90 մլն դրամի չարաշահում` Շիրակի մարզում
Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներում 2007 թ. հունվարի 1-ից 2009 թ. հունվարի 1-ը Վերահսկիչ պալատի կատարած ստուգումները բացահայտել են 90 մլն 79,9 հազար դրամի չարաշահում: Հիմնականում ստուգումներ են անցկացվել կրթական համակարգում, քաղաքաշինության բնագավառում: Խոշոր չարաշահումներ են հայտանաբերվել հողերի վարձակալության հետ կապված:
Այս մասին հայտնեց ՎՊ 4-րդ վարչության պետ Արայիկ Ներսիսյանը ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի փետրվարի 10-ի արտագնա նիստում, որը տեղի ունեցավ այսօր Գյումրիում:
Շիրակի մարզում իրականացված 58 շինարարական ծրագրերից, որի համար հատկացվել էր 2 մլրդ 245 մլն դրամ, ստուգվել են 17-ը: Արդյունքում հայտնաբերվել է 54 մլն 810 հազար դրամի խախտում: Հիշյալ 17 ծրագրի իրականացման համար հատկացվել էր 1 մլրդ 948 մլն դրամ: Մարզում ստուգվել է 17 դպրոց, արձանագրվել է 11 մլն դրամի խախտում:
Նպաստների հետ կապված` 8 մլն 467 հազար դրամի հավելագրում է արձանագրվել մարզի կտրվածքով: «Եվ սա ընդամենը կազմում է 20 տոկոսը մեր ստուգումների,- զեկուցողին լրացրեց Իշխան Զաքարյանը,- եթե սրան ավելացնենք նաեւ «Պառնաս» ծրագրով հայտնաբերված գումարը, ապա ավելի մեծ թիվ կստացվի: Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ 8 մլն-ի հավելագրում է կատարվել Շիրակի մարզում, այդքան գումար ավել է վճարվել նպաստառուներին, եւ այն ենթակա է հետգանձման»:
Ամփոփելով զեկույցը` Արայիկ Պետրոսյանը նշեց, որ հայտնաբերված 90 մլն դրամից 77 մլն-ը ենթակա է վերադարձման:
Գյումրու քաղաքապետարանի կողմից բյուջետային միջոցների օգտագործման, համայնքային բյուջեի մուտքերի ապահովման, ինչպես նաեւ համայանքային սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը ներկայացրեց 3-րդ վարչության պետ Գեղամ Հովեյանը: Ներկայացված թվերը վերաբերում էին 2007-ից 2008 թթ. եւ 2009 թ. 9 ամիսների բացահայտումներին: Համաձայն ստուգման արդյունքների` Գյումրիի քաղաքապետարանում չարաշահումների թիվը կազմել է 437 մլն 477 հազար դրամ, որից 203 մլն-ը արդեն վերականգնվել է: Չարաշահումներ հիմնականում գրանցվել են հողերի եւ շենքերի օտարման, գույքի գրանցման, ինքնակամ կառույցների օրինականացման եւ այլ ոլորտներում:
Պարզվել է, որ քաղաքում տարիներ շարունակ գործող «Վենեցիա», «Խաչմերուկ», «Կումայրի» ռեստորանները գրանցված չեն եւ հարկ չեն վճարում: Այս փաստն արձանագրվել է գույքահարկի բազան ստուգելիս: 30 մլն դրամ հողի հարկ չի մուքագրվել տեղական բյուջե: Տեղական տուրքերի դրույքաչափերի հետ կապված ստուգումներից պարզվել է, որ այստեղ էլ կան բացթողումներ: Արդյունքում համայնքի բյուջե մուտք չի գործել 38 մլն դրամ:
Գյումրիում օտարված 723 հողատեսքերից 43-ն օտարվել է ցածր ինքնարժեքով: Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Գյումրի-1» սոցիալական ծառայությունում գրանցած նպաստառուներից 136 ընտանիք թաքցրել է իր եկամուտները: 166 նպաստառու ընտանիք էլ հայտնաբերվել է «Գյումրի-2» սոցծառայությունում: Ընդհանուր հաշվով` 21 մլն դրամի վնաս է հասցվել պետությանը:
Անցնող տարում սեփական եկամուտների հավաքագրման առումով Գյումրին այնքան էլ փայլուն ցուցանիշներ չուներ. ընդամենը 77 տոկոս հավաքագրում էր ապահովել: Թերի աշխատանքը քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բացատրում է այն լիազորություներով, որ ինքն ունի: «Բացի Երեւանից, հանրապետության մյուս քաղաքների քաղաքապետերի լիազորությունները հավասարեցված են գյուղապետերի լիազորություններին,-դժգոհեց Վ.Ղուկասյանը,- լծակներն են քիչ: Մենք էլ աշխատում ենք մեր հնարավորություների չափով: Թերացող բաժնի պետերից 3-ին արդեն ազատել եմ աշխատանքից: Հնարավոր է` մնացածները սա տեսնելով ավելի ձգվեն»:
ՎՊ-ն ժամանակ տվեց մինչև մարտի 1-ը, որպեսզի «չարաշահված» գումարները վերականգնվեն, հակառակ դեպքում «մեղավորները կպատժվեն և չարաշահում թույլ տվողների գործերը կհայտնվեն դատախազությունում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել