HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարսի պայմանագրի վավերացման և հարակից հարցերի շուրջ

Ընդամենը երկու միջազգային համաձայնագիր կա գոյություն ունեցող սահմանների ճանաչման վերաբերյալ - Մոսկվայի և Կարսի պայմանգրերը: Ահմեդ Դավուդօղլու, Թուրքիայի արտգործնախարար, Թուրքիայի ազգային մեծ ժողով, 21 հոկտեմբերի 2009թ.: Այսօր արդեն ակնհայտ է` Հայաստան-Թուրքիա զույգ չարաբաստիկ արձանագրությունների վավերացուման գործընթացն ինչ ելք էլ ունենա, այլևս նախկին իրավիճակին վերադարձ չի լինի: Որոշ անհեռատես մարդիկ ջինը բաց են թողել քաղաքական սրվակից, և այսօր դժվար է կանխատեսել, թե ի՞նչ վարքագիծ կունենա այդ, մեզանից արդեն որևէ կախվածություն չունեցող, քաղաքական արարածը: Հետևաբար, մենք դեռ երեկվանից պիտի սկսեինք պատրաստվել բազմաթիվ քաղաքական և հատկապես իրավական հարցերի մոտալուտ վերարծարծմանը և վերարժևորմանը: Հաշվի առնելով Թուրքիայի դիրքորոշումը` այդ հարցերի մեջ առանձնակի կարևորություն ունի Կարսի պայմանգրի իրավական կարգավիճակի հարցը: Չնայած հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ նշյալ փաստաթղթի ունեցած հույժ կարևոր դերակատարությանը` առ այսօր Կարսի պայմանագիրը քննության չի ենթարկվել միջազգային իրավունքի տեսանկյունից: Եղած հրապարակումներն առավելապես գաղափարախոսական բնույթի են և վերլուծվում են պայմանագրի քաղաքական հետևանքները` առանց անդրադառնալու բուն պայմանագրի իրավական էությանը: Քանի որ Կարսի պայմանագրի իրավական կարգավիճակին վերաբերող հարցերը բազմաթիվ են ու բազմազան, ուստի, մեր ուժերի ներածին չափով, մի քանի հոդվածով կփորձենք լուսաբանել որոշ հարցեր: Կարսի պայմանագիրը (13 հոկտեմբերի 1921թ.) (Договор о дружбе между Армянской ССР, Азербайджанской ССР н Грузинской ССР, с одной стороны, и Турцией - с другой, заключенный при участии РСФСР в Карсе. [Документы внешней политики СССР, т. 4, М., 1960, ст. 420-429.]) երկկողմ պայմագիր է: Այն ստորագրել են, ինչպես գրված է պայմանագրի նախաբանում, «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիլիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից» «Ռուսաստանի Սովետական Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության մասնակցությամբ» (при участии, with the participation): Վերոշարադրյալից ակնհայտ է, որ ՌՍՖՍՀ-ն Կարսի պայմանագրի կողմ չէ, այլ զուտ մասնակից, այսինքն` նա չի ստանձնում պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտավորություններն ամբողջությամբ, այլ նրան վերապահված է միայն որոշակի գործառույթ: Անշուշտ, այդ գործառույթը քաղաքական վերակացուի դերն էր, քանի որ բոլշևիկները դեռևս Մոսկվայի պայմանագրի (16 մարտի 1921թ.) 15-րդ հոդվածով պարտավորվել էին հետևյալը. «Ռուսաստանը ստանձնում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ իրականացնել անհրաժեշտ քայլեր, որպեսզի ապահովի վերջիններիս կողմից Թուրքիայի հետ կնքվելիք համաձայնագրում սույն պայմանագրի այն հոդվածների ճանաչումը, որոնք ուղղակիորեն վերաբերում են իրենց»: [Russia undertakes to take the necessary steps with the Transcaucasian Republics with a view to securing the recognition by the latter, in their agreement with Turkey, of the provisions of the present Treaty which directly concern them.] (Soviet Treaty Series, (ed. Leonard Shapiro), v. I, 1917-1928, Washington, 1950, p. 101): Կարսի պայմանագրի վավերացման հարցը: Լայնորեն հայտնի փաստ է, որ Կարսի պայմանագրի վավերաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել 1922թ. սեպտեմբերի 11-ին Երևանում (Soviet Treaty Series, նշվ. աշխ., էջ 136; Документы внешней политики СССР, т. 4, Москва, 1960, ст. 429; Հայաստանը միջազգային դիվանագիրտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Երևան, 1972, էջ 527): Կողմերից մեկը` քեմալականները, նշյալ պայմանագիրը վավերացվել է 1922թ. մարտի 16-ին (Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրենք # 207) (A. Gunduz Okcun, A Guide to Turkish Treaties (1920-1964), Ankara, 1966, p. 4.) [առայժմ մի կողմ ենք թողնում այդ կառույցի լիազորությունների հարցը]: Սակայն Կարսի պայմանագիրը չի վավերացվել երկրորդ կողմ հանդիսացող, այսպես կոչված, երկրներից և ոչ մեկի` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կողմից [առայժմ մի կողմ ենք թողնում նաև սրանց լիազորությունների հարցը]: Կարսի պայմանագիրը թուրքերի հետ նույն օրը` 1922թ. մարտի 16-ին, (Մոսկվայի /16.03.1921/ պայմանագրի առաջին տարեդարձի օրը) վավերացրել է Համառուսաստանյան կենտրոնական գործադիր հանձնաժողովը (ВЦИК - Всероссийский Центральный Исполнительный Комитет): Ըստ այդմ, այս վավերացումը երբեք չի կարող դիտարկվել օրինական, հետևաբար իրավական հետևանք ստեղծող, քանի որ ռուսաստանյան այդ կառույցը ոչ ներքին, ոչ միջազգային օրենքի տեսանկյունից նման լիազորություն չուներ և չէր կարող ունենալ: Չի կարող մի երկրի կառույց վավերացնել մեկ այլ երկրի կամ երկրների ստորագրած պայմանագիրը: Հարավային Կովկասի երկրների ռազմակալումից հետո (Ադրբեջան, 1920թ. ապրիլ; Հայաստան, 1920թ. դեկտեմբեր; Վրաստան, 1921թ. փետրվար) մինչև 1922թ. դեկտեմբերի 30-ը, այսինքն` մինչև ՍՍՀՄ ձևավորումը, վերոհիշյալ երեք երկրները, գոնե ձևականորեն, անկախ էին: Այսինքն` գոնե պաշտոնապես առանձին էին և մաս չէին կազմում Ռուսաստանին: Օրինակ, Հայաստանի պարագային դա ամրագրված էր Հայաստանի Հանրապետության և ՌՍՖՍՀ ներկայացուցչի միջև 1920թ. դեկտեմբերի 2-ին ստորագրած իշխանության փոխանցման հայտարարագրի առաջին կետում, որով Հայասատանը հռչակվում էր «անկախ սովետական սոցիալիստան հանրապետություն» (Международная политика новейшего времени в договорах, нотах и декларациях. Ч. 3. От снятия блокады с Советской России до десятилетия Октябрьской революции. Вып. 1. Акты Советской дипломатии / Сост. и ред. Проф. Ю.В. Ключников и А.В. Сабанин, М., ХКИД, 1928. ст. 75-76.): Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ քեմալականների և բոլշևիկների կողմից Կարսի պայմանագրի, այսպես կոչված, վավերցման պահին (16 մարտի 1922թ.) արդեն գոյություն չուներ նշյալ պայմանագրի կողմերից մեկը: Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունները դադարել էին գոյություն ունենալուց, քանի որ դրանից չորս օր առաջ` 1922թ. մարտի 12-ին, ձևավորել էին նոր միավոր` Անդրկովկասի Սոցիալիստական Սովետական Հանրապետությունների Դաշնային Միությունը (Федеративный Союз Социалистических Советских Республик Закавказья - Закфедерация). Ի դեպ այն, որ նորաստեղծ միավորն իրեն չէր դիտարկում ՌՍՖՍՀ կազմում կամ նրա ենթակայության տակ, ամրագրված է Դաշնային Միություն ստեղծելու մասին պայմանգրի (Союзный договор об образовании Федеративного союза социалистических советских республик Закавказья, 12.03.1922) 13-րդ հոդվածում. «Հանրապետությունների միությունը ՌՍՖՍՀ-ի հետ հարաբերությունները հաստատում է միութենական պայմանագրի հիման վրա»: [Союз республик устанавливает взаимоотношения с РСФСР на основе союзного договора] (Образование СССР, Сборник документов, М., 1972. ст. 25): Եզրակացություն: Կարսի պայմանագիրը չի վավերացվել Հարավային Կովկասի և ոչ մի երկրի կողմից` այդ թվում նաև Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն միավորի կողմից, հետևաբար նշյալ, այսպես կոչված, պայմանագիրը իրավական հետևանքներ չի ստեղծում նրանց համար: Արա Պապյան Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար 7 փետրվարի 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter