HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է Ակնաղբյուր գյուղի համայնքային կենտրոնի կառուցումը

Գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում կառուցում է համայնքային կենտրոն: Ծրագրի հովանավորությունը ստանձնել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը (բարերար` ֆրանսաբնակ Թավիդյանների ընտանիք): Շուրջ 560 բնակիչ ունեցող Ակնաղբյուրում սա արդեն Հիմնադրամի թվով չորրորդ ձեռնարկն է. ներկայումս հաջողությամբ շահագործվում են գազամատակարարման, խմելու ջրի եւ ոռոգման համակարգերը: Ինչպես տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հասարակայնության հետ կապերի բաժինը, ավարտվել է հիմքերի բետոնացումը, հենապատի կառուցումը եւ ամրասյուների տեղադրումը: Անբարենպաստ եղանակային պայմաններով պայմանավորված` աշխատանքները կվերսկսվեն ձմեռային կարճատեւ դադարից հետո: Հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանի խոսքով` երկհարկանի կառույցում գյուղապետարանից եւ բուժկետից բացի կտեղակայվեն նաեւ գրադարանը եւ հանդիսությունների դահլիճը, որոնք պակաս կարեւոր չեն համայնքի բնակչության համար: «Գյուղի կյանքում տեղ գտած բարեփոխումների շնորհիվ` երիտասարդ ընտանիքներում ավելացել է նորածինների թիվը, վերջին երկու ամսվա ընթացքում հարազատ գյուղ է վերադարձել չորս ընտանիք: Շատ ուրախալի է, որ գյուղացիները ավելի լավատես են դարձել վաղվա օրվա նկատմամբ»,- ասել է Ակնաղբյուր համայնքի ղեկավար Կարեն Դոլմազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter