
«Երկուսի ֆինանսական աղբյուրն էլ Միացյալ Նահանգներն են: Այդ կռիվը ոչ թե ժողովրդի համար է, այլ դրսի ուժերի, ոչ մեկը, ոչ մյուսը ընդդիմադիր չեն»,- նման կարծիքի է «Ժառանգություն» և «Դաշնակցություն» կուսակցությունների մասին Տիգրան Կարապետյանը:
Այսօր «Հայելի»-ում բանավիճում էին «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը և Հանրապետական կուսակցությունից Լեռնիկ Ալեքսանյանը:
«Ժառանգություն» և «Դաշնակցություն» կուսակցությունների մոտեցումները Տ. Կարապետյանը սխալ է համարում: Դաշնակցության պնդման հետ, թե` եթե կուսակցությունը կոալիցիայի մեջ չի, ուրեմն ընդդիմադիր է, Տ. Կարապետյանը համամիտ չէ: Նա չի կիսում նաև «Ժառանգության» մոտեցումը. «9 տարվա ընթացքում ոչ մի օրենք չի ընդունվել ի նպաստ ժողովրդի»,- ասում Կարապետյանը:
Լեռնիկ Ալեքսանյանը ևս համաձայն չէ Դաշնակցության վերջին ձևակերպմանը, թե կան ընդդիմադիրներ, ընդդիմախոսներ: Նա առանձնացնում է ընդդիմության տեսակներ` արմատական և այլն: Մեզանում Լեռնիկ Ալեքսանյանը արմատական ընդդիմություն չի տեսնում:
«Արմատական ընդդիմությունը պետք է ծրագիր ունենա և կարողանա հասարակական, քաղաքական կարևոր փոփոխություններ անել»,- Լեռնիկ Ալեքսանյանի այս պնդմանը Ժողովրդական կուսակցության նախագահը հակադարձեց նրանով, որ իշխանությունն էլ ծրագիր չունի:
Լ. Ալեքսանյանը իշխանության ծրագրից նշեց դրույթ` տնտեսական համակարգի զարգացումը: Տ. Կարապետյանն էլ նշեց, որ մենք չենք կարող նման ծրագիր ունենալ, քանի որ «գյուղատնտեսությունը մեռած է, արդյունաբերություն չունենք, իսկ ոչխարներն էլ ծախել ենք»:
Անդրադառնալով այն հարցին, թե Սահմանադրական դատարանի որոշմամբ թե' Դաշնակցությունը հաղթեց, թե' նախագահը, Տիգրան Կարապետյանը կարծիք հայտնեց, որ մի հարցում երկու հաղթող չի լինում. «Հաղթել է Սերժ Սարգսյանը, և Սահմանադրական դատարանը համարել է, որ իր քայլերը համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը»:
Ըստ Տ. Կարապետյանի` Դաշնակցությունը ազգայնական է Հայ դատի և ցեղասպանության հարցում. «Րաֆֆի Հովհաննիսյանը ևս եղել է Հայ Դատի իրավաբան: Բայց չի կարելի ազգային գաղափարախոսությունը կառուցել միայն Հայ Դատի վրա, որովհետև մենք որպես ազգ պետք է գոյատևենք»,- նշեց Տ. Կարապետյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել