Լոռիում համայնքապետերը հոգսերը թեթեւացնելու «հնարամիտ» եղանակ են գտել
Փետրվարի 9-ին Լոռու մարզխորհրդի նիստում լսվեց մարզպետ Արամ Քոչարյանի 2009 թ. աշխատանքային գործունեության տարեկան հաշվետվությունը: Նիստը ղեկավարում էր Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ում բացման խոսքում հիշարժանը մարզխորհուրդների վերաբերյալ նրա նոր մոտեցումն էր. «Նախ` ուզում եմ իմանաք, որ մենք այսուհետ մեծ նշանակություն ենք տալու այս կառույցին` մարզային խորհուրդներին, եւ մեր ձգտումն է, որպեսզի մարզային խորհուրդները դառնան մարզի կյանքին առնչվող այն հարթակը, որտեղ քննարկվելու են մարզի կարեւորագույն հիմնախնդիրները: Կարծում եմ, որ այս առիթը` մարզպետի հաշվետվությունը, լավագույն օրինակներից է, երբ կարող ենք այդ խնդիրը լուծել, մարզխորհուրդների վերաիմաստավորման առումով»:
Ցավոք, մարզպետ Արամ Քոչարյանին իր տարեկան հաշվետվությամբ չհաջողվեց վերաիմաստավորել իր ղեկավարած մարզխորհրդի գործելակերպը, քանի որ խորհրդի անդամները չքննարկեցին մարզպետի տարեկան հաշվետվությունը: Հաշվետվությունը, թեեւ կառուցված էր հիմնականում համայնքների սեփական հարկային եկամուտների հավաքագրման հենքի վրա, սակայն չէր արտացոլում մարզի իրական վիճակը: Այն հեղեղված էր թվերով, զուրկ էր վերլուծությունից: Հաշվետվության նախաբանում ներկայացված մարզպետարանի կողմից 2009 թ. տարածքային կառավարման իրականացման հիմնական դրույթներում տեղ գտած փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման, մասնավոր գյուղացիական տնտեսություններին վարկերի հատկացման, նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով աղքատության մակարդակի իջեցման եւ մարզի բնակչության կենսամակարդակի բարձրացման շատ հիմնախնդիրներ դուրս էին մնացել հաշվետվությունից:
Համայնքների բյուջետային գործընթացները ներկայացնելիս մարզպետը բառացիորեն անտեսել էր բյուջեի կենսական` ծախսային մասը: Պարզվեց` մարզի 113 համայնքներ 2009 թ. պլանավորված 4 մլրդ 916 մլն հարկային մուտքերի փոխարեն հավաքագրել են 4 մլրդ 580 մլն դրամ, որից 1 մլրդ 400 մլն դրամը կազմում են համայնքների սեփական հարկային եկամուտները: «Մնացածը պետական համահարթեցման ճանապարհով համայնքներին տրված դոտացիան է»,- բացատրեց մարզպետը:
Համայնքները թերացել են սեփական հարկային եկամուտների հավաքագրման գործում, եւ դրանց պլանը կատարվել է 81%-ով` նախորդ տարվա 65%-ի փոխարեն: Մարզպետը հայտնեց, որ թեեւ մարզի համայնքների եկամուտների հավաքագրումը մյուս մարզերի եւ հանրապետական միջին ցուցանիշներից ցածր է, այդուհանդերձ 2009 թ. մարզի համայնքներում հարկային եկամուտների հավաքագրման աննախադեպ աճ է արձանագրվել: Զավեշտական էր այն փաստը, որ հարկերի հավաքագրման առումով մարզում առաջատար ու բարձր ցուցանիշներ են արձանագրել Թումանյանի տարածաշրջանի համայնքները, որտեղ հարկատու գյուղացիների վիճակն ամենից ծանրն է:
Ակնհայտ էր, որ մարզի ճարպիկ համայնքապետերից շատերը գտել էին բյուջեի հարկային եկամուտների աննախադեպ հավաքագրման սեփական եղանակը: Օրինակ` Ալավերդու քաղաքապետը 2008 թ. հողի հարկի պլանավորված 16,1 մլն դրամ եկամուտների փոխարեն 2009 թ. պլանավորել էր 10 մլն դրամով պակաս` 6,2 մլն եւ հայտնվել 2009 թ. սեփական հարկային եկամուտների աննախադեպ աճ արձանագրած համայնքապետերի ցուցակի 2-րդ հորիզոնականում: Ալավերդու քաղաքապետի փորձը օգտագործել էին նաեւ մյուս համայնքապետերը, որի արդյունքում էլ թումանյանցիները հարկահավաքության գործում արձանագրել են 138,7% աճ եւ գրավել առաջին տեղը: Սպիտակի տարածաշրջանում արձանագրվել էր մոտ 120,7% աճ, Գուգարքում` 123,6% աճ, Տաշիրում` 117,8% աճ, Ստեփանավանում` 117,3% աճ:
«Մարզի մի շարք համայնքներ` թվով 23, 2008 թ. համեմատությամբ նվազեցրել են սեփական հարկային եկամուտների հավաքագրման ծավալները, որը նաեւ ազդել է ընդհանուր ցուցանիշի վրա: Եթե 23 համայնքները գոնե ապահովեին 2008 թ. մակարդակը, ապա մարզի համայնքները 90%-ից ավելի սեփական հարկային եկամուտների հավաքագրում կունենային, որն արդեն կնշանակեր, որ շատ ավելի լավ ենք աշխատել: Ցավոք սրտի, այդպես չէ: Ցույց տվեք այդ 23 համայնքները, որոնք, իրոք, իջեցրել են իրենց ցուցանիշներ»,- հրահանգեց մարզպետը:
Մարզում հարկահավաքության առումով ամենաթերին հողի հարկի հավաքագրումն է, որը 2009 թ. կատարվել է 78,5 %-ով` նախորդ տարվա 51,1%-ի փոխարեն: Հողի հարկի հավաքագրումը հատկապես վատ է Տաշիրի տարածաշրջանում` 54,6%: Մարզպետը մի կողմից ոգեւորվում էր բյուջեի եկամուտների հավաքագրման աննախադեպ աճով, մյուս կողմից տեղեկացնում էր, որ մարզի 105 գյուղական համայնքներում 2009 թ. 6103 հա հողատարածքում է ընդամենը կատարվել աշնանացան, որը չափազանց ցածր ցուցանիշ է, 29 գյուղական համայնքներ ենթարկվել են դաժան կարկտահարության: Այս եւ այլ փաստեր ակնհայտորեն խոսում են համայնքներում գյուղացիների ծանր վիճակի մասին: Գույքահարկի պլանավորված 449 մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 440 մլն դրամ հարկային եկամուտներ: Պահուստային հողերի վարձակալության եւ գույքի վարձակալության գումարների գանձումը կատարվել է 69%-ով:
Մարզում աշխատավարձի եւ սոցվճարների պարտքը 2009 թ. սկզբին կազմել է 70 մլն դրամ, որից տարվա ընթացքում մարվել է 45մլն դրամը: Ալավերդի, Աթան, Ուրասար, Ահնիձոր, Արեւածագ համայնքները մարել են իրենց աշխատավարձի պարտքերը: Աշխատավարձի պարտքը 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 24 մլն դրամ: Աշխատավարձի եւ սոցվճարների պարտքեր ունեն 21 համայնքներ: Մարզպետը հաշվետվության մեջ անդրադաձավ մարզի գյուղատնտեսության, արդյունաբերության, քաղաքաշինության, աղետի գոտու վերականգնման եւ մյուս խնդիրներին: Նշեց, որ մարզի արդյունաբերական ձեռնարկությունները 2008 թ. համեմատությամբ 2009 թ. 110,3% արտադրանքի ծավալների աճ են արձանագրել: Առաջատար են եղել Ալավերդու «Էյ-Սի-Փի»-ն, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, «Ավտոգեն» ՍՊԸ-ն:
Արամ Քոչարյանն իր դժգոհությունը հայտնեց Վանաձորի «Քիմպրոմում» տիրող վիճակի մասին: Խոսելով մարզի քաղաքաշինության ոլորտի մասին` Արամ Քոչարյանը հայտնեց, որ 2009 թ. այս ոլորտում ներդրվել եւ իրականացվել են 13 մլրդ 337 մլն դրամի աշխատանքներ. «Աննախադեպ աճը պայմանավորված է առաջին հերթին աղետի գոտու վերականգնման ծրագրով»,- ասաց նա:
Մարզի ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների վերանորոգման եւ պահպանման գծով կատարվել են 3.201.011 մլն դրամ գումարի աշխատանքներ, որից 2.271. 011 մլն պետբյուջեի, իսկ 930.0 մլն-ը` Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Մարզային ավտոճանապարհների ընթացիկ պահպանման եւ շահագործման համար ծախսվել է 69,61 մլն դրամ: Մարզպետի 30 րոպե տեւած հաշվետվութունից հետո տարածքային կառավարման նախարարին համայնքների հիմնախնդիրների մասին հարցեր ուղղեցին մարզխորհրդի նիստին մասնակցող համայնքապետերը: Դրանք հիմնականում վերաբերում էին համայնքային ենթակայության ճանապարհների վերանորոգման, գազիֆիկացման եւ այլ խնդիրներին:
Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը խնդրեց նախարարին աջակցել 2010 թ. նախատեսված աղբավայրի կառուցման ֆինանսավորմանը: Սահմանամերձ Ջիլիզա համայնքի համայնքապետ Մհեր Վարդանյանը խնդրեց Արմեն Գեւորգյանին աջակցել Ջիլիզայի սահմանում անձնագրային կետ բացելու գործում, որին ՙվրացիների կողմից ընթացք չի տրվում՚: Նախարարը խոստացավ համանքապետերի կողմից բարձրացված հարցերը ըստ էության քննարկել եւ հնարավորության դեպքում լուծել:
Հաշվետվության մասին իր դիտարկումները հայտնեց տարածքային կառավարման նախարարը. «Ես անկեղծ ասեմ իմ անհանգստությունը. ես չեմ ցանկանա, որ ինչ-որ ժամանակ հետո մենք կանգնենք մի փաստի առաջ, որ զուտ հոգսերը թեթեւացնելու համար մեր համայնքների ղեկավարները, 2008 թ. համեմատ, ավելի քիչ հարկային եկամուտներ են նախատեսել, որ տարվա վերջին ավելի հեշտ կատարեն այն: Սա, ճիշտն ասած, ոչ ինձ, ոչ մարզպետին, ոչ էլ ձեր ազգաբնակչությանը պետք չի: Ասեմ ինչից է առաջացել այս անհանգստությունը. երբ ցանկացա համեմատել 2008 թ. կատարողականները եւ 2010 թ. հաստատված բյուջեների թվերը, բացահայտվեց, որ 2009 թ. հավաքագրված հողի հարկի եւ գույքահարկի փաստացի ցուցանիշները ավելի քիչ են նախատեսվել: Սա բացատրություն չունի: Առավել եւս ինձ համար զարմանալի է, որ այս տարիներին, երբ 4 մլրդ-ով ավելացվում են պետության կողմից տրվող դոտացիաները, տեսնում եմ, որ մեր համայնքների բյուջեները վերջին տարիներին աճել են 2,6 մլրդ դրամով»:
Տարածքային կառավարման նախարարը հանձնարարեց Լոռու մարզպետին համայնքապետերի հետ քննարկել եւ օբյեկտիվորեն արտացոլել համայնքների սեփական եկամուտները եւ անհրաժեշտության դեպքում հանձնարարել համայնքների ավագանիներին բյուջեի սեփական եկամուտների գործում անհրաժեշտ փոփոխություններ կատարել: Ժամկետ տրվեց մինչեւ մարտի 1-ը: «Կարծում եմ` բավարար է, որպեսզի մենք ինքներս հասկանանք` որտե՞ղ են այն ռեզերվները, որ արտացոլված չեն համայնքների բյուջեներում»,-եզրափակեց նախարարը:
Մեկնաբանել
Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել