Վարդենիսի տարածաշրջանում ապրում է հաշմանդամ երեխա ունեցող 230 ընտանիք
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում իրականացնում են «Կարում ենք ինքներս» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում անապահով և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար կկազմակերպվեն կար ու ձևի դասընթացներ:
Ծրագրի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց հասարակությանն ինտեգրումն է և նրանց ֆինանսական, հոգեբանական վիճակի բարելավումը:
Նշենք, որ Վարդենիսը ՀՀ հեռավոր տարածաշրջաններից է, որտեղ ապրում են հաշմանդամ երեխա ունեցող 230 ընտանիքներ և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երիտասարդներ։ Աշխատատեղերի բացակայության պատճառով նրանք չեն կարողանում լուծել իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները: Շատ երիտասարդ աղջիկներ և կանայք չունեն մասնագիտություն և որևէ զբաղմունք: «Կարում ենք ինքներս» ծրագիրը մասնագիտական կրթություն կապահովի նրանց համար:
Ընտրված է այնպիսի մասնագիտություն, որն անհրաժեշտ է առօրյա կյանքում: Ունենալով դերձակի մասնագիտություն` նրանք կարող են գտնել աշխատանք կամ ստեղծել արհեստանոցներ և ունենալ սեփական բիզնես:Դասընթացի ավարտին կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն դասընթացի մասնակիցների աշխատանքները։
««Աստղավարդ» ՀԿ-ն այն 8 կազմակերպություններից է, որոնք հաղթել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կրթության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար հայտարարված դրամաշնորհների բաց մրցույթի արդյունքում»,- տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամիը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել