«Իշխանություններն էլ ավելի են խստացրել «Ժառանգության» լրատվական շրջափակումը»
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիոսյանի հայտարարությունը 2010 թվականի փետրվարի 7-ի «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում
Սիրելի հայրենակիցներ,
Վերջին շրջանում իշխանություններն էլ ավելի են խստացրել «Ժառանգության» լրատվական շրջափակումը` թույլ չտալով, որ որեւէ հեռուստաընկերությամբ հասարակությանը լիարժեք հասու դառնան «Ժառանգության» տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների, Արցախի խնդրի շուրջ զարգացումների վերաբերյալ:
Ցավոք սրտի, չեն ներկայացվում նաեւ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի շտկման ուղիների կապակցությամբ «Ժառանգության» առաջարկները եւ այդ ուղղությամբ իշխանությունների` տնտեսական դաշտը ամբողջովին կլանային-մենաշնորհային դարձնելու քաղաքականության աղետաբեր հետեւանքները: Ավելին, իշխանություններն ապօրինի որոշումներ եւ քայլեր են կատարել` թույլ չտալով ժողովրդի ձայնը «Ժառանգության» միջնորդավորմամբ հնչեցնել այնպիսի հեղինակավոր ամբիոններից, ինչպիսիք են` Եվրոխորհուրդը եւ ԵԱՀԿ-ն:
Ինչպես տեղյակ եք, իշխանությունների աճպարությունների եւ ձեռնածությունների հետեւանքով խոչընդոտվում են «Ժառանգության» պատգամավոներների ազգանպաստ աշխատանքն այդ կառույցներում:
Սեփական կամայականությունները քողարկելու նպատակով` իշխանություններն իրենց սպասարկու լրատվամիջոց-կամակատարների միջոցով հերթական հիստերիան են բարձրացրել «Ժառանգության» դեմ, սկսել են «հանդուրժողականության դասեր» տալ և խոսել ինչ-որ «դավաճանությունից», «հակապետական գործունեությունից»:
Ընդ որում, այդ հիստերիան ուղեկցվում է «Ժառանգություն» կուսակցության գործունեության սահմանափակմանն ուղղված կոչերով:
Սիրելի հայրենակիցներ, ներկայացնենք մեր հարցադրումները:
Ձեր կարծիքով ո՞րն է հակապետական գործունեություն`
- Երևանի կենտրոնում անմեղ քաղաքացուն սպանե՞լը, թե՞ այդ քաղաքացու սպանության բացահայտումը պահանջելը,
- Սեփական (և ոչ անկախ, պետական) օգտագործման արդարադատության համակարգ և դրա արդյունքում քաղբանտարկյալներ ունենա՞լը, թե՞ այդ քաղբանտարկյալների ազատության համար պայքարելը,
- Անընդհատ ընտրակեղծիքների համակարգը կատարելագործե՞լը, թե՞ ընտրակեղծիքների դեմ պայքարելը,
- Տնտեսական համակարգն օլիգարխացնե՞լը, մոնոպոլացնե՞լը, կրիմինալացնե՞լը, թե՞ ազատ տնտեսական դաշտ պահանջելը,
- Իշխանության` անարդարությունների այսպիսի համակարգ ստեղծելու արդյունքում 1 միլիոնից ավելի մարդկանց արտագաղթ կազմակեպե՞լը, թե՞ «Ժառանգություն» կուսակցության մարդու իրավունքների համար պայքարելը,
- Թուրքական նախապայմաններին այո ասե՞լը, թե՞ Ցեղասպանության և Հայրենազրկման հետևանքների համար պատասխանատվության կոչ հնչեցնելը,
- Մադրիդյան սկզբունքներն ընդունելը և ենթարկվե՞լը, թե՞ ԼՂՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչելը:
- Հայաստանը բնական հումքի կցորդ դարձնե՞լը, թե՞ մեր սերունդներին էկոլոգիապես մաքուր Հայաստան թողնելը,
- Հայաստանը միջնադար վերադարձնելը և բնակչին աթարի տեղը ցույց տա՞լը, թե՞ իր քաղաքացուն բարեկեցիկ և սոցիալապես ապահով կարգավիճակի համար նախադրյալներ ստեղծելը:
- Բյուջետային մեծածավալ յուրացումների առկայության պայմաններում բազմամիլիարդ վարկեր վերցնե՞լը, փոշիացնե՞լը և ժողովրդին մեծածավալ պարտքերի տակ գցե՞լը, թե՞ հովանավորչության, կոռուպցիայի և յուրացումների դեմ պայքարելը:
Որքան էլ փորձեն լռեցնել ճշմարտության ձայնը, միևնույն է, այն հնչելու է, եթե ոչ այսօր, ապա վաղն ավելի ուժգին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել