HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Երեւանցիները որպես ամառանոց գնում են Աղավնավանքի տները

Դիլիջանից մոտ 20 կմ հեռավորությամբ, Ճամբարակ տանող ճանապարհին գտնվող գյուղը 22 տարի առաջ վերաբնակեցվեց Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցներով: Բնակավայրը հնում հայկական է եղել, այստեղ 2 հին մատուռ կա, Բագրատունիների իշխանության շրջանի կամուրջ, 12-րդ դարի ճգնավորի խուց:

Հարեւանությամբ գտնվում է «Անապատ» մենաստանը, կամ ինչպես տեղացիներն են ասում` Ախնաբադը: Գեղատեսիլ բնությունը հրապուրել է անասնապահությամբ զբաղվող ադրբեջանցիներին, ովքեր հիմնել էին Սալահ գյուղը: Այն 400 բնակիչ ուներ: Այստեղ 1988 թ.-ից ապրում են վերաբնակներ հարեւան հանրապետության տարբեր վայրերից` Բաքվից, Կիրովաբադից, Շամխորից, Շահումյանից, Խանլարից, Դաշքեշանից, Իսմայիլից եւ այլն... Հայաստանի հեռուստաընկերությունները հաճախ են ցուցադրում բռնագաղթի մասին կադրեր, երբ փախստականները շրջապատում են հայկական ուղղաթիռը: Աղավնավանքցիներն այդ կադրերում ճանաչում են դպրոցի տնօրեն Սերգեյ Թաիրյանին:

«Այն ժամանակ ես այս տեսքը չունեի, մորուք էի պահում,- վերհիշում է Սերգեյը,- այդ օրը փորձում էի երեխաներիս Հայաստան ուղարկել, սակայն չկարողացա, ուղղաթիռում տեղ չկար»: Սերգեյը համոզված է, որ Դաշտային Ղարաբաղի Շամխորի, Դաշքեսանի, Խանլարի հայկական գյուղերից գաղթելը սխալ էր, այդ շեները Շահումյանի հետ պետք է պաշտպանական միասնական գիծ կազմեին եւ մնային եւ հայրենի հողը պաշտպանեին ադրբեջանական ոտնձգություններից:

Սերգեյ Թաիրյանի խոսքերով` գյուղը Աղավնավանք անունը ստացել է տեղի կոլխոզի նախագահ Արմեն Հովակիմյանի նախաձեռնությամբ: Նրա մոր անունը Աղավնի է, այս կերպ նա հավերժացրել է իր ծնողի անունը: Ս. Թաիրյանի ղեկավարած Աղավնավանքի միջնակարգ դպրոցում այժմ ընդամենը 53 աշակերտ կա: Կրթօջախում 3-րդ եւ 4-րդ դասարաններ չկան, գործում են երկու հատ երկկոմպլեկտ (1-2 եւ 5-6) դասարաններ: Դ

պրոցի գրադարանում առկա է ընդամենը 294 գիրք: Դպրոցի տնօրենի խոսքերով` թեմատիկ գրականության, հայ գրականության դասականների երկեր չունեն: Դպրոցի շենքը հիմնանորոգման կարիք ունի: Սերգեյ Թաիրյանը պատմում է, որ առաջին հարկի զուգարանի միջնապատը փլվել է, երեխաները ստիպված օգտվում են երկրորդ հարկի զուգարանից: Սակայն ջրագծի խողովակաշարի շարքից դուրս գալու հետեւանքով երկրորդ հարկի զուգարանում էլ խնդիրներ են ծագել:

Վերջերս հայ-ամերիկյան մի հիմնադրամից եկել են, վթարված ջրագիծը լուսանկարել, հույս կա, որ կօգնեն այն հիմնանորոգել: Կրթօջախը ջեռուցելու համար յուրաքանչյուր դասասենյակի հաշվով օրական 2.5 լ դիզվառելիք է տրվում, սակայն այն բավարար չէ ձորում գտնվող, անտառներով շրջափակված, օրվա մեջ գրեթե արեւի երես չտեսնող դպրոցը տաքացնելու համար: Մանավանդ, որ անցած 20 տարում դպրոցի ապակիների մի մասը շարքից դուրս է եկել, եւ պատուհաններին նախկին երկփեղկի փոխարեն միափեղկ ապակիներ են:

Դասարաններում աշակերտների թիվը փոքր է, դասասենյակներն էլ բավական ընդարձակ են` 56 քառակուսի մետր մակերեսով եւ 3.2 մ բարձրությամբ: Դրանցում երբեմն 12-13 աստիճան տաքություն է լինում: Այդ պատճառով դպրոցի տնօրինությունը հարկադրված է կրթօջախի կեսը վառելափայտով տաքացնել: Դպրոցի տնօրենը գոհ է իր սաներից:

«Անցյալ տարի 7 շրջանավարտ ենք ունեցել, որից 4-ը ընդունվել են ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ, 2-ը ` Դիլիջանի եւ Իջեւանի պետական քոլեջներ, մեկի ծնողն էլ զավակին ուսումնառության ուղարկելու միջոցներ չուներ»,- ասում է Ս. Թաիրյանը: Փոքր համայնքը փոքր բյուջե ունի:

Համայնքապետարանի հաշվապահ Ասյա Պողոսյանը տեղեկացնում է, որ Աղավնավանքի 2010 թ. բյուջեն 5 մլն 239 հազար դրամ է, որից պետական լրավճարը` 3 մլն 557 հազար: Պետբյուջեից լրավճարն աճել է. անցյալ տարի այն շուրջ 2 մլն դրամ էր: Համայնքը 961 հա տարածք ունի, որից 190 հա-ն` վարելահող, 250 հա-ն` խոտհարք: Տնամերձ հողամասերը ոռոգվում են, հիմնականում մշակում են վարունգ, լոբի, կարտոֆիլ: Գյուղացիներն ասում են, որ Աղավնավանքի լոբին որակյալ է, շուտ չի փչանում: Բացառությամբ ներքեւի թաղամասի, գյուղն ապահովված է խմելու ջրով: «Իմ հողամասը այն սարի վրա է, 10 կմ հեռավորությամբ, ճանապարհն էլ վատ է, գյուղտեխնիկան դժվարությամբ է հաղթահարում»,- ասում է համայնքապետարանի աշխատող Շողեր Դալլաքյանը:

Անցյալ տարի համայնքի սեփական եկամուտների պլանը կազմել է 1 մլն 58 հազար դրամ, որն ամբողջությամբ կատարվել է: Գյուղը 514 հա արոտավայր ունի, ինչը լավ հիմք է անասնապահության զարգացման համար: Սակայն Աղավնավանքում ընդամենը 234 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա, որից 114-ը` կով: Գյուղատնտեսական հողերի մի մասը գյուղից զգալի հեռավորությամբ է գտնվում, այդ պատճառով չի օգտագործվում: Չնայած տարածքը շատ հարմար է անասնապահության զարգացման համար, սակայն եղած հնարավորությունները չեն օգտագործվում:

«Գյուղից մոտ 20 կմ հեռավորությամբ Խաչքար տարածք ունենք: Այդ տարածքի վարելահողերն ու խոտհարքները արդեն 5 տարի չեն օգտագործվում: Սարից այն կողմ Ճամբարակի տարածքի Դրախտիկ գյուղն է, որի բնակիչներն անօրինական օգտվում են Խաչքարի խոտհարքներից ու արոտավայրերից»,- ասում է Աղավնավանքի համայնքապետարանի հաշվապահ Ասյա Պողոսյանը:

Մինչդեռ այս տարածքում ժամանակին ոչխարի 4 ֆերմա է եղել, յուրաքանչյուրում` 1000 անասուն: Համայնքի համեստ բյուջեն հնարավորություն է տալիս փոքր աշխատակազմ պահելու: Այն 5 հոգուց է բաղկացած, 2009-ի համեմատ աշխատակազմը միայն մեկ աշխատողով է աճել: Նոր աշխատողը` 47-ամյա Շողեր Դալլաքյանը, նախկինում որպես սրբագրիչ աշխատել է շրջանային «Շամխոր» թերթի խմբագրությունում: Հիմա նա կես դրույքով, 15 հազար դրամով համակարգում է համայնքապետարանի մշակութային բնագավառը: Նրա ղեկավարած գրադարանում ընդամենը 1078 գիրք կա, որից 300-ը «Դեմոկրատիան այսօր» հ/կ-ն վերջերս է տրամադրել: Աղավնավանքի համայնքապետարանում աշխատավարձերն առավել քան համեստ են, ամենաբարձրը 2002-ից համայնքը ղեկավարող Վարդուշ Ներսիսյանի աշխատավարձն է` 40 հազար դրամ: Աղավնավանքը գտնվում է սարերով պարփակված ձորի մեջ: Այդ պատճառով այստեղ միայն երկու հեռուստաալիք է հեռարձակվում` Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եւ ռուսական «ՌՏՌ Պլանետան», այն էլ` գյուղի ոչ բոլոր հատվածներում: Դրա համար էլ բնակիչների մեծ մասը արբանյակային ալեհավաք է տեղադրել: Շուրջ 450 բնակիչ ունեցող գյուղը ձգվում է 2, 5 կմ:

Սարերով շրջապատված բնակավայրն ընդարձակվելու տեղ չունի, տուն կառուցելու համար ամենամոտ տարածքը գյուղից 7 կմ հեռավորության վրա է գտնվում: Ժամանակին այստեղից արտագաղթ է եղել, Աղավնավանքից հիմնականում հեռացել են Բաքվից եւ Կիրովաբադից գաղթածները:

Գյուղի գեղատեսիլ բնությունը հրապուրում է երեւանցիներին, ովքեր մայրաքաղաքից 110 կմ հեռավորությամբ ամառանոցներ են գնում:

«Ժամանակին այստեղ տները 400-500 դոլարով են վաճառել, հիմա երեւանցիները 10-20 հազար են տալիս»,- ասում է Շողեր Դալլաքյանը:

Գյուղի 152 տներից 40-ը երեւանցիները գնել են: «Այս տան տերը Ռուսաստանում է, այն երկու տներն էլ երեւանցիներն են գնել, միայն ամռանն են հանգստանալու գալիս»,- Վերին թաղամասի փակ տները ցույց տալով` ասում է Սերգեյ Թաիրյանը: Մինչդեռ գյուղի երիտասարդները ամուսնանալու, առանձին ընտանիք կազմելու համար տուն չունեն:

Աղավնավանքի շրջակա անտառներում բազմատեսակ հատապտուղները, ուտելի բույսերն առատ են, սակայն առաջիկայում հազիվ թե վերամշակող ձեռնարկությունների հումք դառնան: Ավելի շուտ` դրանք եւ հարուստ բնությունը կհրապուրեն մայրաքաղաքի բնակիչներին, ովքեր այստեղ են փախչում երեւանյան տապից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter