HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Պաշտոնակռիվ «ՉԻ» աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` առաջիկայում աշխատանքից կազատվի նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Ճիշտ է, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «ատամներով պահում է», որպեսզի հանկարծ Կովալը պաշտոնը չկորցնի, բայց այս անգամ, կարծես, ամեն ինչ ավելի վճռական է: Ավելին, նույնիսկ նշվում է հավանական հավակնորդի մասին: Ըստ լուրերի` Կոտայքի մարզպետ է նշանակվելու ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Զավեն Նանյանը: Հիշեցնենք, որ Նանյանը ԱԱԾ-ում զբաղվում էր ներքաղաքական հարցերի կոորդինացմամբ և այդ ընթացքում կարողացավ իր հարազատ քրոջը` Լիդա Նանյանին նշանակել Շիրակի մարզպետի պաշտոնում: Ինչ խոսք, Հայաստանի ներքաղաքական այս դեգրադացված իրավիճակի գլխավոր դիրիժորը (իհարկե` ստվերային), չէր կարող «արժանի գնահատականի» չարժանանալ գործող ռեժիմի կողմից: Ո՞րն է գերակա Երեկ ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Մարտի 1-ի» հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Համաներման մասին ԱԺ որոշման և Նիկոլ Փաշինյանի դատավճռի միջև առկա հակասության մասին թերթի թղթակցին հարցին սենսացիոն պատասխան է տվել: «Ես վաղը համաներումը կուսումնասիրեմ, նաև դատավճիռը, և նոր միայն ձեր հարցին կկարողանամ ճիշտ պատասխան տալ: Հիմա ես չգիտեմ, որ հոդվածով են դատել, համաներումը որ հոդվածներով է կիրառվում»,- ասել է Նիկոյանը: «Բայց դուք համաներման որոշման համար քվեարկել եք, առանց ուսումնասիրելո՞ւ եք քվեարկել»,- թերթի թղթակցի այս հարցին Նիկոյանը պատասխանել է. «Հասկացա, բայց նա որոշում է (դատավճիռը), նա օրենք է (ԱԺ որոշումը), պետք է ճշտել` որն է առաջնայնությունը, դրա համար պետք է ուսումնասիրել: Պետք է հասկանամ` դատավորը դրա իրավունքը ունի՞, թե չունի»,- ասել է ԱԺ փոխնախագահ Ս. Նիկոյանը: Արտահանվել է ոչխարների հատկապես որակյալ կազմը Հայաստանում բնակվող եզդիական համայնքի որոշ ներկայացուցիչների տեղեկացմամբ` Հայաստանից ոչխարի արտահանման նրբություններից մեկն էլ այն է, որ Հայաստանից արտահանվել է ոչխարների հատկապես որակյալ մայրական կազմը: Ոչխարապահները, որպես կանոն, գիտեն, թե ոչխարը զույգ` երկու, թե՞ մեկ ձագ է ունենում, և զույգ գառնուկներ ունեցող ոչխարը պահում են, իսկ կենտ ունեցողին` մորթում: Եվ հիմա, ըստ թերթի աղբյուրների, Հայաստանից դուրս է տարվել հենց այդ կազմը: Իսկ ոչխարի մսի նման պահանջարկը, որ առկա է հարևան Իրանում, բացատրվում է մահմեդական ժողովուրդների ազգային մշակութաբանական այն առանձնահատկությամբ, որ միսը սպառողի սեղանի ամենակարևոր բաղադրիչն է: Ի տարբերություն եվրոպական երկրների, որտեղ մսի պահանջարկը շատ ավելի փոքր է: Ինքնանպատակ ընդդիմություն «Դաշնակցության հասցեին մեղադրանք է հնչեցվում, թե մենք կեղծ ընդդիմություն ենք: Բայց անմիջապես էլ հայտարարում են ցավով, որ մեզ համագործակցության են հրավիրել և արձագանք չեն ստացել: Եթե կեղծ ընդդիմություն ենք, ինչո՞ւ եք ուզում համագործակցել մեզ հետ: Սա ծիծաղելի ու անհեթեթ խանդի դրսևորում է: Դաշնակցությունը որոշակի խնդիրների շուրջ համագործակցել է իշխանության հետ, բայց իրավիճակ է փոխվել և հստակ տարաձայնություններ են առաջացել: Բայց ՀԱԿ-ը ինչո՞ւ է ընդդիմություն, երբ բացի իշխանությունը վերադարձնելու ցանկությունից, իշխանության հետ տարաձայնություններ չունի: Սա ինքնանպատակ ընդդիմություն է»,- համոզված է Արտաշես Շահբազյանը: Յանուկովիչի Ուկրաինան էլ ՌԴ-ի հետ խնդիրներ կունենա «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներին և ռուսամետ գործիչ Վիկտոր Յանուկովիչի հաղթանակին, կարծիք հայտնեց, թե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները Յանուկովիչի իշխանության օրոք էլ իդեալական և առանց խնդիրների չեն լինի. «Յանուկովիչի Ուկրաինան ավելի նման կլինի Վարոնինի Մոլդովայի և ինչ-որ չափով` Լուկաշենկոյի Բելառուսի վարած քաղաքականությանը»: Իրան-Հայաստան-Թուրքիա Թուրքիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Բահման Հուսեինպորը ևս մեկ անգամ ընդգծել է Իրանի դրական վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի վերաբերյալ: Դեսպանը հայտարարել է, որ Իրանը օժանդակում է Հայաստան-Թուրքիա գործընթացներին: «Մենք այս գործընթացն ընկալում ենք որպես կարևոր քայլ` տարածաշրջանում վերջնական խաղաղության և կայունության հաստատման ու պահպանման գործում: Իրանն ու Հայաստանը երկար տարիներ արդյունավետ համագործակցում են, և հայ-թուրքական նորմալացող գործընթացներից հետո Երևանի հետ մեր համագործակցությունը կարող է դառնալ եռակողմ` Իրան-Հայաստան-Թուրքիա»,- շեշտել է Հուսեինպորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter