HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Իրար հետ կապ ունե՞ն դաշնակցականների և Ռոբերտ Քոչարյանի այցերը Իրան

Մի քանի դաշնակցականների վերջերս կատարած այցը Իրան կա՞պ ուներ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իրան կատարած այցի հետ: Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով այս հարցին` Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց, որ բնականաբար ոչ մի կապ չուներ, և այդ այցերը պարզապես համընկել են: «Շատ հետաքրքիր հարց է դա: Մի անգամ դա տվել են Արծվիկ Մինասյանին, ու նա ասել է` ոչ: Հիմա Դուք ստուգում եք` նա ճի՞շտ է ասել, թե՞ չէ: Մենք ունենք մեր կուսակցական ծրագրերը, ունենք Հայ դատի գրասենյակներ, ունենք բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, տարբեր տեսակի կառույցներ ամբողջ աշխարհում, և աշխատում ենք: Օրինակ` մի քանի օր հետո մեր պատգամավոր Ռուզան Առաքելյանը մեկնելու է Լոնդոն: Հետո կգա, ու Դուք կհարցնեք` դա կապ ունե՞ր Սերժ Սարգսյանի այցի հետ»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի` Իրան կատարած այցը` նա նշեց, որ զարմանալ պետք չէ, քանի որ նախագահները նախկին չեն լինում, և, օրինակ` Քլինթոնին կարմիր վերնաշապիկով կարելի էր տեսնել Հաիթիի օդանավակայանում: Նախկին նախագահները, նույնիսկ նախկին արտգործնախարարները որոշակի պարտավորություններ ու դերակատարություն ունեն: «Ինչո՞ւ պիտի Հայաստանի երկրորդ նախագահը, որը բավականին ակտիվ և արդյունավետ արտաքին քաղաքականություն է վարել, հիմա չօգտագործի իր հնարավորությունները` Հայաստանին օգուտ բերելու համար: Եթե ինչ-որ տեղից դրան խանդով են նայում... Առաջին նախագահը ամեն օր է դա անում: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը թռնում է արտասահման, դուք ինչո՞ւ չեք հարցնում` ո՞ւմ հետ հանդիպեց, ի՞նչ արեց, ինչո՞ւ գնաց: Չեք հարցնում: Դուք վախենում եք հարցնելուց»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: Անդրադառնալով այն հարցին, թե Իրանն ի՞նչ դեր ունի հայ-թուրքական գործընթացում և ԼՂՀ կարգավորման խնդրում` ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ Իրանն այնքան լուրջ պրոբլեմներ ունի Արևմուտքի հետ, որ այդ խնդիրներում ակտիվ դերակատարություն ստանձնելու փորձերը արդյունավետ չեն կարող լինել: «Վատ չէր լինի, եթե Իրանը իսկապես անշահախնդիր, չեզոք միջնորդի դերակատարություն կարողանար ունենալ, բայց ես կարծում եմ, որ դա այս պահին հնարավոր չէ: Եվ այն պայմաններում, երբ Ռուսաստանը, որը բուֆեր էր Իրանի և արևմտյան աշխարհի միջև, հիմա ակնհայտորեն հակաիրանական դրսևորումներ ունի, չեմ կարծում, որ Իրանին հաջողվի այդպիսի դերակատարություն ստանձնել»,- ասաց բանախոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter