Շիրակի մարզի այս տարվա առաջին մարզխորհրդի նիստը
«Չհասկացա, կարո՞ղ է շոու է, Վարդան…վերջ, ես եմ խոսում, դուք լսում եք»,- հնչած հարց-նկատողությունը վերաբերում էր Գյումրիի քաղաքապետին, իսկ նկատողության հեղինակը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն էր, գործողության վայրը`թիվ 21 դպրոցի նիստերի դահլիճը: Այստեղ փետրվարի 6-ին մարզի 119 համայնքապետերի եւ մի շարք մարզային կառույցների ղեկավարների մասնակցությամբ ընթանում էր Շիրակի մարզի այս տարվա առաջին մարզխորհրդի նիստը:
Նիստը ղեկավարող Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին ուղղված հարցով, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը փորձում էր ճշտել, թե հնարավոր է արդյոք կառավարությունից ակնկալել հավելյալ գումարներ հարթ տանիքներով շենքերի կտուրների վերանորոգման եւ երկրորդական փողոցների ասֆալտապատման համար:
«Արդեն ժամանակն է, որ դուք ձեր ազգաբնակչության հետ ավելի ազնիվ եւ ավելի բաց այս թեման քննարկեք,-խորհուրդ տվեց փոխվարչապետը: - Դա համատիրությունների եւ համայնքների խնդիրն է, դա կառավարության խնդիրը չէ»: Երբ ճշտվեց, որ Գյումրիի դոտացիան այս տարի 150 մլն դրամով ավելացել է` հասնելով 1 մլրդ 704 մլն 162 հազարի, փոխվարչապետը նկատեց, որ այդ գումարից կարելի է մի քանի շենքերի տանիքներ վերանորոգել: Քաղաքապետն էլ իր հերթին շտապեց տեղեկացնել, որ ունեցած սուղ միջոցներով նախկինում ինքը բավական աշխատանքներ կատարել է:
«Ուրեմն, պարոն Ղուկասյան, եթե կառավարությունն ավելի շատ գումարներ ունենար, ավելի շատ դոտացիա կտրամադրեր, դուք էլ ավելի շատ գործ կանեիք: Լրացուցիչ ռեսուրսներ ես այսօր չունեմ,-ասաց Արմեն Գեւորգյանը,-ձեր սեփական հավաքագրումներն ավելացրեք եւ դրանով լուծեք տեղի խնդիրները, արեք ասֆալտապատում, հարթ տանիքների նորոգում, դրանք համայնքային խնդիրներ են եւ ընտրված համայնքապետն է պարտավոր լուծել դրանք: Մեծ հաճույքով կօգնեինք, եթե ֆինանսական ռեսուրսներ լինեին»:
«Լսեցիք,-շուռ գալով դեպի լրագրողները հաղթական տեսքով հայտարարեց պարոն Ղուկասյանը,-էլ մյուս անգամ էդ հարցերով մոտս չգաք»: Վարդան Ղուկասյանի ոգեւորությանը ջուր լցրեց Արմեն Գեւորգյանը, ով ստիպված էր հիշեցնել, որ իրենք գտնվում են մարզխորհրդի նիստում եւ պետք չէ այն շոուի վերածել:
Արեգնադեմի համայնքապետ Աղուն Հազրյանին էլ հետաքրքրում էր, թե երբ վերջապես կլուծվի համայնքում դպրոցի կառուցման չարչրկված խնդիրը: Արեգնադեմցիների համար որպես դպրոց ծառայում են երեք բնակելի տներ: «Էդ պատճառով 102 աշակերտից 27-ն անցած տարի տեղափոխվեցին հարեւան գյուղի դպրոց,-տեղեկացրեց համայնքապետը,-երկու անգամ նախագծա-նախահաշվային փաստաթղթեր են կազմվել, բայց գործը տեղից չի շարժվել»:
Տարածքային կառավարման նախարարի պատասխանը հուսադրող չէր: Արմեն Գեւորգյանն ասաց, որ եթե այս տարվա դպրոցաշինության ծրագրերում Արեգնադեմը ներառված չէ, ապա հաստատապես, այս տարի էլ այդ համայնքում դպրոցի շենք չի կառուցվի:
Մի շարք բարձրացված հարցերի պարոն Գեւորգյանը խոստացավ պատասխան տալ դրանք ուսումնասիրելուց հետո միայն: Մարզպետ Լիդա Նանյանը խնդրեց փոխվարչապետի աջակցությունը, որպեսզի զինակոչիկները կրկնակի բուժզննության համար չհասնեն մայրաքաղաք, քանի որ Գյումրին ունի համապատասխան բուժսարքավորումներով կահավորված կաբինետներ եւ լավ մասնագետներ:
Արմեն Գեւորգյանը խոստացավ խնդիրը քննարկել Պաշտպանության նախարարության հետ, որպեսզի հասկանան` հնարավոր է արդյոք բարձրացված հարցին տալ դրական լուծում, թե ոչ:
Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանն էլ խնդրեց փոխվարչապետի օգնությունը Պաշտպանության նախարարության համար համայնքի բնակիչներից գնած կարտոֆիլի դիմաց չվճարած գումարները գանձելու հարցում: «Ձեզ ո՞վ չի վճարել, Պաշտպանության նախարարությո՞ւնը,-փորձեց ճշտել փոխվարչապետը»; Պարզվեց, որ նախարարության համար կարտոֆիլ գնում են միջնորդ կազմակերպություններն առանց գյուղացիների հետ համապատասխան պայմանգիր կնքելու:
«Մենք 21-րդ դարում ենք ապրում եւ ոչ մի գործարք առանց թղթային հիմքի չի լինում,-զարմացած ուսերը թոթվեց փոխվարչապետը,-եթե պայմանագիր չեք կնքել, ինչպես իմանանք, թե ովքեր են ձեզանից կարտոֆիլ գնել: Գոնե տեղյակ եք, թե այդ կազմակերպություններին Պաշտպանության նախարարությունը գումարները տվե՞լ է, թե՞ ոչ»:
Համայնքապետը, բնականաբար, տեղյակ չէր նաեւ դրանից: Նա խնդրեց, գոնե Վրաստանի հետ պայմանավորվածություն ձեռք բերել իրացման շուկան ընդլայնելու նպատակով: «Մենք հո չենք կարող վրացիներին խնդրել, որ մեր կարտոֆիլը գնեն,-տարակուսեց Արմեն Գեւորգյանը,-իրանք գնում են այնքան, որքան իրենց պետք է»: Փոխվարչապետը խորհուրդ տվեց շաքարի ճակնդեղ ցանել, գոնե այս տարի դրա իրացման խնդիր գյուղացիները չեն ունենա:
Թե ինչ ձեռքբերումներ եւ թերացումներ է գրանցել մարզը 2009 թ-ին, զեկույցով հանդես եկավ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը: Անցնող տարում մարզում գրանցվել է սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշ` 2008թ-ի համեմատ 12,2 տոկոսով ավելի: Կառավարության հաստատմանն է ներկայացվել մարզի զարգացման քառամյա ծրագիրը: 2009-ին մի շարք համայնքներում սկսվել եւ ավարտվել են գազիֆիկացման աշխատանքները:
Մարզպետի զեկույցի ամենահետաքրքիր մասը վերաբերում էր արդյունաբերական ծավալների վիճակագրությանը: Ըստ վիճակագիրների` մարզի արդյունաբերողները 2009-ին մոտ19,7 մլրդ դրամի արտադրանք են թողարկել, այսինք` գրանցվել է 2,5 տոկոս աճ:
Բայց ահա նվազել են գյուղատնտեսության ցուցանիշները: Հողատարածքների մեծ մասը ըստ նշանակության չեն օգտագործվում, մյուս կողմից էլ կարկտահարության հետեւանքով գյուղացիական տնտեսություններին պատճառվել է 3 մլրդ դրամի նյութական վնաս: Մարզի տարածքում հակակարկտային կայաններ կան տեղադրված եւ դեռ կավելանան, միայն թե ինչպես խորհրդային տարիներին էր, կենտոնացված կառավարման համակարգ չկա: Պետք է ռադիոլոկացման համակարգ տեղադրել:
Մարզի գյուղական համայնքներում շատ արդյունավետ գործել է ԲԳՎ ծրագիրը: 41 շահառուից 40-ը կարողացել են բնակարան ձեռք բերել: Միայն թե այս ծրագիրը կիրառվում է այն համայնքներում, որտեղ անօթեւանների թիվը չի անցնում 15-ը: Մնացած դեպքերում պետությունը բնակարանաշինության ծրագրեր է նախատեսել: Եվս մեկ ուրախալի լուր, Շիրակի մարզը կշարունակի մնալ գազիֆիկացման ծրագրում, քանի որ այստեղ բնակավայրերի ընդամնեը 42 տոկոսում են օգտվում կապույտ վառելիքից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել