HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Մոռանալ Գոշին եւ գոշեցիներին

Տավուշի մարզի Գոշ գյուղը 400 տնտեսություն ունի, 1200 բնակիչ: Գոշավանքի դիմացի թաղամասը, որ տեղացիները «Վերին թաղ» են անվանում, գտնվում է սողանքային գոտում: Համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանի վկայությամբ` սողանքային գոտում է գտնվում 68 առանձնատուն:

Հայաստանի հասարակական մի կազմակերպություն գյուղում նախանցյալ տարի ուսումնասիրություն կատարելով` այդ առանձնատները վթարային է ճանաչել: Սակայն համայնքապետի խոսքերով` այդ կազմակերպության ուսումնասիրության արդյունքները պետության կողմից չեն ճանաչվում: «Եթե այդ տները պետականորեն վթարային ճանաչվեին, բնակիչները գոնե ընտանեկան նպաստ կստանային»,- ասում է Հովսեփ Վերանյանը: Համայնքի ղեկավարը փաստում է, որ մեկ տասնյակ առանձնատուն հիմնովին քանդված է, բնակիչներն էլ ստիպված հարազատների տներում են բնակվում: «4 տարի է` մեր տանը չենք ապրում, որովհետեւ տունս փլվել է: Այս հասակում ո՞ւր գնամ, իմ երկրից ո՞ւր հեռանամ: 4 տարի է` հորեղբորս տղայի տանն եմ ապրում, նեղ շենքի մեջ: Բարձրագույն կրթությամբ տղաս սիրած աղջիկ ունի, սակայն տան պատճառով չի կարող ամուսնանալ, ստիպված թողել-գնացել է Ռուսաստան: Մենք էլ մնացել ենք այսպես խաչված վիճակում: 4 տարի իմ տունը քանդված է, մի պետական պաշտոնյա չի եկել, որ հարցնի` որտե՞ղ ես ապրում, ո՞նց ես ապրում»,- նեղսրտում է «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տնօրեն Արծրուն Հովսեփյանը: Նա կնոջ հետ բարեկամի տանն է ապրում, բարեկամն էլ արդեն Ռուսաստանից Երեւան է վերադարձել: Արծրունը չգիտի` եթե ամռանը հորեղբոր որդին որոշի հանգստանալ Գոշում գտնվող սեփական տանը, ինքը կնոջ հետ որտե՞ղ է ապրելու: Սողանքը ոչ միայն Արծրուն Հովսեփյանի տունն է քանդել, այլեւ կից շինությունները, անասնագոմը: «Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն է եկել, իրավիճակը տեսել,- ասում է Գոշ համայնքի ղեկավարը:- Եթե մենք ոչնչով չենք կարողանում օգտակար լինել, մեր տեսնելն ի՞նչ կարող է տալ, հիմնահարցը ներկայացվել է Կառավարություն: Իմ դիմելուց հետո` նախանցյալ տարի, իբր մտցրին կիսավարտ շինությունների ցուցակի մեջ, բայց նորից «սայլը տեղից չշարժվեց»: Հովսեփ Վերանյանն ասում է, որ սողանքն ակտիվացել է անցյալ դարի 90-ական թվականներին, 1994 կամ 1995 թվականին սողանքի գոտու բնակիչներին բնակարանի կեղծ օրդերներ են տվել, գյուղի ներքին թաղամասում` Ներքին Գոշում դեռ չկառուցված բնակարանների օրդերները: Այդ տների շինարարությունը դեռեւս խորհրդային շրջանում` 1987թվին էր սկսվել: Այժմ դրանց մի մասի հիմքերն են կառուցված, մյուս մասի պատերը կանգուն են: «Մենք հեռուստատեսությամբ լսում ենք, որ հանրապետության տարբեր վայրերում բնակարաններ են կառուցում: Մի՞թե Գոշը հանրապետության տարածքում չէ, 20 տարի անուշադրության ենք մատնվել, ոչինչ չի արվում»,- ասում է Գոշի համայնքապետը: 2005 թվականին գյուղում ճապոնական դրամաշնորհով հակասողանքային ծրագիր է իրականացվել, որի արդյունքների մասին համայնքի ղեկավարն ասում է. «Սկզբում, տարի-տարիուկես ծրագիրն օգնեց, սողանքը չէր ակտիվանում: 1-1.5 մ խորությամբ դրենաժներ են կառուցել, որոշ տեղերում դա օգնել է, ուրիշ տեղերում հողի սողքը շարունակվում է»,- ասում է Հ. Վերանյանը: «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տնօրեն Արծրուն Հովսեփյանի խոսքերով` հակասողանքային ճապոնական ծրագիրն էական արդյունք չի տվել, ջրահեռացման խողովակները ձեւախեղվել են, որովհետեւ ջրերի կուտակումը 8 մ խորությամբ է տեղի ունենում, ուր ընդերքը խմորի է նման: «Մենք էլ ենք աղետի գոտի, սակայն անտեր, անտիրական»,- ասում է Արծրուն Հովսեփյանը: 30-ամյա Անդրանիկ Դավթյանն իր կնոջ, երկու անչափահաս երեխաների եւ 80-ամա տատի հետ ապրում է սողանքի գոտում: Սողանքը քանդել է նրա հայրական տունը, որի ավերակները ներկայիս տնից մի քանի մետր հեռավորությամբ են: Ամեն գիշեր նա քնում է ահը սրտում: Հողի մի հսկա զանգված սպառնում է տանը: Նա բահով տոննաներով հող է հեռացրել առանձնատան ետեւից, սակայն «սողացող հրեշը» անընդհատ մոտենում է: «10 տարի առաջ վերադարձել եմ ազգային բանակում ժամկետային ծառայությունից: Այս տասնամյակի ընթացքում 15 անգամ զորահավաքներին, վարժանքներին ինձ կանչել են, միայն այդ ժամանակ են մեզ հիշում, իսկ սողանքի մասին մոռանում են»,- դժգոհում է Անդրանիկը: Այդ թաղամասում բազմաթիվ տներ հողին են հավասարվել, տներից մեկի կտուրը պոկվել է, մի ուրիշ տան ճանապարհն էլ սողանքը քանդել-փակել է, վառելափայտը 100 մետր հեռավորությունից ձեռքով են բերում: Հողակույտով լցված մի բացատ ցույց տալով` համայնքապետ Վերանյանն ասում է. «Այստեղ 4 տուն է եղել, հողը քշել-քանդել է»: Համայնքի ղեկավարը 6 անգամ գրավոր զգուշացրել է սողանքային գոտում գտնվող վթարային տների բնակիչներին, որ այդտեղ ապրելը վտանգավոր է, եւ նրանք պիտի լքեն տները: Անդրանիկ Դավթյանի վկայությամբ` իրենց տները լքելու զգուշացում ստացել են նաեւ Տավուշի մարզպետարանից: Սողանքային գոտում է գտնվում նաեւ Մխիթար Գոշի դամբարանը: Դամբարանի մատուռը կիսաքանդ է: Անցյալ տարի աշնանը այստեղ է այցելել Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը` բազում ուղեկիցներով: Որոշվել է կիսաքանդ դամբարանը վերականգնելու համար համախմբել հայ իրավաբանների, սփյուռքի մեր հայրենակիցների հնարավորությունները: Դամբարանի կողքին քար է կանգնեցված, որի վրա գրված է. «Այստեղ հանգչում է իմաստուն օրենսգետ, հմուտ առակախոս եւ ուսուցչապետ Մեծ Մխիթար Գոշը (1130-1213): Հիշեք հայ դպրության անխոնջ նվիրյալին»: Ինչպես երեւում է` մեր Կառավարությունը չի հիշում ոչ Մխիթար Գոշին, ոչ էլ սողանքի ճիրաններում հայտնված գոշեցիներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter