«Գովազդի հետ կապված մի լուրջ արշավ ենք նախատեսում»
Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները որպես նորմատիվ պահանջ կսկսեն գործել 1 ամսից: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը:
Նրա խոսքերով` չափորոշիչների կոնկրետ կիրառումը ենթադրում է ևս 1-2 գործընթաց: Առաջինը իրավական ակտի պաշտոնական հրապարակումն է: Պետական մարմինների նորմատիվ բնույթ կրող իրավական ակտերը գրանցվում են Արդարադատության նախարարությունում և հրատարակվում «Տեղեկագիր» հանդեսում, որից հետո իրավական ակտը մտնում է ուժի մեջ:
«Ես, ցավոք, չեմ կարող վստահաբար ասել` որքան կտևի պետական գրանցման գործընթացը: Բայց մեր պրակտիկայից ելնելով` դրանք ողջամիտ ժամանակներ են, աշխատանքային ընթացքներ են, ամիսներ չեն և արվում են սովորաբար ոչ ավելի, քան 1 ամսվա ընթացքում: Հրապարակումը ևս մեծ գործընթաց չէ, որովհետև «Տեղեկագիրը» պարբերաբար լույս է տեսնում: Կարծում եմ, որ վատագույն տարբերակով, մենք այն կունենանք որպես գործող նորմատիվ պահանջ մեջ ամսվա ընթացքում, ոչ ուշ»,- նշեց Գրիգոր Ամալյանը:
Նրա խոսքերով` չափորոշիչները չպահպանելու դեպքում գործելու են հետևյալ տույժերը` գրավոր նախազգուշացում, դրամական տույժ, իսկ 3 գրավոր նախազգուշացումը կարող է հիմք դառնալ լիցենզիայից զրկելու և գործունեության դադարեցման համար:
«Խնդրում եմ` հասկանաք, հանձնաժողովը օրենքի նախագիծ չի մտցրել, ինչպես կարդում էի երեկ բլոգերներից ինչ-որ մեկի մոտ (խոսում էր ինչ-որ օրինագծի մասին): Հանձնաժողովը չի որոշել` ինչ պիտի ցույց տրվի, ինչ չպիտի ցույց տրվի: Հանձնաժողովն ընդամենը իրեն վերապահված իրավասության շրջանակում տվել այն հայտանիշները, որոնց առկայության պարագայում այս հաղորդումը կորակվի, ենթադրենք, էրոտիկ, սարսափ կամ դաստիարակության վրա բացասական ազդող»,- ասաց Գրիգոր Ամալյանը:
Լրագրողներից մեկն ասաց, որ ռուսական հեռուստաալիքների հաղորդումների ժամանակ հայկական գովազդ կարելի է տեսնել, նույնիսկ երբ ռուսական գովազդն արդեն ավարտվել է, և հաղորդումը շարունակվում է: Ի՞նչ անելիքներ ունի այստեղ ՀՌԱՀ-ը: Գրիգոր Ամալյանը պատասխանեց, որ չափորոշիչների հրապարկման գործընթացն ավարտելուց անմիջապես հետո ՀՌԱՀ-ը նախատեսել է ձեռնամուխ լինել հաղորդումների օրինականության, ցուցադրման օրինականության և գովազդի խնդրին:
«Գիտեք, որ մենք ժամանակին այդպիսի մի մեծ արշավ արեցինք և կարծես թե այդ ժամանակահատվածի համար և հեռուստաընկերությունների, այսպես ասած, զարգացման, և խնդրի սրության իմաստով բավական լուրջ արդյունքներ ունեցանք: Հիմա այդուհանդերձ տեսնում ենք, որ անհրաժեշտություն կա նորից այս խնդրին անդրադառնալ: Բայց դրա համար մեզ նորից արդեն պետք են մի քանի օրենսդրական ճշգրտումներ` ավելի նուրբ, ավելի աշխատող: Դրան հաջորդող գործընթացը ևս հեռու չէ. գովազդի հետ կապված մի լուրջ արշավ ենք նախատեսում: Ուղղակի այդ ընթացքում ակնկալում ենք օրենսդրական ևս 1-2 փոփոխություններ օրենսդիրի կողմից»,- ասաց Գրիգոր Ամալյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել