HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրաշատի համայնքապետի նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգելի պարոն Սարգսյան Նկատելի են վերջին տարիների ընթացքում Ձեր կողմից տարվող այն մոտեցումները, որոնք ուղղված են մարզերի համաչափ զարգացմանը, հատկապես սահմանամերձ, լեռնային եւ բարձր լեռնային համայնքների ուղղությամբ: ՀՀ Շիրակի մարզի Մեղրաշատ համայնքը գտնվում է Հայաստան-Թուրքիա պետական սահմանային շերտում (սահմանից հեռու է ընդամենը 500մ): Համայնքն ընդգրկված է ՀՀ Կառավարության կողմից սահմանված սահմանամերձ եւ լեռնային համայնքների ցանկում: Համայնքը ընդգրկված էր ՀՀ Կառավարության կողմից սահմանած` գյուղատնտեսական ցանքատարածությունների ավելացմանը միտված ֆինանսական նպատակով աջակցության ծրագրում (հատկացվում էր սուբսիդիա): Համայնքի ճանապարհների վերանորոգումը ընդգրկված էր Գյումրի-Հայկավան-Ողջի-Բյուրակն ծրագրում: Համայնքի անմիջական հարեւանությամբ գտնվող պետական պահուստային հողատարածքները պայմանագրային կարգով օգտագործվում էին համայնքի բնակչության կողմից: Այս բոլորը հույս էր ներշնչում, որ պետությունը նմանատիպ համայնքների համար որդեգրել է առանձնահատուկ մոտեցում, որի կարիքը խիստ զգացվում է: Սակայն, ցավոք, վերջին մեկ տարում հակառակ ընթացք ունեցավ. ա/ կտրուկ կրճատվեցին համայնքին հատկացվող ֆինանսական հատկացումները` դոտացիան, այժմ համայնքի սեփական բյուջեն կազմում է 5 մլն 800 հազ. դրամ, որից միայն 2 մլն 700 հազ. դրամը պետական հատկացումն է: Չնայած համայնքային բյուջեն կատարվում է 100 տոկոսով, սակայն նմանատիպ բյուջեի առկայության դեպքում խոսք անգամ չի կարող լինել համայնքի զարգացման մասին, բ/ արդեն մեկ տարի է, ինչ համայնքը դուրս է բերվել սուբսիդավորում ստացող համայնքերի ցանկից, որի արդյունքում խիստ կրճատվել են մշակվող հացահատիկային կուլտուրաների ցանքատարածությունները, գ/ միջհամայնքային ճանապարհների վերնորոգումը սկսվեց եւ ավարտվեց, սակայն այս անգամ էլ անտեսվեց Մեղրաշատ համայնքը, այն դուրս բերվեց նշված ծրագրից, դ/ պետական սեփականություն հանդիսացող հողերը, որոնք գտնվում էին համայնքի վարչական սահմաններում, օգտագործվում էին համայնքի բնակչության կողմից «պայմանագրային կարգով, եւ բարեխղճորեն կատարվում էին վճարումները»: Սակայն վերջերս ԱԺ-ի կողմից ընդունված «Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները համայնքներին հանձնելու մասին» ՀՀ օրենքով, նախկինում Մեղրաշատ համայնքի կողմից օգտագործվող 650 հա հողատարածքը հատկացվեց Ամասիա համայնքին: Նման պայմաններում հայտնված համայնքը, ունենալով ոչ բավարար տեղական բյուջե, անասնապահությանը եւ դաշտավարությանը չնպաստող սակավ հողատարածքներ` չի կարող լիարժեք զարգանալ: Բազմաթիվ ենթակառույցների բացակայությունը բերելու է բնակչության, առավելապես երիտասարդության արտահոսքի, որը նախկինում չի նկատվել համայնքում: Ժամանակին ճիշտ է ասվել. «Հայրենիքը հզոր է իր դարպասներով»: Սրանք միայն զգացմունքային խոսքեր չեն, այլ եղել են հիմնավորված եւ պատճառաբանված: Այս գիտակցմամբ էլ Մեղրաշատ համայնքը եւ տեղական իշխանությունը հայցում են երկրիս նախագահի աջակցությունը, քանզի սահմանամերձ համայնքների բնակչությունն ավելի զգայուն է եւ ավելի շատ է զգում պետության աջակցությունը: Չենք կասկածում, որ համայնքի կողմից բարձրացված հարցերը Ձեր հանձնարարությամբ մանրակրկիտ կուսումնասիրվեն եւ հնարավորինս կարճ ժամկետում իրենց արդարացի լուծումները կստանան: Տեղին է ասված` «Հայրենիքը սկսվում է ծննդավայրից»: Իսկ մեզ համար` բնականաբար Մեղրաշատից: Խորին հարգանքներով` Մեղրաշատ համայնքի ղեկավար Վահրամ Սաղաթելյան 20.01.2010թ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter