HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ինչի՞ մասին չեն երազում լեզգիներն ու թալիշները

Եվ ինչի՞ են հանգեցնում Ալիևի և Աբիևի հայտարարությունները «Կանխատեսում ես չեմ կարող անել, որովհետև բանակցային պրոցեսի մասնակից չեմ: Բայց առաջարկություն անել կարող եմ, և առաջարկությունս հենց դա է` լրջորեն զբաղվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքի վերաբնակեցումով, զարգացումով և բացարձակապես դադարեցնել որևէ միակողմանի զիջումների տանող փաստաթղթերի քննարկում»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, երբ լրագրողները խնդրեցին կանխատեսում անել Արցախի հարցի վերաբերյալ: Վահան Հովհաննիսյանը հավելեց, որ Հայաստանի ոչ մի նախագահ, ոչ մի իշխանության իրավունք չունի միակողմանի, չհիմնավորված զիջումների գնալ: Ուստի պատգամավորը բոլոր հայ պաշտոնյաներին հորդորեց ընդհանրապես դադարեցնել ազատագրված հայկական հողերը թշնամուն հանձնելու մասին խոսակցությունները: «Բացարձակապես այդ թեման այլևս չպետք է քննարկվի ոչ մի պարագայում, առավել ևս երբ ադրբեջանական կողմից նրանց փոխզիջման մասին որևէ հստակ պատկերացում դեռևս չի տրվել: Բանակցությունները, իհարկե, պետք է շարունակվեն, բայց կարծում եմ` ուրիշ կոնտեքստում, և շատ կարևոր կլինի, որ այդ բանակցություններին միանար նաև Լեռնային Ղարաբաղը»,- ասաց բանախոսը: Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Հայաստան-Ադրբեջան պատերազմի վերսկսումը` Վահան Հովհաննիսյանն ասաց, որ եթե 2 երկրի միջև չկա խաղաղության մասին հստակ պայմանագիր, ուրեմն պատերազմի վտանգ միշտ կա: «Պրոբլեմն այն է, որ ի հեճուկս բոլոր հայտարարությունների, որ անում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց հասարակության և բանակի` պատերազմին պատրաստ լինելու հանգամանքը խիստ կասկածելի է, որովհետև ի վերջո, չնայած բոլոր էթնիկ ճնշումներին` Ադրբեջանը բազմազգ երկիր է: Եվ չեմ կարծում, որ, օրինակ, լեզգիները կամ թալիշները երազում են իրենց զավակներին ղրկել Ղարաբաղի լեռները մեռնելու»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է բուն ադրբեջանցիներին` թուրքերին, պատգամավորը նշեց, որ շատ կարևոր է, թե ինչ են խոսում նրանք իրենց խոհանոցներում: Վահան Հովհաննիսյանի խոսքերով` ստուգված աղբյուրներից տեղեկատվություն ունեն այն մասին, որ հիմա ադրբեջանական երիտասարդների նոր հոսք է սկսվում դեպի Ռուսաստան և Ուկրաինա: «Այսինքն` Ալիևի կամ Աբիևի յուրաքանչյուր ռազմատենչ հայտարարության արդյունքում ադրբեջանցի երիտասարդների մի զանգված անմիջապես երկիրը լքելու միջոցներ է որոնում, որովհետև ոչ ոք չի ուզում ծառայել, մանավանդ պատերազմի ժամանակ ծառայել այնպիսի բանակում, որտեղ սպաները սպանում են զինվորներին, զինվորները` սպաներին, և որտեղ մի զույգ զինվորական կոշիկը մոտավորապես այնքան արժի, ինչքան, ասենք, եվրոպական լավ, մոդայիկ կոշիկները: Նրանք այդ գնով են ամեն ինչ առնում»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա` Ադրբեջանի ռազմական բյուջեն չափազանց ուռճացված է, իսկ Ադրբեջանի սպայական կազմն այսօր ֆանտաստիկ արագությամբ հարստանում է զինվորների համար գնումներ անելու հաշվին: Պատերազմի պատրաստ չէ նաև Ադրբեջանի ենթակառուցվածքը: «Հիմա ասել, որ Հայաստանը ամբողջությամբ պատրաստ է, դա էլ իհարկե ճիշտ չի լինի, բայց հայերը այլ մոտիվացիա ունեն այս պատերազմում: Մենք գիտենք, որ նրանք գալիս են մորթելու: Եվ ուրեմն հայկական բանակը և ժողովուրդը կանգնելու են այնպես, ինչպես վերջին անգամ: Եվ ես չեմ կարծում, որ ադրբեջանցիներին կհաջողվի հեշտ հաղթանակ տանել կամ ընդհանրապես հաղթանակ տանել: Այնպես որ, չեմ կարծում, որ նման անխոհեմ քայլի գնան»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հայկական կողմը ավելի խեղճ կեցվածք չի՞ ստանում այն պատճառով, որ ոչ մի պատասխան չի տալիս ադրբեջանցիների ռազմատենչ հայտարարություններին` Վահան Հովհաննիսյանն ասաց, որ այդ հարցը պետք է ուղղել հայկական կողմին: «Հայկական կողմը միջազգային կազմակերպություններում, տարբեր տիպի կոնֆերանսներում, հրապարակումներով կարծես թե ամոթխած հարսի կեցվածքով փորձում է իրեն եվրոպացի ու զուսպ ցույց տալ` չհասկանալով, որ եվրոպացի պիտի եվրոպացիների հետ լինես. թուրքերը ուրիշ լեզու են հասկանում: Այս առումով, ես կարծում եմ, որ իհարկե թե քարոզչական առումով և թե վճռականությունը ցույց տալու առումով ավելի պինդ կեցվածք է անհրաժեշտ»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter