույն ձեւով հանքարդյունաբերության ոլորտում` պոչամբարների, թափոնների, հանքավայրերի կառավարման եւ օրենսդրության մեջ: Դա պրոցես է, որ պետությունն ու ազգը պետք է անցնեն ինչ-որ ժամանակահատվածում: Բնականաբար, այսօր ինչ որ արվում է Ախթալայում, որտեղ եկեղեցու մոտ գտնվող պոչամբարի ֆլոտացիոն ջրերը անընդհատ ուղղակիորեն լցվում են Ախթալա գետը, որն էլ հոսում է Դեբեդ, հակաբնական եւ հակաբանական գործունեություն է: Հիմա ընդհանրապես թերզարգացածություն ասեմ, թերություն ասեմ, այս ֆոնի վրա մենք ուզում ենք, որ մեր հանքարդյունաբերությունը կամ բնապահպանական համակարգը լինեն իդեալական վիճակում: Չի լինելու դա: Իսկ ժամանակը չէ՞ գոնե սկսել Ձեր ասած մշակույթի ձեւավորումը: Իմ կարծիքով` արդեն սկսվում է այդ մշակույթի ձեւավորումը, որովհետեւ այս կամ այն չափով, այս կամ այն ոլորտում մարդիկ հասկանում են, որ վաշխառուական հոգեբանությամբ հնարավոր չէ շատ առաջ գնալ եւ աշխարհում դառնալ մրցունակ պետություն, մրցունակ ազգ: Ինչ վերաբերում է այդ պոչամբարներին, Թեղուտին եւ այլն, ես կարծում եմ, որ Թեղուտը պետք է շահագործվի, այո, այդ հարստությունը պետք է վերցվի, բայց պետք է չաշխատի քարեդարյա մեթոդներով, պետք է չաշխատի բարբարոսաբար, պետք է նորմալ աշխատի: Թեղուտում 300 մլն խմ տարողությամբ պոչամբար է սարքվում: Հա, լավ են անում: Անտառ են կտրում, թող 3 անգամ շատ անտառ տնկեն: Թող ճիշտ պոչամբար սարքվի, ժամանակակից տեխնոլոգիաներով, այնպես, որ հետո, երբ այդ պոչամբարը կոնսերվացվի, մի 20 տարի էլ ետկոնսերվացիոն մոնիտորինգ անցնի, եւս 30 տարի թող ապահովագրվի, ինչպես այսօր արվում է Կանադայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում: Դուք ծանո՞թ եք Թումանյանի տարածաշրջանի գործող պոչամբարների վիճակին, օրինակ` տեսե՞լ եք Մղարթ գյուղի տարածքում գտնվող պոչամբարները: Մղարթում չեմ եղել, բայց ասեմ, որ այն, ինչ տեսել եմ կոնկրետ Ախթալայում եւ Ճոճկանում, սարսափելի է: Ճոճկանի պոչամբարը 20 տարի պարզ չէ, թե ումն է եղել: Չի եղել ոչ մեկինը: Էնտեղ դեռ ուրիշ փորձանքներ էլ են գալու: Այս պոչամբարում դրենաժային խողովակները փակվել են, եւ մի օր այդ պոչամբարը փլվելու է: Ես կասկածում եմ, որ «Մեթըլ Փրինս» կորպորացիան, ում հանձնված է պոչամբարը, այդքան փող ունի Ճոճկանի պոչամբարը վերականգնելու համար: Ճոճկանի պոչամբարը վերականգնելու համար այսօր 15-20 մլն դոլարը չի հերիքի, որովհետեւ պոչամբարի դրենաժային համակարգը ոչնչացված է, իսկ դա նշանակում է, որ ջրերն անընդհատ լվանում եւ խարխլում են պոչամբարը, եւ մի օր Ճոճկանի պոչամբարը փլվելու է: Ու հիմա այդ վիճակում այդ ընկերությունը չգիտեմ, թե պոչամբարն ինչ է անելու: Ճոճկանի պոչամբարի սողանքի դեպքում, ըստ Ձեզ, ի՞նչ հետեւանքներ են սպասվում: Էդ փլվածքը գալու է մինչեւ Դեբեդ գետը եւ թափվելու է գետը: Փակելու է երկաթգիծը: Էնտեղ կարծեմ արդեն 20 մլն խմ պոչանքի կուտակում կա, թվերը լավ չեմ հիշում: Այսինքն` մեր պոչամբարների վիճակը, դեպի պոչամբարներ տեղափոխման հանքային թափոնների, ֆլոտացիոն ջրերի կոմունիկացիաների կառուցման ու վերահսկման վիճակը շատ վատ է, արվում է ցածր տեխնոլոգիական մակարդակով, ահավոր շատ վթարային դեպքերի ուղեկցությամբ, որը բերում է աղտոտման որոշակի դեպքերի, որը եւ մենք նկատում ենք: Իսկ ի՞նչ կասեք Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի մյուս երկու պոչամբարների մասին, որոնցից մեկն արդեն վաղուց բերնեբերան լցված է եւ գտնվում է եկեղեցու ստորոտում: Կոմբինատը այն շարունակում է օգտագործել, քանի որ, մեր տեղեկություններով, կոմբինատի մյուս պոչամբար տանող կոմունիկացիոն գծերը անսարք են, եւ հաճախ օգտագործվում է հին պոչամբարը: Եկեղեցու մոտ գտնվող պոչամբարը լցված է, եւ այն չի կարելի օգտագործել ոչ մի նպատակով: Այս պոչամբարը «Մեթըլ Փրինսը» վաղուց պետք է ռեկուլտիվացիա աներ, դա պետք է ծածկվի, դրենաժային համակարգը պետք է նորմալացվի, պետք է հատուկ մշակվի, որը դեռ չի կատարում: Պոչամբարները 10-20 տարի գործող ընկերության կողմից դեռեւս շարունակվելու են մոնիտորինգի ենթարկվել, այդ ընկերության հաշվին: Կոնկրետ «Մեթըլ Փրինսը»-ը մի 20 տարի հետեւելու է, որպեսզի պոչամբարի վտանգները շրջակա միջավայրի նկատմամբ վերացվեն: Ինչ վերաբերում է մյուս պոչամբարին, հավատացած եմ, որ ֆաբրիկայից պոչամբար կոմունիկացիաների ճանապարհին պոչանքների կորուստներ լինում են, մեզ մոտ հեռավորության մեջ ջուրն է կորչում, ուր մնաց չկորչեն պոչանքները: Մանավանդ որ, եթե հիշում եք, կոմբինատը գտնվում է Ախթալա գետի աջ ափի լանջին, պոչամբարը ձախում է: Էդքան տեղ գնում է, չէ՞: Վթարներ եթե լինում են, միանգամից չհասած պոչամբար` արդեն լցվում է, էդտեղ կապարն է, կախված մասնիկներն են, դրա համար ներծծվում են գետում: Նույն ձեւով լցված պոչամբարն է, եթե ֆլոտացիոն ջրերը թափվում են լիքը պոչամբար, դրանք չեն մաքրվում, նույնությամբ թափվում են գետը, ինչպես կատարվում է Ախթալայի եկեղեցու մոտի պոչամբարում: Դուք երբեւէ Ախթալայում մոնիտորինգ կատարե՞լ եք: Եթե այո, ինչպե՞ս կգնահատեք «Մեթըլ Փրինս» ընկերության տնօրինության` բնապահպանական խնդիրների վերաբերյալ որդեգրած մոտեցումները: Ոչ թե երբեւէ, այլ ամեն ամիս ենք մոնիտորինգ անցկացնում: Ես չեմ կարող նման գնահատական տալ, կարող եմ ասել Դեբեդ գետի վիճակի մասին: Լավ, ասեք գետի վիճակի մասին: Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, ի վերջո, Դեբեդն աղտոտու՞մ է, թե` ոչ: Բնականաբար, աղտոտում է, ո՞նց կարող է չաղտոտել: Ախթալա գետի գույնը լցված պոչամբարի մոտ ակնհայտորեն փոխված է: Պոչամբարի վերեւում ապառներ են լցված, անխնամ է: Այնտեղ շատ փնթի վիճակ է: Ինչպես մեր մյուս բնագավառներում է, կառավարման համակարգում` դիլետանտիզմ, կոռուպցիա, նույնն էլ այստեղ է, ի՞նչ տարբերություն, նույն ձեւով աշխատում է այս ընկերությունը: Այդ է միջավայրը: Քանի դեռ էս պոչամբարը ռեկուլտիվացիայի չի ենթարկվել, անընդհատ կեղտոտելու է: Բայց այստեղ, նույնիսկ այս պոչամբարից ներքեւ կան երկու հանքախորշեր, որոնք լքված են, եւ թթվաջրեր են գալիս վերեւում, որ բարձրանում ենք Շամլուղ, այնտեղ շրջադարձ կա, որտեղից որ լեռնահարստացման կոմբինատը հանքաքարն է հանում, դրանից մի քանի մետր վերեւ` լքված հանքախորշերից ջուրը թթվից ծխում է, դուք չեք կարող մոտենալ այդ ջրերին, դա էլ ոչ մեկինը չէ, հարյուրավոր տարիներ շահագործված հանքեր են, որտեղից այդ վտանգավոր հանքաջրերը հոսում են Դեբեդ գետը: Այդ ջրահոսքերն անխուսափելի պրոցես են, եթե դրանով չեն զբաղվում: Այդտեղ պետք է համալիր միջոցառումների ծրագիր մշակվի, պետական վերահսկողությամբ, եւ այս ընկերությանը տրվող խնդիրները պետք է պարտադրվեն օրենքով, հասարակական ճնշմամբ: Դեռ 2009 թ. Տավուշի մարզի գյուղերի գյուղացիները, ովքեր իրենց այգիները ոռոգում են Դեբեդի ջրերով, «Հետքին» դժգոհեցին, որ ոռոգված ծառերի տակ առաջանում է սպիտակ նստվածք, որն էլ չորացնում է պտղատու ծառերը: Մոտիկ գյուղերում, հնարավոր է, վթարային արտանետումների դեպքում պոչանքների ինչ-որ քանակ հասել է այգու ծառերին, դա հնարավոր է: Դա ես չեմ բացառում: Կարելի՞ է Դեբեդը որակել մաքուր գետ: Չէ, Դեբեդը մաքուր չէ: Դեբեդն այսօր միջին վիճակում գտնվող գետ է: Գետի այսօրվա աղտոտման հիմնական աղբյուրը նաեւ Վանաձորի, Փամբակի, Ալավերդու, Ախթալայի կոյուղաջրերն են: Եթե պոչամբարների եւ հանքարդյունաբերության շահագործումը չնորմալացնեն, հետագայում հանքարդյունաբերության ճնշումը Դեբեդի համար պրոբլեմ կդառնա: Եվրոպայում, տեսեք, եթե 2000 բնակիչ ունի բնակավայրը, արդեն պարտադրում են մաքրման կայանը: Մենք դեռ հեռու ենք դրանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter