Նոր ծրագիրը կնպաստի հայ-իրանական մշակութային համագործակցության զարգացմանը
Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԻԻՀ Նախագահի խորհրդական, ԻԻՀ մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մեհդի Մոստաֆավիին։
Ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել ՀՀ եւ ԻԻՀ միջև մշակութային կապերի ամրապնդումը` նշելով, որ ժամանակակից աշխարհի խնդիրներից շատերի լուծման բանալին գտնվում է հոգեւոր, մշակութային ոլորտում։
Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` Տ. Սարգսյանը կարեւորել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ պաշտոնական այցերը, այդ թվում նշելով նաեւ վերջերս Երեւանում տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը` ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի համանախագահությամբ։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ այս օրերին Թեհրանում կազմակերպվող ARMEX 2010 տնտեսական ֆորումին` Հայաստանի եւ Իրանի գործարարների մասնակցությամբ։
Անդրադառնալով հայ-իրանական մշակութային հարաբերությունների ներկայիս մակարդակին` զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ «ՀՀ մշակույթի նախարարության եւ ԻԻՀ մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպության միջեւ 2010-2012 թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագրի ստորագրումը նոր խթան կհանդիսանա փոխհամագործակցության հետագա զարգացման համար։
Տիգրան Սարգսյանը գոհունակությամբ է խոսել Իրանի տարածքում հայկական պատմական եւ հոգեւոր կենտրոնների պահպանման հարցում ԻԻՀ պատկան մարմինների գործունեության մասին։ Վարչապետը բարձր է գնահատել նաեւ Իրանի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ եւ օգտվելով առիթից` շնորհավորել է իրանական պատվիրակությանը Իսլամական հեղափոխության հաղթանակի 31-րդ տարեդարձի կապակցությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել