HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանը պաշտպանո՞ւմ, թե՞ խախտում է քաղաքացու իրավունքը

«Հետքն» անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 11-ին կայացրած «աննախադեպ» որոշմանը, որով ավագանին քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող հողամասն ու դրա վրա կառուցված ինքնակամ կառույցը ճանաչել է համայնքային սեփականություն: Հիշեցնենք, որ  գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանի որդուն` Պավել Բաղմանյանին պատկանող «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ն Մարտունի քաղաքի Աբովյան 1 հասցեում գտնվող «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տարածքում գազալցակայան է կառուցել: Գազալցակայանի թույլատվությունը տրված է պանրագործարանի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի անունով, սակայն գեներալի որդին գազալցակայանը կառուցելուց հետո որոշել է ամբողջությամբ «տիրանալ» պանրագործարանի 6 հազ. քմ հողատարածքին եւ ԱԳԼՃԿ ստացված եկամուտները ինքնուրույն տնօրինել: Դրանից հետո պանրագործարանի տնօրեն Թ. Բաղդասարյանը մի քանի անգամ դիմել է Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանին` խնդրելով դադարեցնել իր տարածքում ապօրինի գործող գազալցակայանի գործունեությունը: Քաղաքապետը գրավոր դիմել է պանրագործարանի տնօրենին` օրինականացնելու համար ապօրինի շինությունը: Թ. Բաղդասարյանը գազալցակայանը օրինականացնելու համար դեռեւս 29.08.08թ. էր դիմել քաղաքապետին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: 2009 թ. մայիսին «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ն հայցով դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` սեփականության իրավունքը ճանաչելու եւ պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջի մասին: ՍՊԸ-ն պահանջում է պանրագործարանի հետ պայմանագիր կնքել ոչ ավել ոչ պակաս` 99 տարով: Թաթուլ Բաղդասարյանը 21.01.2010թ. հայցադիմումով դիմել է ՀՀ Վարչական դատարան` Մարտունու համայնքի ավագանու 11.12.09թ. թիվ 191 որոշումն անվավեր ճանաչելու եւ գործողությունների պարտադրելու պահանջի մասին: Նա դատարանից պահանջում է ամբողջությամբ անվավեր ճանաչել Մարտունու ավագանու որոշումը եւ պարտավորեցնել Մարտունու քաղաքապետարանին սահմանված կարգով ճանաչել ընկերության սեփականության իրավունքը, ինչպես նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում առկա ինքնակամ կառույց գազալցակայանի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը: Թ. Բաղդասարյանը նույն օրը Վարչական դատարան է ներկայացրել եւս մեկ հայցադիմում` ընդդեմ  Մարտունու քաղաքապետարանի` սեփականության իրավունքի ճանաչման եւ գրանցում կատարելուն պարտադրելու պահանջի մասին: Դատարանը հայցադիմումներն արդեն ընդունել է վարույթ: Նշենք, որ պանրագործարանին պատկանող 6 հա հողատարածքը ընկերությանը հատկացվել է կառավարության որոշմամբ եւ կա անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված սեփականության վկայական: Մինչդեռ Մարտունու քաղաքապետարանը փորձել է դատարանի լիազորություններ ստանձնելով քաղաքացուն զրկել սեփականության իրավունքից: Օրենքին հակասող մեկ այլ եզրակացություն էլ տվել է Կադաստրի Մարտունու ստորաբաժանումը: Թեեւ Կադաստրն իր կանոնադրությամբ փորձագիտական եզրակացություն տալու իրավունք չունի, սակայն` 27.05.09թ. գրություն է տվել եւ եզրակացրել, որ պանրագործարանին սեփականության իրավունքով պատկանում է ոչ թե 6 հա, այլ 2.3 հա, իսկ մնացած 3.7 հա տարիներ շարունակ զբաղեցրել են հողամասի հարեւանները: Այդ դեպքում ո՞վ է կատարել կեղծիքը եւ ինչպե՞ս է տրամադրվել 6 հա-ի սեփականության վկայական: Այս հարցերին որեւէ իրավասու մարմին պատասխան չի տվել եւ չի էլ փորձել պարզել, թե ինչպես կարող է 3.7 հա-ը քաղաքացուն չլինել, երբ դրա համար կա սեփականության վկայական եւ տարիներ շարունակ այդ հողակտորի համար հարկեր է վճարել: Փետրվարի 2-ի դատաքննության ժամանակ «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ռ. Ահարոնյանը միջնորդություն ներկայացրեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին` լրացուցիչ դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին: Ներկայացուցիչը պատճառաբանեց, որ նախկինում կատարված մասնագիտական եզրակացությունն ամբողջական չէ եւ փորձագետների լուծմանն է պետք առաջադրել մի շարք հարցեր: Դատավոր Վանիկ Վարդանյանը միջնորդությունը բավարարեց եւ որոշում կայացրեց լրացուցիչ դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին: Ուշագրավն այն է, որ օրենքի տառը պահելու փոխարեն դատավորն ինքը խախտեց օրենքը` լրացուցիչ փորձաքննության կատարման հանձնարարությունը դնելով դարձյալ Կադաստրի վրա: Թե ինչպես է Կադաստրը կրկին փորձաքննություն իրականացնելու, երբ իր իսկ կանոնադրությամբ դրա իրավունքը չունի` առայժմ դժվար է գուշակել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter