
Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշում էր, որ հայ-թուրքական ներկայիս գործընթացի ձախողման դեպքում անգամ Հայաստանը շահած դուրս կգա, ըստ ամենայնի նկատի ուներ, որ ամբողջ աշխարհին ակնհայտ կդառնա, թե գործընթացը ձախողվել է Թուրքիայի մեղքով: Սակայն աշխարհին դա ակնհայտ չէ, և եթե հայ-թուրքական ներկայիս գործընթացը կողմերի միջև է՛լ ավելի մեծ լարվածության հանգեցնի, ապա ոչ մի կողմ էլ շահած դուրս չի գա: Հետևաբար այս ամենը պետք էր նախօրոք հաշվարկել: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
«Այդ նախաձեռնողական քաղաքականությունը սկսելիս պետք էր հնարավորությունը տեսնել նաև այս տեսակի զարգացման, որը, ցավոք, չի արվել: Եվ դա է հենց պատճառը, որ մենք այդ ամբողջ պրոցեսը համարում ենք ի սկզբանե սխալ ուղղությամբ տանող և բավականին վտանգավոր: Փաստորեն, կողմերը փորձել են տարբեր իմաստ դնել արձանագրությունների մեջ: Սա արդյունք է այն բանի, որի մասին ես դեռ ամիսներ առաջ հստակ ասել եմ` վատ է բանակցված: Հայկական կողմից բանակցությունները եղել են ոչ արդյունավետ, որ վերջնական, ոչ ամբողջական և ոչ հեռատես: Փակուղի դեռ չէ, բայց որ կոնֆլիկտը սրվում է այս արձանագրությունների շուրջ, ակնհայտ է, որովհետև արձանագրությունները տարընթերցման հնարավորություն են տալիս»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով ՀՀ նախագահի` երեկ Թուրքիայի նախագահին հղած ուղերձին` Վահան Հովհաննիսյանն ասաց, որ նախագահները իրենց ճամփորդությունների ընթացքում բազմաթիվ երկրների օդային տարածքով են թռչում, բայց այդ երկրների ղեկավարներին հատուկ ուղերձներով չեն դիմում: Հետևաբար, Վահան Հովհաննիսյանը եզրակացնում է, որ այդ ուղերձով Սերժ Սարգսյանը փորձել է Աբդուլլահ Գյուլին հիշեցնել, որ այսօր քայլ անելու հերթը Թուրքիայինն է:
«Իր ուղերձում կա մի նախադասություն, որ խոսում է ձախողման վտանգի մասին: Փաստորեն զգուշացնում է, որ այս ամբողջ գործընթացի ձախողման հնարավորություն նույնպես կա, և Թուրքիան պետք է հասկանա, որ այդ ձախողման պատճառը կարող է ինքը դառնալ: Այս ամենը, իհարկե, տողատակերում է, սակայն ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այդպիսի ուղերձը կարելի է համարել ընդունված պրակտիկա, բայց ոչ պարտադիր»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Լրագրողներից մեկը նշեց, որ Թուրքիայի արտգործնախարարն արդեն անդրադարձել է ուղերձին և մատնանշել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, թե իբր հայկական կողմը նախապայմաններ է առաջ քաշում: Եթե երկկողմանի մեղադրանքները շարունակվեն, հնարավո՞ր է, որ արձանագրությունների վավերացումը ձախողվի: Վահան Հովհաննիսյանը պատասխանեց, որ արդեն որերորդ անգամ Թուրքիայի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հատուկ անդրադառնում են ՀՀ ՍԴ որոշմանը:
«Բոլոր նրանք, ովքեր համոզում էին մեզ, թե արձանագրությունների մեջ նախապայմաններ չկան, բռնվեցին: Եթե չկար, ապա ինչո՞ւ արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշումը առաջացրեց այդ ջղագրգիռ ռեակցիան: Որովհետև թուրքերը իրենց կողմից տեսնում էին նախապայմանները, որոնք իրենք էլ դրել էին: Երբ դա ՍԴ-ի որոշմամբ դժվարացավ (չէի ասի դեռ` անհնարին դարձավ), թուրքերը, բնականաբար, նեղվեցին, և այդ նեղացվածությունը արտահայտվում է նման հայտարարություններով»,- ասաց պատգամավորը:
Մինչդեռ, նրա համոզմամբ` հայկական կողմը միանգամայն իրավունք ունի նման հայտարարություններ անելու, քանի որ հենց մեզ են փորձում խաբել:
ՀՀ իշխանությունների այն հավաստիացումը, թե մինչև թուրքական կողմը չվավերացնի արձանագրությունները, հայկական կողմը չի անդրադառնալու դրանց, Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ, վատ դիրքորոշում չէ:
«Բայց մյուս կողմից էլ մեզ կաշկանդված է պահում այդ դիրքորոշումը, որովհետև վերջապես մենք կարող էինք ինքնուրույն սեփական քայլը անել, որովհետև մեզ համար ամենակարևոր փաստաթուղթը` ՍԴ վճիռը, արդեն կա: Այլևս մեր վավերացումը կամ չվավերացումը կամ վերապահումները կապել թուրքական կողմի գործողություններին, շատ էլ ճիշտ չէ: Մեր խորին համոզմամբ, ՍԴ որոշման այն տեսքը, որ այսօր գոյություն ունի, հնարավորություն է տալիս և նույնիսկ պարտավորեցնում է Ազգային ժողովին լինել շատ զգույշ և մերժել այս արձանագրությունները ընդհանրապես` չվավերացնելով դրանք: Սակայն եթե ինչ-ինչ պատճառներով վավերացնելու գնաց Ազգային ժողովը, ապա պետք է անպայման վավերացնի այն վերապահումներով, որոնք ՍԴ վճռի մեջ հստակ արձանագրված են»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
«Ես ճի՞շտ հասկացա, Դաշնակցությունը վերապահումներով վավերացման դեպքում կո՞ղմ կարտահայտվի»,- հարցրեց լրագրողներից մեկը:
«Չէ, Դուք ճիշտ չհասկացաք,- պատասխանեց Վահան Հովհաննիսյանը:- Ինչպե՞ս կարող եմ ես հիմա պատասխանել այդ հարցին: Վերապահումները պիտի տեսնես, չէ՞, այսինքն` ի՞նչ ձևով են արված այդ վերապահումները վավերացման պրոցեսում, ի՞նչ տեսք կունենան: Մեր որոշումը միայն դրանից կարող է կախված լինել: Ես հիմա չեմ քննարկի վավերացման բուն պրոցեսի հարցը, որովհետև ամեն ինչ կախված է ընթացքից»:
Լրագրողը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն արդեն բրոշյուրով տպագրել է հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ իր վերապահումները: ՀՅԴ-ն կվավերացնի՞ արձանագրությունները, եթե այդ վերապահումները հաշվի առնվեն: ԱԺ պատգամավորն ասաց, որ այդ բրոշյուրը լույս է տեսել, երբ արձանագրությունները դեռ ստորագրված չէին, և բրոշյուրում տպագրված վերապահումները պետք է արձանագրությունների մեջ մտցվեին մինչ ստորագրումը` բանակցությունների գործընթացում:
Վահան Հովհաննիսյանը լիովին համամիտ է երեկ Հրանտ Մարգարյանի արած այն հայտարարությանը, որ ամենաուշը մարտին Հայաստանը պետք է միակողմանի ձախողված համարի արձանագրությունները Թուրքիայի մեղքով:
«Այդ տեսակետը, որ հայտնել է Հրանտ Մարգարյանը, վերջապես չի ծնվել մամուլի ասուլիսի ժամանակ: Դա հստակ հետևանք է թե նախագահի, թե արտգործնախարարի և նրանց հետևից բազմաթիվ չինովնիկների հայտարարությունների, որոնք խոսել են ողջամիտ ժամկետի մասին, նույնիսկ ինչ-որ ժամանակահատվածներ են նշել: Օրինակ` նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը իր մի շարք ելույթների մեջ նույնպես մարտն է նշել որպես սահմանագիծ: Եթե մինչև մարտ Թուրքիան հարցին չի անդրադառնում, ուրեմն պարզ է, չէ՞` ինչու չի անդրադառնում: Որպեսզի Ապրիլի 24-ն անցնի: Եթե նա այդ ձևով է մոտենում հարցին, ուրեմն ձախողում է ամբողջ պրոցեսը: Ուրեմն էլ ի՞նչ հարաբերությունների բարելավման մասին կարող է լինել խոսքը: Ձախողում են պրոցեսը նրա՛նք, և Հայաստանը դրա մասին պետք է ասի: Մարտը պատահական ամսաթիվ չէ: Վերջապես այդ ողջամիտ ժամկետը ե՞րբ է ավարտվում»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել