HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռադիոն էլ է ճգնաժամ ապրել

Ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով որոշ ռադիոկայաններ 2009-ի ընթացքում ստիպված են եղել փակել մի շարք հաղորդումներ, կրճատել իրենց աշխատակազմը: Ինչպես հեռուստաընկերությունների դեպքում, այստեղ էլ ճգնաժամն ազդել է հատկապես գովազդի վրա: «Ռադիո Վան» եւ «Ռուսկոյե ռադիո» ռադիոկայանների տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը մեզ հետ զրույցի ժամանակ նշեց, որ բուն նյութերի լուսաբանման վրա ճգնաժամն ազդել է այնքանով, որ իրենց թեմաներն են մի փոքր փոխվել: Եթե նախորդ տարի ավելի շատ ուշադրություն էր դարձվում քաղաքական թեմաներին, ապա այս տարի անցել են սոցիալական դաշտ` փորձելով հասկանալ, թե ճգնաժամից ինչ ելքեր կան, ովքեր ինչ ելք են տեսնում այս վիճակից դուրս գալու համար եւ այլն: «Նաեւ բացեցինք շատ խնդիրներ, որոնք իրականում ճգնաժամի շղարշի տակ որոշ մարդիկ անբարեխիղճ առաջ են բերում: Փորձեցինք բացահայտել դրանք, ցույց տալ հանրությանը, որ ճգնաժամն օբյեկտիվ ընթացք է ամբողջ աշխարհում, եւ պետք չէ շատ բաներ, որոնք իրականում գոյություն չունեն, ներկայացնել ճգնաժամի շղարշի տակ»: Տիկին Արեւշատյանի կարծիքով` ճգնաժամն ազատ խոսքի վրա չի ազդել: «Ռադիո Վանի» եւ «Ռուսկոյե ռադիոյի» գովազդի քանակի վրա, սակայն, ճգնաժամն իր ազդեցությունն ունեցել է: «Մինչեւ մարտ-ապրիլ ամիսը գովազդը կրճատվել էր 35-40 տոկոսով: Մարտից սկսած` արդեն դուրս եկանք նորմալ աստիճանի վրա: Ընդհանրապես, ովքեր սովոր են միայն գովազդից շահույթ ստանալ, ճգնաժամը նրանց համար շատ լավ երեւույթ է այն առումով, որ երբ ցնցվում է էկոնոմիկան, դու սկսում ես նոր ելքեր փնտրել, ու հավատացեք, որ դրանք գտնվում են: Մենք էլ սկսեցինք ուրիշ ելքեր փնտրել` բացի գովազդային դաշտից, որովհետեւ լրատվամիջոցը միայն գովազդային դաշտով չի կարող գոյատեւել, համենայնդեպս` այս ճգնաժամային իրավիճակում, երբ գովազդից ստացվող եկամուտներն ընկել են 40 տոկոսով: Մենք սկսեցինք օգտագործել արտադրությունը, եւ դրա շնորհիվ կարողացանք այդ 40 տոկոսը այսօրվա դրությամբ պակասեցնել, հասցնել մինչեւ 5 տոկոս»,- պատմեց տնօրենը: Շ. Արեւշատյանի ղեկավարած ռադիոկայաններում գովազդի գները ճգնաժամի հետեւանքով ոչ թե նվազել, այլ 15-20 տոկոսով բարձրացել են: Նա նշում է, որ դա տրամաբանական գործընթաց է. եթե գները բարձրանում են, ապա գովազդային շուկայի գներն էլ պետք է բարձրանան: Գների բարձրացման հետեւանքով գովազդատուներ չեն պակասել: «Դա օբյեկտիվ պրոցես է. եթե քո ապրանքի գները բարձրացնում ես, պետք է նաեւ գովազդի համար ավելի շատ վճարես»,- ասաց նա: Վերոնշյալ ռադիոկայաններում աշխատակազմի կրճատում չի եղել, աշխատավարձի` նույնպես: «Ճգնաժամային իրավիճակում կեսին ասել` հաջողություն, որպեսզի մյուս կեսն ավելի լավ ապրի, բիզնեսի առումով գուցե ճիշտ, բայց մենեջմենթի առումով շատ սխալ որոշում է: Ու այս տարին ցույց տվեց, որ կարողացանք գոյատեւել»: Ռադիոկայանի ծրագրերը, հեռարձակման ժամերը նույնպես չեն պակասել, նույնիսկ ավելացել են: Երեւանում եւ Հայաստանի եւս 20 քաղաքներում հեռարձակման իրավունք ունեցող «Ռադիո Հայ» ցանցային ռադիոկայանի եւ «Հայ FM»-ի վրա նույնպես ճգնաժամն ազդել է: Ռադիոկայաններում առնվազն 50 տոկոսով կրճատվել է գովազդի թիվը: «Ռադիո Հայ»-ի եւ «Հայ FM»-ի ներկայացուցիչ, քաղաքական մեկնաբան Անդրեաս Ղուկասյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ճգնաժամը հիմնականում ազդել է եկամուտների վրա. երկու ռադիոկայանների եկամուտներն էլ նվազել են: Ճգնաժամը թեեւ չի ազդել հաղորդումների, ռադիոկայանների արտադրանքի վրա, սակայն, Ա. Ղուկասյանի խոսքով, դանդաղել է ներդրման իրենց ծրագիրը, տեխնիկական վերահսկման ծրագիրը: Հատկապես «Ռադիո Հայի» դեպքում` ճգնաժամն ազդել է ցանցային տարածման հետ կապված տեխնիկական խնդիրների վրա: «Ճգնաժամի հետեւանքով մենք ոչ մեկի չենք կրճատել: Հակառակը` 2009-ին շատ պրոդուկտիվ աշխատել է մեր լուրերի բաժինը. այնպես, ինչպես երբեւէ չի աշխատել այս տարիների ընթացքում: Այս առումով ոչ մի ազդեցություն չի եղել: Աշխատանքից դուրս են եկել այն աշխատողները, որոնց աշխատանքն արդյունավետ չէ, ինչը, սակայն, կապված չէր ճգնաժամի հետ»,- ասաց Անդրեաս Ղուկասյանը: Այս ռադիոկայանների աշխատակիցների աշխատավարձերը նույնպես չեն նվազել: Եվ դրանում, Ա. Ղուկասյանի խոսքով, իրենց օգնել է լրացուցիչ ֆինանսավորումը, որ ստացել են 2009-ին դրամաշնորհների հաշվին: «Հայ FM»-ն առաջին մասնավոր ռադիոկայանն է, եւ Ա. Ղուկասյանի խոսքով` իրենց համար ճգնաժամային վիճակում գործելը սովորականէ: «1994 թվականին, երբ «Հայ FM»-ը բացվեց, ծանր շրջան էր, ճգնաժամային: Այնպես որ, մենք հոգեբանորեն պատրաստ էինք»,- ասաց նա: Ճգնաժամը լրջորեն ազդել է «Արձագանք» ռադիոկայանի վրա: «Արձագանքի» գործադիր տնօրեն Արտավազդ Բայաթյանն ասաց, որ իրենց մոտ լուրջ կրճատումներ են տեղի ունեցել, շատ հաղորդումներ ընդհանրապես փակվել են, քանի որ չէին կարողանում ապահովել դրանց ֆինանսավորումը: «Շատ աշխատողներ են կրճատվել, հիմա մենք ընդամենը 8 հոգով ենք մնացել, մոտ 50 տոկոս եւ ավելի կրճատվել են: Տոկոսային հարաբերություններով հաղորդումների մոտ 70 տոկոսը փակվել է, եւ մնացել է միայն երաժշտություն, քանի որ գումար չունենք հաղորդում անողներին վճարելու համար: Սակայն մնացած աշխատողների աշխատավարձերն անփոփոխ են մնացել»,- ասաց նա` նշելով, որ իրենք ֆինանսական եկամուտ չունեն, իսկ հարկերը աճում են ու աճում: «Արձագանք» ռադիոկայանում գովազդը շատ չի կրճատվել. հիմա էլ ունեն, գովազդից եկող գումարն էլ է նույնը, սակայն ծախսերն են կրկնապատկվել: «Իսկ դա նշանակում է, որ ետընթաց ենք ապրում: Հիմա աշխատում ենք նվազագույն պահանջների վրա, սրանից ավելի ցածր արդեն կլինի բոլորին ազատելն ու անընդատ եթերում ինչ-որ երաժշտություն դնելը»,- ասաց գործադիր տնօրենը: Հաղորդումների կրճատման հետեւանքով ռադիոկայանը նաեւ լսարանի կորուստ է ունեցել: Ա. Բայաթյանն առայժմ առաջընթաց չի նկատում, ասում է` առաջընթացը կապված է ընդհանուր տնտեսական վիճակի հետ. «Մենք ինքներս ի՞նչ առաջընթաց ստեղծենք: Մենք չենք կարողանում գումար ապահովել, ես դեռ ոչ մի դրական բան չեմ տեսնում, ամեն ինչ դեռ նույնն է»,- ասաց նա: Հանրային ռադիոն մեր ուղարկած գրավոր հարցումն այդպես էլ անպատասխան թողեց: Մեր բանավոր հարցմանը պատասխանեցին, թե «նպատակահարմար չեն գտնում» պատասխանել մեր հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter